Լևոն Բաբաջանյան, Երևան, 5 Դեկտեմբեր 2021
«Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ… Բայց անցիր նրա երկիրը։ Ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր»
Դերենիկ Դեմիրճյան, «Հայը»
Դերենիկ Դեմիրճյանի՝ հային բնութագրող այս խոսքերը եկան մտքիս, երբ իմացա, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում նոյեմբերի սկզբին տեղադրել են ամենամեծ խաչը Հայաստանում՝ բարձրությունը 44 մետր։ Ըստ աղբյուրի՝ Երանոս համայնքի բնակիչներից մեկի խոսքով․ «Սարի սուրբ. Երանոս 44 մետրանոց սուրբ խաչը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին»։
Խաչի տեղադրումը սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում լայնորեն քննարկվեց։ Հաճախ էին հանդիպում քննադատություններ առ այն, որ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ինչպե՞ս կարելի է հայության առանց այն էլ սուղ միջոցները ծախսել հուշարձանների, կոթողների կամ եկեղեցիների շինարարության վրա, ինչպե՞ս կարելի է կրթական, գիտական, ռազմական, քաղաքաշինական և կենսական նշանակություն ունեցող այլ ոլորտների ֆինասնավորման փոխարեն, կառուցել եկեղեցիներ, հուշակոթողներ և այլն։
Հայաստանում գործող դրամատիրական, ազատ շուկայական հարաբերությունների համատեքստում իհարկե յուրաքանչյուրն ազատ է տնօրինել իր ֆինանսական միջոցներն այնպես, ինչպես որ ցանկանում է։ Եթե միջոցները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, ապա թվում է, թե ոչ ոք պետք է հարցեր չունենար առ այն, թե մարդիկ ինչի վրա կծախսեն իրենց միջոցները։ Կցանկանան՝ եկեղեցի կկառուցեն, կցականան՝ հուշակոթող, կցանկանան՝ դպրոց կամ այլ բան։ Սակայն, եկեղեցի և հուշակոթող կառուցելու մղումներն այդքան մտահոգիչ չէին լինի, եթե չլիներ պատերազմում կրած պարտության համատեքստը։ Հանրային միջոցները կրոնական և ծիսական կառույցների վրա ծախսելը քննադատության է արժանացել նաև մինչև պատերազմը, սակայն պատերազմում նաև ֆինանսական պատճառներով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի և այլ կենսական անհրաժեշտության միջոցների սղությունը կարծես թե է՛լ ավելի է ահագնացնում հանրային այդ հասկանալի վրդովմունքը։
Մյուս կողմից էլ հետպատերազմական հասարակություններին բնորոշ է կրոնական տրամադրությունների տարածումը։ Բանն այն է, որ մարդիկ պատերազմների ընթացքում կորցնում են իրենց հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, ծանոթներին։ Եվ կրոնական-ծիսական արարողությունները կարծես մեղմացնում են մարդկանց ցավը, նրանց օգնում են համակերպվել ծանր կորուստների հետ և շարունակել ապրել։ Սակայն, ապրելու համար նույնպես համապատասխան միջավայր է պետք։ Այդ միջավայրի ձևավորումը պահանջում է նաև որոշակի ֆինանսական ներդրումներ։ Իսկ ինչի՞ վրա են վատնվում ապրելու միջավայր ստեղծելու համար անհրաժեշտ միջոցները։ Այ սա է խնդիրը։ Ասվածի համատեքստում հուշակոթողների կամ եկեղեցիների կառուցումը ոչ թե խնդիր է, այլև խնդրի ախտանիշ, ցուցիչ է։
2017 թ․-ի հունվարին «Հետք» առցանց թերթը մի հետաքրքիր հոդված էր հրապարակել՝ «Անկախությունից հետո Հայաստանում ու Արցախում 100 եկեղեցի է կառուցվել. ծախսվել է ամենաքիչը 50 մլն դոլար» վերնագրով։ Ըստ հոդվածի տվյալների՝ Հայաստանում ամենահամեստ եկեղեցու շինարարությունը պահանջում է շուրջ 150-200 հազար ամերիկյան դոլար։ Սակայն, ակնհայտ է, որ անկախությունից հետո կառուցված 100 եկեղեցիներից ոչ բոլորի կառուցումն է արժեցել ընդամենը 150 հազար դոլար։ Որոշ եկեղեցիների շքեղությունից ակնհայտ է, որ դրանց կառուցումը արժեցել է տասնյակ անգամներով ավելի գումար։ Իհարկե հոդվածի հրապարակումից հետո էլ են կառուցվել եկեղեցիներ։
Երևի թե կարիք չկա հատուկ նշել, թե ինչերի վրա կարելի էր ծախսել եկեղեցիների կառուցման վրա վատնված գումարները։ Քանի կրթական հաստատություն կարելի էր վերանորոգել կամ կառուցել, քանի գիտաշխատանոց կամ կենտրոն կարելի էր կառուցել, կարելի էր հարցադրում անել նաև, թե քանի ժամանակակից զինատեսակ կարելի էր գնել այդ գումարներով, ինչի կարիքն այդքան զգացվում էր պատերազմի ընթացքում։ Սակայն, իրականում խնդիրն անգամ այդ գումարների խելամիտ և արդյունավետ ծախսելն էլ չէ։ Խնդիրն ավելի շատ ընկերա-մշակութային է։
21-րդ դար մեր հասարակության մեծ մասը մուտք է գործել կրոնական կարծրատիպերով և մտակառույցներով։ Այսօր արդեն առավել կենսունակ և մարդակենտրոն են այն հասարակությունները, որտեղ որոշում կայացնողները գիտակցում են կրթության և գիտության կարևորությունը հասարակության զարգացման գործում, որտեղ «փրկություն» փնտրում են ոչ թե «այն աշխարհում», այլ՝ «այս աշխարհում», որտեղ իմաստներ և արժեքներ «արտադրվում են» ոչ թե եկեղեցու պատերի, այլ համալսարանական և գիտական կենտրոնների պատերի ներսում։ Իսկ համալասարաններն ու գիտական կենտրոնները ինքնաբավ զարգացող կառույցներ չեն։ Հաճախ այդ կենտրոնների զարգացման համար պահանջվում են մեծ ներդրումներ, որոնք ոչ միշտ են արվում պետության կողմից։
Հասարակության «շարքային» անդամները, «շարքային» քաղաքացիները պետք է գիտակցեն, թե որտեղ է այսօր արժեքավոր ներդրումներ կատարել, որտեղ՝ ոչ այդքան։ Մեր հասարակության անդամներից ոմանք իսկապես հասկանում են, թե որքան կարևոր է յուրաքանչյուր լումայի նպատակային և արդյունավետ ծախսը։ Սակայն, ցավոք սրտի, այդ գիտակցողներից քչերն ունեն նման մեծ միջոցներ։ Իսկ նրանք, ովքեր ունեն այդ միջոցները, հաճախ չեն էլ գիտակցում կրթության և գիտության զարգացման կարևորությունը, կամ էլ պարզապես չգիտեն, թե ինչպես նպաստեն դրան, չգիտեն ինչը և ինչպես ֆինանսավորեն։ Այստեղ արդեն մեծ գործ ունեն անելու և՛ պետական այրերը, և՛ կրթական հաստատությունների ներկայացուցիչները, և՛ պարզապես շարքային քաղաքացիները։