Լևոն Բաբաջանյան, Երևան, 9 Հոկտեմբեր 2021
Արցախյան երկրորդ պատերազմից հետո արդեն շատերի համար ակնհայտ դարձավ, որ մեր հասարակությունը «արդիականացման» կարիք ունի։ Լայն իմաստով «արդիականացումը» հասարակության՝ ժամանակակից քաղաքակրթության զարգացման տեմպերին (չափ) և սկզբունքներին համապատասխանեցման փոխակերպումների գործընթացն է։ Ասվածը վերաբերում է ինչպես հասարակական կյանքի տնտեսական, այնպես էլ քաղաքական, կրթական-գիտական, մշակութային և այլ ոլորտներին։
Լայնորեն տարածված կարծիք կա, որ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք բավարար չափով տեխնոլոգիապես զարգացած չէինք, մեր զենքերը արդիական չէին, ռազմական գործը գիտահեն չէր և այլն։ Սա իհարկե փաստ է, բայց մեր պարտության պատճառներից ընդամենը մեկն է։ Պարտության գործում ոչ պակաս որոշիչ դեր չի խաղացել նաև հայաստանյան հումանիտար գիտությունների և կրթության «ժամկետանց» լինելը։ Բնագիտական գիտությունների և կրթության զարգացումը կամ արդիականացումը թեև իսկապես շատ կարևոր է, բայց այդ կարևորությունը չափազանցված է, երբ այն համեմատում ենք հումանիտար գիտությունների կարևորության անտեսման փաստի հետ։ Սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ առաջին հայացքից չի երևում, թե ի՞նչ կապ ունի հումանիտար և հասարակական գիտությունների կամ կրթության զարգացումը պատերազմում պարտության կամ հաղթանակի հետ։ Փորձենք հասկանալ։
Հումանիտար գիտությունները՝ փիլիսոփայությունը, քաղաքագիտությունը, ընկերաբանութիւնը (սոցիոլոգիան), իրավագիտությունը, պատմագիտությունը, մշակութաբանությունը և այլն, ի տարբերություն բնագիտական գիտությունների, ոչ միայն նկարագրում են իրականությունը, այլև ինչ-որ առումով իմաստավորում, մեկնաբանում են այն։ Աշխարհում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական և ընկերամշակութային գործընթացների վերլուծությունը և մեկնաբանությունը հումանիտար գիտությունների տիրույթում գտնվող խնդիր է։ Եվ քաղաքական, աշխարհաքաղաքական գործընթացներում հասարակության արդյունավետ կողմնորոշվելն ուղղակիորեն կախված է տվյալ հասարակությունում քաղաքագիտական և քաղաքական փիլիսոփայական մտքի, տեսությունների արդիականացվածությունից։ Նույնը կարելի է ասել հասարակական կյանքին առնչվող բոլոր գործընթացների և դրանց ուսումնասիրությամբ և մեկնաբանմամբ զբաղվող համապատասխան հումանիտար գիտակարգերի մասին։ Այլ կերպ ասած՝ հասարակական-քաղաքական կյանքը վերլուծվում և իմաստավորվում է հումանիտար գիտությունների կողմից։
Խնդիրն այն է, որ հայաստանյան հումանիտար գիտակարգերի ու կրթության առաջ, ի տարբերություն բնագիտականի, ծառացած են շատ ավելի լուրջ մարտահրավերներ, քան զուտ ընկերային-տնտեսական կամ ֆինասնական մարտահրավերներն են։ Բանն այն է, որ բնագիտական գիտությունների և կրթության զարգացումը հիմնականում պայմանավորված չէ և չի եղել տվյալ ժամանակահատվածի հասարակական-քաղաքական հոսանքներով։ Անկախ այն բանից, թե ինչ գաղափարախոսությամբ է առաջնորդվում տվյալ քաղաքական իշխանությունը՝ ատոմի կառուցվածքը, կաթնասունների դասակարգման սկզբունքները, երկրաչափական թեորեմները դրանից չեն փոխվում։ Մինչդեռ թե ի՞նչ և ինչպե՞ս կդասավանդվի պատմությունը, հասարակագիտությունը, գրականությունը և այլն պայմանավորված է քաղաքական տվյալ իշխանության աշխարհայացքով և գաղափարախոսությամբ։ Այդ է նաև պատճառը, որ հայաստանյան հումանիտար գիտական միտքը աշխարհին համընթաց չի զարգացել մի ամբողջ խորհրդային շրջանում։
Մինչ ԽՍՀՄ-ից անկախանալը հայաստանյան հասարակությունը, ինչպես և այլ խորհրդային հասարակությունները, ենթակա էր խորհրդային գաղափարախոսության՝ մարքսիզմ-լենինիզմի քարոզչությանը։ ԽՍՀՄ-ում խստորեն վերահսկվում էր հումանիտար ոլորտում գաղափարների տեղապտույտը․ գոյություն ուներ այսպես կոչված՝ «այլախոհության» երևույթը, որով բնութագրվում էր ժամանակի իշխող գաղափարախոսության և կենսակերպի հետ անհամաձայնությունը, և որը դիտվում էր որպես խիստ դատապարտելի և բացասական երևույթ, երբեմն անգամ քրեորեն պատժելի էր։
Մենատիրական (ավտորիտար) և գաղափարախոսականացված ԽՍՀՄ-ի պայմաններում հասկանալի էր հումանիտար գիտությունների և կրթության նկատմամբ խիստ գրաքննությունն ու վերահսկողությունը։ Հայաստանն այս առումով ևս բացառաություն չէր կազմում ԽՍՀՄ պետությունների շարքում։ Ուստի հայաստանյան հումանիտար միտքը եթե անգամ զարգացավ էլ ԽՍՀՄ կազմում, զարգացավ միայն մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության և քաղաքական փիլիսոփայության հիմքերով։ Ընդ որում՝ հումանիտար գիտությունների զարգացման ընթացքը, գտնվելով խիստ վերահսկողության ներքո, ուղղորդվում էր, այսինքն՝ հումանիտար ոլորտի գիտնականը գիտեր, թե «ինչ կարելի է մտածել, իսկ ինչը՝ ոչ»։ Իսկ ակադեմիական ազատության բացակայության և գրաքննության պայմաններում հնարավոր չէ պատկերացնել գիտական որևէ զարգացում։ Մարքսիստական-լենինիստական գաղափարախոսությունը դարձել էր հումանիտար մտքի մամլիչը, հասարակական կյանքի բոլոր ոլորտների մեկնաբանության և իմաստավորման փորձերը անցնում էին այդ մամլիչի տակով։ Իսկ եթե այդ ամենին գումարում ենք նաև ԽՍՀՄ-ի մեկուսացվածությունը, ինչի հետևանքով հումանիտար ոլորտի գիտություններում գրեթե բացակայում էին միջազգային ակադեմիական և համալսարանական կապերը, և տեղի չէր ունենում մտքերի և գաղափարների ազատ փոխանակություն, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ինչպես էր աղճատվել խորհրդային հումանիտար միտքը։
ԽՍՀՄ փլուզումից հետո մարքսիզմ-լենինիզմն այլևս պարտադրվող գաղափարախոսություն չէր, և հասարակական, քաղաքական, մշակութային և տնտեսական նոր հարաբերություններում հայտնված հումանիտար ոլորտի մտավորականությունը պետք է փորձեր կապեր հաստատել մինչ այդմ փակ համարվող արտաքին աշխարհի՝ այսպես կոչված ազատական-ժողովրդավարական պետությունների հումանիտար ոլորտի հետ, բայց կանգնած էր օբյեկտիվ (առարկայական) երկու խանգարող գործոնի առաջ․ լեզուն և աշխարհայացքային և մասնագիտական կաղապարները։
Վաղուց արդեն համաշխարհային գիտական գրականության գերազանցող մեծամասնությունը գրված է անգլերենով, իսկ ԽՍՀՄ-ում գիտության լեզուն ռուսերենն էր։ Եվ նոր պայմաններում նոր գրականություն կարդալու համար մեր մասնագետներից շատերը պարզապես անգլերեն չգիտեին, իսկ հումանիտար մասնագիտական գրականության ռուսերեն թարգմանությունները շատ սահմանափակ էին և կաղապարված էին նաև քաղաքական որոշակի կողմնորոշմամբ։ Ընդ որում խնդիրն առկա է մինչ այժմ։ Թեև վերջին երեսուն տարիների ընթացքում հումանիտար գիտությունների ոլորտում արդեն իսկ տեղի է ունեցել որոշակի սերնդափոխություն, բայց նոր սերնդի հումանիտար ոլորտի գիտնականների գիտական աշխատանքների և վերլուծությունների աղբյուրները հիմնականում ռուսերեն են։ Եվ շատ հաճախ նույն քաղաքական և աշխարհքաղաքական կաղապարները, որոնք բնորոշ են ռուսական հասարակագիտական-փորձագիտական կամ հումանիտար ոլորտի շրջանակներին, բնորոշ են նաև մեր հումանիտար ոլորտի ներկայացուցիչներին։ Այստեղ երբեմն անգամ քաղաքական չէ խնդիրը, այլ զուտ լեզվի իմացությունից կամ տվյալ դեպքում այլ օտար լեզուների չիմացությունից բխող խնդիր է։
Երկրորդ խնդիրը, որի առաջ կանգնած են հումանիտար ոլորտի հայաստանյան մասնագետները, աշխարհայացքային և մասնագիտական կաղապարներ են։ Հայտնի է, որ գիտության զարգացումը տեղի է ունենում գիտական դպրոցի ժառանգականության սկզբունքով նաև։ Այսինքն՝ տվյալ գիտական սերունդը կրթում և ուղղորդում է նոր սերնդին՝ համապատասխան աշխարհի ճանաչողության վերաբերյալ իր աշխարհայացքի և փիլիսոփայության։ Հայաստանյան հումանիտար ոլորտի ներկայիս ավագ սերունդը խորհդրային կարգերի և գաղափարախոսության դաստիարակության, աշխարհայացքի և փիլիսոփայության «արտադրանքն» է։ Եվ այդ խորհրդային մասնագիտական, աշխարհայացքային, փիլիսոփայական ժառանգությունը փոխանցել է նոր սերնդին, և բնական է, որ ժառանգվել են մասնագիտական և աշխարհայացքային կաղապարները, ինչը հաղթահարելը շատ ավելի բարդ խնդիր է, քան զուտ լեզվի իմացության խնդիրը։
Ուստի հումանիտար գիտության և կրթության արդիականացման համար պետք է ազատվել «մեր մեջի խորհրդայինից»՝ աշխարհայացքից, քաղաքական փիլիսոփայությունից, մարդու և հասարակության տեղի և դերի մասին պատկերացումներից, ինչն իրականացնելու համար նախ պետք է միջազգային գործածություն ունեցող օտար լեզուներ սովորել։ Բայց ամենալուրջ խնդիրն այս դեպքում հենց այդ արդիականացման իրականացման գործընթացը կազմակերպելն է։ Այս խնդրին անպայման կանդրադառնանք հետագա գրվածքներում։