«Դասեր քաղել» պետք է, բայց ի՞նչ «դասեր»․․․

Լևոն Բաբաջանյան, Երևան, 22 Հոկտեմբեր 2021

Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան լրատվական միջոցներում շատ է խոսվում նաև «դասեր քաղելու» մասին։ Բազմաթիվ վերլուծաբաններ, հրապարակախոսներ և քաղաքական գործիչներ խոսում են այն մասին, որ պատերազմում պարտությունը մեզ պետք է «դաս լինի» և մենք  պետք է «դասեր քաղենք այդ պարտությունից»։ Մեր՝ դասեր քաղելու անհրաժեշտության մասին վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ հայտարարեցին անգամ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական շրջանակները։ Բայց քանի որ մեր հրապարակային գործիչները՝ քաղաքական գործիչները, հրապարակախոսները, քաղաքագետները, վերլուծաբաններն ու փորձագետները հաճախ ենթատեքստերով խոսելու հակումներ են դրսևորում, անհասկանալի է մնում, թե ի՞նչ դասեր քաղելու մասին է գնում խոսքը։ Թերևս միայն թշնամական պետությունների՝ մեզ ուղղված «դասեր քաղելու» կոչերն են հասկանալի․ զգուշացնում են, որ որևէ կերպ չփորձենք դիմադրել իրենց, հակառակ դեպքում նորեն կարող են դիմել հարցակման։ Վերջին դեպքը դնենք մի կողմ և փորձենք հասկանալ, թե ի՞նչ դասեր քաղելու մասին է խոսքը, փորձենք ընդհանրացնել այն «դասերը», որոնց կոչ են անում քաղել հրապարակային գործիչները։

Եվ այսպես, ընդհանրացնելով «դասեր քաղելու» մասին հայաստանյան լրատվադաշտում առկա հրապարակումները, «քաղվելիք դասերի» հայեցակարգը կարելի է դասակարգել երկու մեծ խմբի՝ «ներքաղաքական դասեր» և «արտաքին քաղաքական դասեր», որոնք իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի։

Սկսենք «ներքաղաքական դասերի» հայեցակարգի ձևակերպումից։ Ըստ այդմ՝ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը գերազանցապես պայմանավորված է Հայաստանի երեսունամյա անկախության շրջանի ներքաղաքական իրադարձություններով, ներքաղաքական և ներպետական համակարգային խնդիրներով։ Սակայն, հանրային քննարկման առարկա չէ «ներքաղաքական դասերի» վերաբերյալ մեկ ընդհանրական մոտեցում։ Դիտարկելով հրապարակախոսների ելույթները՝ կարելի է առանձնացնել «ներքաղաքական դասերի» վերաբերյալ երկու հակադիր հայեցակարգեր, որոնցից առաջինը պայմանականորեն կոչենք՝ «ժողովրդավարության վնասների դասերը», երկրորդը՝ «ժողովրդավարության բացակայության հետևանքների դասերը»։

Ընդհանրապես ժողովրդավարությունը լայն իմաստով հասարակության քաղաքական կառավարման մի մոդել է, որի դեպքում հասարակության անդամները հավասար հնարավորություն ունեն մասնակցելու հասարակական-քաղաքական կյանքին առնչվող որոշումների կայացմանը, և որոշումները կայացվում են քաղաքացիների ձայների թվական մեծամասնության սկզբունքով։ Ավելի նեղ իմաստով՝ ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կյանքի կազմակերպման մի մոդել է, որը հիմնվում է իշխանության թափանցիկության, հակակշիռների, ազատ և արդար ընտրության ինստիտուտի (հաստատութեան) կայացվածության և մի շարք այլ սկզբունքների վրա։ Այս ընդհանուր բնագրում (համատեքստում)՝ Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի ղեկավարած իշխանական համակարգն ավելի հեռու էր ժողովրդավարությունից, քան Ն․ Փաշինյանի իշխանական համակարգն է, քանի որ Փաշինյանի իշխանության օրոք հնարավոր է ընտրություններում ընդդիմադիր ուժերի հաղթանակը, ընտրությունները հանրության լայն զանգվածների շրջանում անվստահություն չեն հարուցում, գոյություն ունեն ընդդիմադիր զանգվածային լրատվամիջոցներ, համակարգային փտածութեան (կոռուպցիա) ցցուն օրինակներ չկան և այլն։

Սակայն, Ն․Փաշինյանի իշխանության համեմատաբար ժողովրդավարական լինելը միանշանակ դրական կերպով չի ընկալվում մի շարք հրապարակախոսների կողմից, հատկապես այն շրջանակների կողմից, որոնք հովանավորվում են Ռ․ Քոչարյանի և/կամ Ս․ Սարգսյանի և նրանց մերձավոր քաղաքական խմբերի (թիմերի) կողմից։ Ըստ այս ընդհանրական մոտեցման՝ Արցախյան պատերազմում պարտության պատճառը ամբողջատիրական (ավտորիտար) ուղղագիծ իշխանական համակարգի բացակայությունն էր, որի հետ է կապվում պետական հիմնարկների, հատկապես բանակի կառավարելիության խնդիրը։ Իհարկե սա առանձին քննարկման առարկա է, թե ընդհանրապես քաղաքական ո՛ր համակարգերում են պետական հաստատությունները ավելի կառավարելի։ Եվ նաև հարց է, թե արդյո՞ք Փաշինյանի իշխանությունը իսկապես ժողովրդավարական է, արդյո՞ք նույն Քոչարյանի և Սարգսյանի ամբողջատիրական իշխանական համակարգերն ավելի կառավարելի էին, թե պարզապես կար կառավարելիության կապկում (իմիտացիա), արդյո՞ք պարտության պատճառը իսկապես պետական հիմնարկների ոչ պատշաճ կառավարելիությունն էր, թե գոյություն ունեին նաև այլ պատճառներ։ Թերևս այս հարցերը հրապարակային քննարկումներում «ժողովրդավարության վնասների» մասին դասեր տվողները չեն նկատում կամ հմտորեն շրջանցում են։

Բարեբախտաբար պատերազմում պարտությունը «ժողովրդավարության բացակայության» հետ կապողները նույնպես լսելի են հրապարակային խոսույթում։ «Ժողովրդավարության բացակայությունից» դասեր քաղելու մոտեցումը հիմնված է այն համոզմունքի վրա, որ նախորդ իշխանությունների ոչ ժողովրդավարական և փտած (կոռումպացված) լինելն էր պատճառը, որ քսան տարվա ընթացքում պաշտպանական անհրաժեշտ միջոցառումներ չեն իրականացվել բանակում, ինչպես նաև պետական համակարգի այլ օղակներում ծաղկում է ապրել փտախտը, որի համակարգային լինելու պատճառով փտածութեան դրսևորումները չեն բացահայտվել և բանակը այս կամ այն կերպ թալանվել է։ Եվ դա է պատճառը, որ մեր զորքը պատերազմի ընթացքում և՛ տեխնիկապես, և՛ որակական այլ հատկանիշներով զիջում էր թշնամուն։ Իհարկե այս մոտեցման կողմնակիցները անտեսում են կամ չեն նկատում այն հանգամանքը, որ Փաշինյանը բավականին ժամանակ ուներ պետական համակարգի արատավոր բարքերն արմատախիլ անելու և պետական կառույցները իրավիճակին համապատասխան վիճակի բերելու համար։ Անշուշտ կան նաև Փաշինյանի իշխանության բացթողումները, տվյալ դեպքում ճակատագրական բացթողումները նկատողներ, բայց որոշակի (կոնկրետ) իրատեսական քայլերի մասին, «դասեր քաղելու» մասին իրապես փորձագիտական վերլուծությունները կամ բացակայում են, կամ հասարակական լայն շրջանառությունից դուրս են գտնվում։

Չնայած այն հանգամանքին, որ «արտաքին քաղաքական դասերի» մասին հրապարակումների պակաս չկա հրապարակային քննարկում, բայց այդ «դասերի» վերաբերյալ միանշանակ ընկալում նույնպես չկա։ Հրապարակային խոսույթում «արտաքին քաղաքական դասերի» վերաբերյալ մոտեցումները նույնպես առնվազն բաժանվում են երեք խմբի՝ «Ռուսաստանից հեռանալու դասեր», «Թուրքիայի հետ չխոսելու դասեր» և «երևակայական Արևմուտքի» հետ չմերձենալու դասեր»։

«Ռուսաստանից հեռանալու հետևանքներից» դասեր քաղելու քարոզիչները գործող իշխանություններին մեղադրում են այն բանում, որ վերջինները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալու առաջին իսկ օրերից վարել է «հակառուսական քաղաքականություն», ու սա իբր հիմնավորում են այն ենթադրությունով, որ Փաշինյանը իշխանության է եկել արևմտյան ինչ-ինչ ուժերի օգնությամբ՝ «պետդեպ», «սորոսականներ», արևմտյան երկրների դեսպանատներ և այլն, և այլն։ Իհարկե այս պնդումները հաճախ անհիմն են, բայց այստեղ ավելի էականն այն է, որ նման պնդումներով, նման ընդհանրացումներով միջազգային հարաբերությունների և ընդհանրապես աշխարհաքաղաքականության մասին ստեղծում են թյուր, պարզ և միաչափ պատկերացումներ՝ անտեսելով աշխարհաքաղաքական, ներքաղաքական, անձնական և շատ այլ շերտերի շահերի, դրդապատճառների խճճված կծիկը, որով պայմանավորվում է այս կամ այն պետության քաղաքականությունը՝ այս կամ այն խնդրի վերաբերյալ։ Բացի այդ, դա դեռ պետք է հիմնավորվի, որ Արցախյան պատերազմի ողբերգական հետևանքների իրական պատճառը «Ռուսաստանից հեռացումն» է, ինչպես նաև այն, թե իսկապես Նիկոլ Փաշինյանը «հեռացել է» Ռուսաստանից։

«Թուրքիայի հետ չխոսելու դասերից» հիմնականում խոսում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Ընդհանրացնելով այդ մոտեցման հիմնական դրույթները՝ կարելի է այն ձևակերպել հետևյալ կերպ․ ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր նախընտրական շրջանի իր ելույթում նշել․ «Ղարաբաղի հարցում մենք դաշնակիցներ չունենք», և հետևաբար Արցախի հարցի լուծման բանալին Ադրբեջանի և Թուրքայի հետ ուղղակի, չմիջնորդավորված և փոխզիջումային սկզբունքով բանակցություններն են։ Սակայն, այս «դասերի» հայեցակարգի գաղափարակիցների կողմից երբեմն անտեսվում է այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը վերջին քսանվեց տարվա ընթացքում, թեև Արցախի հարցի լուծման գործում գոնե հայտարարությունների մակարդակով ընդունելի է համարել փոխզիջումային տրամաբանությունը, սակայն հակամարտության ողջ ընթացքում կարծես պատրաստվել է պատերազմի, ինչի վկայությունն են ադրբեջանական հանրակրթական համակարգում տասնամյակներ շարունակ քարոզվող հայատյացությունը և բանակի հետևողական զինումը, ինչը չի դադարել նաև պատերազմից հետո։

«Երևակայական Արևմուտքի հետ չմերձենալուց դասեր քաղելու» ջատագովները առաջ են տանում այն թեզը, որ Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտությունը պայմանավորված է ռուս-թուրքական դավադիր համաձայնությամբ և Ռուսաստանը մեզ համար իրական դաշնակից չէ, ուստի «փրկություն է պետք գտնել» Արևմուտքում։ Այս մոտեցման կողմնակիցներն էլ հաճախ հաշվի չեն առնում  այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում գտնվող Հայաստանի համար հավելյալ աշխարհաքաղաքական կենտրոնների մուտքը տարածաշրջան կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Հայաստանի և հայ ժողովրդի համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ նույն այդ «Արևմուտքը» իրապես հասկանալի քաղաքական շահագրգռվածություն ցույց չի տվել տարածաշրջանում ռազմական ներկայություն ապահովելու համար։

Մի խոսքով՝ թեև «դասեր տվողները» հրապարակային խոսույթում շատ են, բայց փորձագիտական շիտակ և անաչառ վերլուծությունների պակասի պատճառով այդպես էլ անհայտ է մնում, թե ի վերջո ինչ «դասեր» պետք է քաղենք, և որքանով են այդ «դասերը» հիմնավորված։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like