Հայրենասիրության և պետականասիրության երկընտրանքը

Լևոն Բաբաջանյան, Երևան, 3 Օգոստոս 2021

Հայաստանյան հրապարակային խոսույթում հաճախ է խոսվում հայրենասիրության կարևորության մասին։ Ընդունված է կարծել, որ «հայրենասեր լինելը լավ է», որ «դպրոցում պետք է աշակերտների մոտ հայրենասիրություն սերմանել», որ «եթե մենք չլինենք հայրենասեր, դատապարտված ենք կործանման» և այլն, և այլն։ Այսինքն՝ «հայրենասեր լինելը» մեր մշակույթում ընդունելի վարքի նորմ է, բարոյական է, ճիշտ է։ Մինչդեռ նույն մեր հրապարակային խոսույթում շատ քիչ կհանդիպենք դեպքերի, երբ խոսվում է պետականասիրության կարևորության մասին։   Փորձենք հասկանալ, թե ո՞րն է հայրենասիրության և պետականասիրության տարբերությունը։

Հիմնական հարցին պատասխանելու համար՝ նախ պետք է պարզել, թե ի՞նչ ենք հասկանում՝ «հայրենասեր» ասելով, այնուհետև՝ ինչպե՞ս է պետք «սիրել հայրենիքը», ի՞նչ է բխում հայրենասիրությունից և ի՞նչ է բխում պետականասիրությունից, իսկ վերջում՝ արդյո՞ք հայրենասիրությունն է մեր անվտանգության, լինելիության, «առողջ» հասարակական միջավայրի ձևավորման, ազգային խնդիրների լուծման և իղձերի իրագործման ելակետային առաքինությունը, որը պետության կողմից պետք է սերմանվի քաղաքացիների շրջանում հանրակրթության միջոցով։ Նշված հարցերն ավելի առարկայական տեսք են ստանում, երբ փորձում ենք պատասխանել հետևյալ ենթահարցերին․ արդյո՞ք կարելի է «սիրել» հայրենիքը, և կողոպտել պետական բյուջեն, արդյո՞ք կարելի է սիրել հայրենիքը, և խուսափել հարկերը վճարելուց, արդյո՞ք կարելի է սիրել հայրենիքը և խուսափել պարտադիր զինծառայությունից, կամ ընդհանրապես կարելի՞ է սիրել հայրենիքը՝ անտարբերության մատնելով պետությանը։

«Հայրենասիրություն» բառի հիմքում «հայրենիք» բառն է։ Մասնագիտական գրականությունում և բացատրական բառարաններում չկա «հայրենիք» հասկացության մեկ հիմնական սահմանում։ Ուստի որպես ելակետ կընդունենք այն սահմանումը, որը դասավանդվում է հանրակրթական դպրոցում, քանի որ ըստ էության հանրակրթական համակարգն է, որ հասարակության մոտ ձևավորում է իրերի և երևույթների վերաբերյալ ընդհանրական պատկերացումներ։ Եվ այսպես՝ 6-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի առաջին գլխում «հայրենիք» հասկացությունը սահմանվում է որպես տարածք, որտեղ ժողովուրդը «դարեր շարունակ ապրում է, կերտում իր պատմությունը, ստեղծում մշակութային արժեքներ»։

Նույն մեթոդաբանությամբ անդրադառնանք պետության սահմանմանը։ Հանրակրթական դպրոցի 11-րդ դասարանի Հասարակագիտության դասագրքի 7-րդ գլխում կգտնենք «պետություն» հասկացության հետևյալ սահմանումը․ «պետությունը հասարակության հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավունքի նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ»։

Փաստորեն ըստ ՀՀ հանրակրթական համակարգում մատուցվող սահմանումների՝ հայրենիքի և պետության ընդհանրությունը աշխարհագրական տարածքն է։ Ավելացնենք միայն, որ միևնույն ժողովրդի հայրենիքի և պետության աշխարհագրական սահմանները կարող են չհամընկնել և հիմնականում չեն էլ համընկնում։ Օրինակ՝ հայ ժողովրդի հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է, մինչդեռ Հայաստանի Հանրապետության սահմանները ընդգրկում են հայոց հայրենիքի մի փոքր մասը միայն։

Փիլիսոփայական իմաստով և իմացաբանական իրատեսության տեսանկյունից հայրենիքը գոյություն ունի առարկայականորեն (օբյեկտիվորեն), այսինքն՝ այն գոյություն ունի անկախ մեր պատկերացումներից, մեր հավատից, մեր կամքից, անգամ անկախ մեզնից յուրաքանչյուրի գոյությունից։ Անկախ այն հանգամանքից, թե մենք «սիրում ենք հայրենիքը», թե ոչ, թե մենք ընդունում ենք որևէ ժողովրդի հայրենիքի գոյությունը, թե ոչ, այն միևնույնն է՝ գոյություն ունի․ մենք մեր վերաբերմունքով չենք կարող ազդել այն տարածքի վրա, որտեղ ապրել և պատմության ընթացքում մշակույթ է կերտել տվյալ ժողովուրդը։ Այլ է դրվածքը, երբ խոսում ենք պետության մասին։ Պետությունը գոյություն չունի անկախ մարդկանց կամքից և պատկերացումներից։ ՀՀ-ն և ընդհանրապես ցանկացած քաղաքական կազմակերպություն, լինի դա միջազգային, թե ազգային, գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ պայմանավորվել են, որ այն գոյություն ունի և գործադրում են որոշակի ջանքեր տվյալ քաղաքական կազմակերպության գոյության ապահովման համար։ Ինչպես այլ քաղաքական կազմակերպությունների դեպքում, Հայաստանի Հանրապետության գոյությունը նույնպես կախված է առաջին հերթին նախ ՀՀ հասարակության, այնուհետև այլ հասարակությունների քաղաքացիների պատկերացումներից և պայմանավորվածություններից։ Այսինքն՝ ՀՀ-ն գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք՝ ՀՀ քաղաքացիներս և ՀՀ-ի «գոյության իրավունքին» հավատացողները պայմանավորված են, որ ՀՀ-ն գոյություն ունի, և քանի դեռ մենք պատրաստ ենք գործադրել որոշակի ջանք և եռանդ վերջինիս գոյության ապահովման համար։

Անկախ այն հանգամանքից, թե մենք սիրում ենք հայրենիքը, թե ոչ, այն գոյություն ունի, մինչդեռ Հայաստանի Հանրապետության գոյությունն իրապես կախված է մեր հոգատարությունից, մեր ջանքից և եռանդից, այլ կերպ ասած՝ մեր պետականասիրությունից։ Հետևաբար, եթե ՀՀ-ի գոյությանը հավատացողներն ու այն արժևորողները պակասեն, կպակասի նաև ՀՀ-ի գոյության հնարավորությունը։

Փաստորեն սկզբունքորեն հնարավոր է սիրել տվյալ ժողովրդի, իսկ մեր դեպքում հայ ժողովրդի պատմական հայրենիքը, սակայն բազմաթիվ պատճառներով լինել անտարբեր Հայաստանի Հանրապետության գոյության նկատմամբ։ Հայրենիքը սիրելու համար աշխատել պետք չէ, ջանալ պետք չէ, կատարելագործվել պետք չէ, անհարմարություններ կրել պետք չէ, օրենքները հարգել պետք չէ։ Հայրենիքը սիրելուց մեծ հաշվով ոչ մի պարտավորություն չի բխում, մինչդեռ պետությունը սիրելուց բխում են որոշակի պարտավորություններ (հարգել օրենքները, վճարել հարկերը, չխուսափել պետության նկատմամբ այլ պարտավորություններից և այլն)։ Հայրենիքը սիրելը հեշտ է, պետությունը սիրելը՝ դժվար։ Եվ միգուցե արժե մտածել հրապարակային խոսույթում «հայրենասիրություն» առաքինության գովաբանումը ավելի կոնկրետ առաքինության՝ «պետականասիրության» գովաբանմամբ փոխարինելու մասին։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Հայերը հերոսության հրաշքներ են գործել»

Ռուսաստանի Հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (ՌՀՀԳԱ) նախագահի տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը մեկնաբանել…
Read More