Լևոն Բաբաջանյան, Երևան, 17 Հուլիս 2021
Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայաստանյան լրատվության մեջ աշխուժացել են «գիտության զարգացման» շուրջ խոսակցությունները, ինչի մասին է վկայում գիտության զարգացմանն ուղղված մի շարք նախաձեռնությունների ի հայտ գալը։ Հայաստանում գիտության զարգացման մասին խոսակցությունների աշխուժացումը պատահական չէ, որ սկիզբ առավ հենց պատերազմից հետո։ Ակնհայտ էր, որ հակառակորդ պետության հաղթանակում մեծ էր հատկապես ռազմական նորագույն տեխնոլոգիաների կիրառման դերակատարությունը։ Փորձագիտական որոշակի շրջանակների կարծիքով՝ մեր ռազմական տեխնիկայի շուրջ 70 տոկոսը ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի կողմից։ Եվ բնական է, որ մեր կրած պարտությունը պետք է կապվեր նաև տեխոնոլոգիապես թույլ զարգացվածության հետ։
Սակայն, հարց է ծագում․ արդյո՞ք մենք ճիշտ ենք հասկանում, թե ի՞նչ է նշանակում «գիտության զարգացում»։ Հատկապես վերջին ամիսներին գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների քննարկումների, հարցազրույցների և ելույթների դիտարկման արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ գիտության «զարգացման» նպատակը միայն ռազմական խնդիրների սպասարկումն է, ավելի կոպիտ ասված՝ «անօդաչու թռչող սարքերի ստեղծումը»։ Այլ կերպ ասած՝ գիտության զարգացումը մենք շփոթում ենք տեխնոլոգիական զարգացման հետ։ Պատմությունից իհարկե հայտնի է, որ գիտական բազմաթիվ նորարարությունների կամ գիտության զարգացման հիմքում ընկած է այս կամ այն պետության ռազմական պատվերը՝ սկսած ատոմային էներգիայի (ուժանյութ) կիրառման հայտնագործումից, ավարտած համակարգչի հայտնագործությամբ։ Սակայն պետք է նկատել, որ կոպիտ սխալ ենք թույլ տալիս, երբ շփոթում ենք գիտության զարգացումը տեղխնոլոգիական զարգացման հետ։ Տեխնոլոգիական զարգացումը կամ գիտության կիրառականացումը սովորաբար հաջորդում է գիտության զարգացմանը, և հազվադեպ է տեղի ունենում հակառակը։ Մինչդեռ, եթե մենք խնդիր ունենք գիտության զարգացման հետ, պետք է խնդիրը ճիշտ ձևակերպենք, որպեսզի լուծումներն էլ լինեն արդյունավետ։
Փորձենք հակիրճ անդրադառնալ գիտության սահմանմանը և ձևավորման պատմությանը։ Ընդհանրացնելով մասնագիտական գրականությունում առկա սահմանումները՝ գիտությունը կարելի է սահմանել որպես աշխարհի ճանաչողությանն ուղղված գործունեության տեսակ, որի խնդիրը բնության, մարդու, մտածողության և ընդհանրապես աշխարհի մասին առարկայական, համակարգկված և հիմնավորված գիտելիքի ստեղծումն ու վերարտադրությունն է։ Գիտությունը տարբեր դարաշրջաններում և տարբեր մշակույթներում հիմնվել է աշխարհի ճանաչողության տարբեր մեթոդների վրա՝ տեսական և գործնական։ Որպես այդպիսին այն ի սկզբանե ձևավորվել է անտիկ Հունաստանում և ի սկզբանե կոչվել է փիլիսոփայություն։ Սակայն գիտության ձևավորմանը անտիկ հունական աշխարհում նախորդել է նախագիտության շրջանը Միջագետքում, Եգիպտոսում, Հնդկաստանում և այլ քաղաքակրթություններում Ք. Ա. (մ․թ․ա) 3-1 հազարամյակում, երբ հիմնականում ձևավորվել էին աշխարհի մասին գիտելիքի այնպիսի համակարգեր, որոնք ունեին գերազանցապես կիրառական նշանակություն՝ աստղագիտություն, մաթեմատիկա, բժշկագիտություն և այլն։ Սակայն այս շրջանի գիտելիքի համակարգերը մենք չենք անվանում գիտություն, քանի որ վերջիններիս պակասում էր աշխարհի մասին տեսական գիտելիքի բաղադրիչը, այսինքն՝ նախագիտական գիտելիքը կարելի էր կիրառել, սակայն այն չէր բացահայտում և մեկնաբանում, թե ինչպիսին է աշխարհը։
Գիտության բուն, առաջնային և հիմնական խնդիրը աշխարհի ճանաչողությունն է։ «Առաջին» գիտնականները, որոնց անտիկ հունական աշխարհում կոչում էին փիլիսոփաներ, աշխարհի ծագման, երկրի ձևի, մարդու բնույթի, բնության տարրերի, մտածողության կանոնավորության մասին իրենց խորհրդածություններում դժվար թե առաջնորդվում էին այդ խնդիրների կիրառական նշանակության բացահայտմամբ։ Կիրառականության՝ որպես գիտական գիտելիքի անհրաժեշտ բաղադրիչի մասին պատկերացումը ամրագրվել է 19-րդ դարում պոզիտիվիզմի (դրականության) փիլիսոփայական ուղղության ներկայացուցիչների ջանքերով, ինչը պայմանավորված էր 19-րդ դարի Եվրոպայում և ԱՄՆ-ում ընթացող արդյունաբերականացման գործընթացներով։ Մեկ նախադասությամբ՝ ժամանակի ոգին կարելի է ձևակերպել հետևյալ կերպ․ «ճանաչիր բնությունը, որպեսզի օգտագործես այն»։ Սակայն անգամ պոզիտիվիստները չէին նսեմացնում հիմնարար կամ տեսական գիտությունների դերը ճանաչողության գործում։
Գիտության զարգացման այն ջատագովները, որոնք գիտության զարգացման խնդիրը տեսնում են միայն վերջինիս գործնական խնդիրներ լուծելու մեջ (օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի ստեղծում), գտնվում են մոլորության մեջ, քանի որ գիտության գործառույթը նեղացնում են, ուստիև աղճատում են գիտության մասին պատկերացումները։
Գիտության զարգացումը Հայաստանում լուրջ մարտահրավերների և խնդիրների առաջ է կանգնած։ Դրանցից կարելի է նշել պետության և մասնավոր կազմակերպությունների կողմից թերի ֆինասնավորումը, գիտության կառավարման կամ վարչարարութեան (մենեջմենթի) բացակայությունը, գիտության ոլորտի մարդկանց ընկերային (սոցիալական) և ֆինանսական անապահովությունը, ինչը նպաստում է նրան, որ գիտությամբ զբաղվող երիտասարդները կամ լքում են երկիրը և տեղի ունենում այսպես կոչված՝ «ուղեղի արտահոսք» կամ ընդհանրապես լքում են ոլորտը՝ զբաղվելով ավելի եկամտաբեր գործունեությամբ, օրինակ՝ ՏՏ ոլորտում։ Սակայն նշվածները թեև կարևոր, սակայն բուն, էական խնդիրը չեն։ Գիտության զարգացման խնդիրն ավելի շուտ կապված է կրթական, ավելի որոշակի՝ հանրակրթական ոլորտի հետ։ Իմ համոզմամբ՝ հայաստանյան հասարակությունում գիտության զարգացման առջև ծառացած առաջին խնդիրը աշխարհի ճանաչողության նկատմամբ «պահանջարկի» բացակայությունն է։ «Պահանջարկ», որը պետք է ձևավորվեր դեռ դպրոցում։
Հանրակրթական դպրոցն այն դարբնոցն է, որտեղ պետք է կրթվի և դաստիրակվի ուսման, աշխարհի ճանաչողության նկատմամբ ծարավ ունեցող քաղաքացին։ Հայաստանյան հանրակրթական համակարգը անկախության տարիների ընթացքում ոչ միայն չկարողացավ աշխարհին համընթաց զարգանալ, այլ նաև ինչպես ցույց են տալիս վերջին տարիների հանրապետական քննությունների արդյունքները, տարեցտարի է՛լ ավելի տապալեց հանրակրթության գործը։
Այստեղ պետք է հարց տալ․ մեր հասարակությունում կա արդյո՞ք ճանաչողության նկատմամբ պահանջարկ, ընդհանրապես մեր հասարակությանը, ցուցադրական սպառումից, առօրեական խնդիրների լուծումից, կենցաղից, քաղաքականության թամաշայից բացի այլ խնդիրներ հետաքրքի՞ր են, թե՝ ո՞չ։ Մեր մշակութային կյանքը արդյո՞ք նպաստավոր է մարդու ստեղծագործականության և աշխարհի ճանաչողությամբ զբաղվելու համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները յուրաքանչյուրս ունենք, և այդ պատասխանները հիմնականում վատատեսական են։ Թվում է, թե այս հարցերը շատ ընդհանուր են և որևէ պատասխանատու չունեն, բայց իրականում այս խնդիրների իրական պատասխանատուն դպրոցն է, հանրակրթական համակարգը, իսկ ավելի լայն առումով՝ պետական համակարգը։ Գիտության և կրթության ոլորտներն այս առումով խիստ փոխկապակցված են․ հանրակրթությունը ձևավորում է ճանաչողության նկատմամբ «պահանջարկը»։ Այնուհետև այդ «պահանջարկի» բավարարումը իրականացնում է ԲՈՒՀ-ը (բարձրագույն ուսումնական հաստատութիւնը)։ Աշակերտի՝ ԲՈՒՀ ընդունվելու դրդապատճառը պետք է լինի ոչ միայն որոշակի ոլորտում մասնագիտացումը, այլև՝ իրեն հետաքրրքիր ոլորտի մասին ավելի խորը գիտելիքի ձեռքբերումը։ Այնուհետև ԲՈՒՀ-ում և գիտական հաստատություններում «թրծվում» են այն մասնագետները, որոնք հանրակրթական համակարգին սնում են և՛ գիտելիքով, և՛ մասնագետներով։ Գիտության ֆինասնավորման ավելացմամբ, գիտնականի հիմնական աշխատավարձի բարձրացումով, անգամ գիտության ճիշտ վարչարարությամբ հնարավոր չէ հասնել գիտության զարգացման խնդրի լուծմանը, առանց հաշվի առնելու գիտության զարգացման և աշխարհի ճանաչողության պահանջարկի փոխկապակցվածության խնդիրը։ Իսկ այն հարցին, թե ի՞նչպես հասնել նրան, որ հանրակրթական համակարգում ձևավորվի ճանաչողության նկատմամբ «պահանջարկ», պետք է պատասխանեն նախ մեր հասարակության բոլոր այն սրտացավ քաղաքացիները, որոնք իրապես հետաքրքրված են գիտության զարգացմամբ, այնուհետև քաղաքական և պետական գործիչները, և վերջապես կրթության և գիտության ոլորտների որոշակի պատասխանատուները։