Լևոն Բաբաջանյան, Երևան, 21 Սեպտեմբեր 2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ը «գունագեղ» նշելու մասին հայտարարությունը շատ քննարկվեց և քննադատվեց հայաստանյան մեդիատիրույթում։ 2020-ի պատերազմը հասկանալիորեն ծանր հետք է թողել համայն հայության շրջանում, և ինչ-որ առումով բնական էր հանրային նման արձագանքը։ Սակայն մի կողմ թողնելով հուզական և ինչու չէ նաև երբեմն քաղաքական ուղղվածություն ունեցող քննադատությունները՝ փորձենք հասկանալ հարցի բովանդակային համատեքստը։
Արցախյան երկրորդ պատերազմից հետո համայն հայության շրջանում դեռևս գերակա են հուսահատական և հոռետեսական տրամադրությունները։ Մենք կարծես կորցրել ենք երրորդ հանրապետության անկախացման ազգային կարևոր նպատակներից մեկի՝ Արցախի հայության ինքնորոշման և ԼՂՀ միջազգային ճանաչման և ապագայում Հայաստանի հետ միավորման հնարավորությունը կամ գոնե առայժմ այն թվում է շատ մշուշոտ։ Այս համատեքստում Հայաստանի անկախության տոնը կարծես կորցրել է ոգևորություն հաղորդելու երբեմնի հատկությունը։
Բանն այն է, որ հայաստանյան մեդիայում լայնորեն շրջանառվում են այնպիսի թեզեր, ըստ որոնց՝ Արցախի գոյությամբ է ընդհանրապես պայմանավորված հայոց պետականության հնարավորությունը։ Եվ Արցախի կորստի (իսկ մենք այն առայժմ կորցրել ենք, քանի որ ԼՂՀ վերջին երեսուն տարվա տարածքը փաստացի բաժանվել է Ռուսաստանի և Ադրբեջանի ուղղակի և անուղղակի ազդեցության գոտիների միջև) պարագայում երբեմն հարցականի տակ են դնում անգամ Հայաստանի անկախ պետականության գոյության հնարավորությունը։ Իհարկե միշտ չէ, որ նման տրամադրություններն ու գաղափարները տարածվում են անմեղ մոլորության կամ իրավիճակի ողբերգականության հետևանքով գերակա հուսահատության պատճառով։ Երբեմն այդ թեզերը տարածվում են նպատակաուղղված կերպով՝ սպասարկելով ներքին կամ արտաքին քաղաքական որևէ հստակ ու որոշակի (կոնկրետ) օրակարգ, որևէ քաղաքական կենտրոնի սառը հաշվարկի մի դրվագն են պարզապես, ինչի նպատակը ամենևին էլ Հայաստանի դիմադրողականության ուժեղացումը չէ։ Բայց մի պահ կանգ առնենք և չտրվենք այդ տրամադրություններին ու ինքներս մեզ հարց տանք․ մի՞թե ամեն ինչ այդքան անելանելի է, մի՞թե Արցախի ժամանակավոր կորստով հարցականի տակ է դրվում նաև Հայաստանի պետականությունը, արդյո՞ք մենք նշված երևույթների միջև պատճառա-հետևանքային կապերը ճիշտ ենք ընկալում։
Այո՛, իսկապես այժմ Հայաստանի հանրապետությունն իր լավագույն օրերը չի ապրում, իսկապես կա նաև պատերազմի վերսկսման հնարավորություն, իսկապես կորուստը ողբերգական էր, իսկ մարդկային կյանքերի կորստի ողբերգականության մասին ընդհանրապես պետք է լռել, և այդքանով հանդերձ այժմ էլ երաշխավորված չէ խաղաղությունը։ Սակայն, առկա մարտահրավերներին դիմակայելու համար, նախ հարկավոր է ճիշտ ձևակերպել խնդիրը և իրողությունների միջև պատճառա-հետևանքային կապերը ճիշտ ընկալել։
Արցախի կորստով մենք ոչ թե կորցրել ենք մեր պետականությունը կամ ստեղծել ենք սպառնալիք մեր պետականության գոյության համար, այլ հակառակը՝ ի սկզբանե այդ պետականությունը թույլ է եղել, հասարակության միջև քաղաքական պայմանավորվածությունները չեն գործել այնպես, ինչպես պետք է գործեին։ Մենք իրավահավասար քաղաքացիների այն հասարակությունը չենք եղել, որտեղ մարդիկ իրենց ազատ և արժանապատիվ կզգային և շատ հաճախ հենց այդ զգացողության բացակայության պատճառով արտագաղթի ճանապարհը չէին բռնի։ Այսինքն՝ մենք Արցախը կորցրել ենք (ներքին համոզմունք ունեմ, որ առայժմ ենք կորցրել միայն), որովհետև ի սկզբանե չենք ունեցել այն քաղաքական կազմակերպվածությունը, որն ի վիճակի կլիներ «չկորցնել» Արցախը։ Ընդ որում, երբ խոսում եմ պետականության թուլության հետևանքով Արցախի կորստի մասին, ամենևին նկատի չունեմ միայն զինված ուժերի կամ բանակի «թուլությունը»։ Պետք է խոսոտովանել, որ պարտություն է կրել ամբողջ պետական համակարգը՝ իր դիվանագիտական, կրթական, տնտեսական և անգամ առողջապահական և բոլոր այն բլոկներով հանդերձ, որոնք կազմում են պետության բուն բաղադրիչները։ Այլ կերպ ասած՝ պարտվել է ոչ միայն ՀՀ բանակը, այլև՝ ՀՀ-ն։
Այստեղ մի քիչ մանրամասնենք, թե ի՞նչ ենք հասկանում՝ «թույլ պետականություն» ասելով։ Պետականությունը թույլ է կամ թուլանում է այն դեպքում, երբ, օրինակ, զանգվածաբար կեղծվում են ընտրությունները, քանի որ այդ դեպքում խախտվում է արդիական պետության գոյության հնարավորության կարևոր պայմաններից մեկը՝ հանրային համերաշխությունն ու հավասարությունը։ Մի խումբ մարդիկ պարզապես կորզում էին իշխանությունը, ոտնահարում էին այլոց՝ իրենց հետ հավասար լինելու քաղաքական պայմանը և իրավունքը։ Պետականությունը թույլ է այն դեպքում, երբ բոլոր կամ որոշ պետական օղակներ իրենց բուն գործառույթները կատարելու փոխարեն՝ ստեղծում են աշխատանքի բեմականացում (ձեվացում, իմիտացիա)։ Օրինակ, երբ պետական տեսչական որևէ մարմին կաշառք է վերցնում այն քաղաքացիներից, որոնք խախտումներ են կատարում, վերջիններիս տուգանում են միայն ընտրողաբար կամ «ըստ պլանի» և այդ ամենը կրում է համակարգային բնույթ։ Պետականությունը թույլ է նաև այն դեպքում, երբ, օրինակ, որևէ դպրոցի տնօրեն ուսուցչին աշխատանքի է ընդունում ոչ թե համապատասխան նրա մանկավարժական գիտելիքների և հմտությունների, այլ որոշակի գումարի դիմաց, և ըստ էության պատասխանատու պետական բոլոր օղակները աչք են փակում դրա վրա։ Պետական հասատատությունների գործառույթների նման այլասերումների (կոռուպցիայի) օրինակներ կարող ենք գտնել նախորդ երեսունամյա մեր պետականության գոյության ընթացքում։ Եվ ես սա շատ մեղմ եմ արտահայտում, որովհետև շատ դեպքերում այդ աղճատման հետևանքը մարդկանց համար կյանքեր և ճակատագրեր է արժենում, հատկապես երբ խոսք է գնում առողջապահության և արդարադատության ոլորտների մասին։ Այս ամենը չէր կարող չանրադառնալ նաև զինված ուժերի վրա։ Նախորդ իշխանությունների կողմից կար մի քարոզչական թեզ, ըստ որի՝ բոլոր պետական հաստատությունները թեև թերություններ ունեն, բայց գոնե զինված ուժերի համակարգը կայացած է։ Սա իհարկե ինքնախաբկանք էր․ անհնար է ամբողջությամբ աղճատված պետական համակարգի որևէ օղակ լինի կայացած, ինչում համոզվեցինք շատ մեծ ողբերգության և մարդկային կյանքերի գնով։ Ցավոք այդ ամենի իրական պատասխանատուները չէ, որ զոհվեցին պատերազմում, այլ հիմնականում այդ ամենի հետ ուղղակի կապ չունեցող մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի կյանքի կորուստը մի ամբողջ ընտանիքի անդամների ողջ կյանքին ուղեկցող ողբերգություն է։ Իհարկե սա չի նշանակում, որ Ադրբեջանում պետական համակարգը կայացած էր, և այդ է պատճառը, որը նրանք հաղթեցին այս ճակատամարտում․ ամենևին ո՛չ։ Պարզապես բոլոր հավասար պայմաններում որոշիչ է դառնում երկու կամ երեք հստակ առավելություն։ Ադրբեջանի հաղթանակի (իհարկե նաև հարց է, թե իսկապես սա «հաղթանակ» է) դեպքում որոշիչ էին փողի գործոնը, աշխարհքաղաքական հանգամանքները և ադրբեջանական քաղաքական վերնախավի ամբողջատիրական (ավտորիտար) իշխանության պահպանման նպատակով ոչնչի առաջ կանգ չառնելու պատրաստակամությունը։
Հետևություն․ գոյություն ունեցող իրողությունների պայմաններում, երբ չունենք բնական այնպիսի պաշարներ, ինչպիսիք են նավթը կամ գազը, այլ կերպ ասած՝ միջոցների անսպառ աղբյուր, երբ չունենք «եղբայրական» որևէ հզոր դաշնակից, որը մեզ անկախ հանգամանքներից կլինի ապավեն, և իհարկե եթե հրաշքների չենք հավատում, ապա, որքան էլ պաթետիկ և ակնհայտ կարող է հնչել, մեր միակ հույսը մեր պետականության և պետական հաստատությունների կայացումն է։ Եվ եթե հրաշքներ չլինեն ու մենք պետության նկատմամբ այդ վերաբերմունքը չկարողանանք սերմանել, այլ կերպ՝ արդիականացնել մեր հասարակությանը, ապա պարզապես կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կարողանանք հավուր պատշաճի կայացնել այդ պետականությունը, ապա Արցախի հարցի լուծումը կարող է միայն ժամանակի և աշխարհաքաղաքական նպաստավոր պայմանների հարց լինել։ Այս ամենի համատեքստում սեպտեմբերի 21-ը նոր խորություն և իմաստ է ստանում, ինչն իհարկե ոչ թե պետք է «գունագեղ» նշել, այլ ըստ էության վերաիմաստավորել։