Լևոն Բաբաջանյան, Երևան, 13 Նոյեմբեր 2021
Հոկտեմբերին անցկացված ուսուցիչների կամավոր արտոնագրման (ատեստավորման) արդյունքները հայաստանյան լրատվության մէջ լայն քննարկումների առիթ դարձան։ Խնդիրն այն է, որ արտոնագրմանը մասնակցած ուսուցիչների միայն 47 տոկոսն էր հաղթահարել անցման 70 տոկոսի շեմը։ Իսկ եթե դրան գումարենք, որ արտոնագրմանը մասնակցելու համար դիմել էին 7 առարկաների ուսուցիչներից (որոնց ընդհանուր թիվը կազմում է շուրջ 15 000) 1372-ը, որից բուն արտոնագրմանը մասնակցել էին ընդամենը 996-ը, և այդքանի կեսից ավելին էլ չէին հաղթահարել անցման միավորների շեմը, ապա պատկերն ավելի անմխիթար է թվում։
Կարծես թե արտոնագրման արդյունքների այս պատկերը լավագույնս է վեր հանում այն խնդիրները, որոնք առկա են մեր հանրակրթական համակարգում։ Սակայն, հապճեպ ընդհանրացումներ անելու փոխարեն, փորձենք հասկանալ, թե ի՞նչ եզրակացության կարելի է հանգել արտոնագրման արդյունքներից, և ի՞նչ եզրակացություններից պետք է խուսափել։ Թե չէ ստացվում է, որ ինչպես հաճախ է պատահում, հանրակրթական համակարգի մեղմ ասած ոչ-արդյունավետ լինելու մեջ սկսում ենք մեղադրել համակարգի ամենախոցելի խավի ներկայացուցիչներին՝ ուսուցիչներին, որոնք առաջին հերթին համակարգի զոհերն են և ոչ թե համակարգի տապալման պատասխանատուները։
Նախ նկատենք, որ արտոնագրում անցկացնելու ԿԳՄՍՆ-ի (Կրթության, գիտության, մարմնակրթութեան և մշակույթի նախարարություն) դրդապատճառը գովելի է։ Կրթության ոլորտին հատկացվող մեր ամավարկի (բյուջեի) մասնաբաժնի տված սուղ հնարավորությունների պայմաններում կարծես թե արտոնագրման գործընթացը լավ խթանիչ է ուսուցիչներին համապատասխան իրենց գիտելիքների և հմտությունների վարձատրության չափը բարձրացնելու համար։ Անցողիկ շեմի հաղթահարման շնորհիվ ուսուցիչները, կախված ստացած միավորներից, կստանային աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացում։ Փաստորեն միայն 468 ուսուցիչ կստանա այդ 30-50 տոկոսը աշխատավարձի հավելավճարը։
ՀՀ-ում գործում է շուրջ 37000 ուսուցիչ։ Այսինքն՝ հավելավճար կստանա ընդամենը 1,5 տոկոսը։ Իսկ եթե սրան էլ գումարում ենք այն մեղմ ասած մտահոգիչ հանգամանքը, որ ուսուցիչների միջին աշխատավարձը ՀՀ-ում կազմում է շուրջ 125 հազար դրամ, ապա ամբողջ պատկերի ողբերգականությանը ավելանում է անելանելիության զգացումը։ Պատկերացնու՞մ եք՝ սա ի՞նչ թիվ է։ Սա պետական ամավարկից պատգամավորներին հատկացվող այսպես կոչված «գրպանային ծախսերի» (250000 դրամ) համար նախատեսված գումարի կեսն է։
Ամսական 125 000 դրամով ՀՀ-ում 3 հոգանոց ընտանիքում կարելի է միայն գոյությունը պահպանել, այն էլ միայն այն դեպքում, երբ ընտանիքի բոլոր անդամները հետևեն խիստ սահմանված որոշակի սննդակարգի և սնվեն ոչ թե հաճելի կերակուր ընդունելու, այլ պարզապես գոյապահպանության համար։ Միս օգտագործելու մասին անգամ խոսք չկա։ Իսկ եթե սրան գումարում ենք նաև տարեցտարի ավելացող գնաճի աստիճանը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ եկամտի հիմնական աղբյուր հանդիսացող ուսուցչի ընտանիքը ապահովված է ճարպակալման վտանգից։ Եթե լինենք լավատես, ապա կարող ենք ենթադրել, որ կառավորությունը խիստ մտահոգ է ուսուցիչների մարզական կառուցվածքի համար, բայց դժվար թե։ Այսինքն՝ անգամ ուսուցիչների աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացումը խնդրի լուծում չէ, էլ ուր մնաց, որ դա կարող է վերաբերել միայն ուսուցիչների 1,5 տոկոսին։
Երկրորդ․ ուսուցիչների արտոնագրման գործընթացը իրականանում է հանրակրթության ոլորտի բարեփոխման նպատակով։ Կամ այդ մեծ նպատակի առաջին քայլերից է։ Գոնե այդպես են ասում կրթության ոլորտի ներկա պատասխանատուները։ Սակայն, պետք է նկատենք, որ բարեփոխումները պետք է ոչ թե որպես սպառնալիք դիտարկվեն, այլ զարգանալու, կրթվելու, արդիականացվելու հնարավորություն լինեն ուսուցիչների համար։
Մինչդեռ եթե համեմատում ենք թվերը, եթե 7 առարկաների 15000 ուսուցիչներից արտոնագրմանը մասնակցել է ընդամենը 900-ը, ապա սա ինչ-որ բան նշանակում է։ Կարող ենք ենթադրել, որ ուսուցիչների մի մասը, արտոնագրմանը մասնակցելու առավելություններն ու թերությունները գնահատելով, պարզապես որոշել է այդ խղճուկ աշխատավարձի 30-50 տոկոս բարձրացման համար «ռիսկի չդիմել»։ Խնդիրն այն է, որ արտոնագրմանը մասնակցած, սակայն անցման շեմը չհաղթահարած ուսուցիչները պետք է հաջորդ տարի վերարտոնագրվեն։ Վերարտոնագրումը չանցնելու դեպքում ուսուցիչը հայտնվելու է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ։
Արտոնագրման մասնակցության ցածր ցուցանիշը կարող է վկայել նաև այն մասին, որ ինչպես բազմաթիվ ուսուցիչներ և կրթության ոլորտի փորձագետներ են նշել՝ արտոնագրման քննութիւնները, ձևանմուշները հստակ և հասկանալի չէին կազմված, իսկ արտոնագրման հարցաշարի բովանդակությունը կարծես գնահատում է զուտ մասնագիտական առարկայի նյութի ուսուցչի ուղղակի հիշողությունը։ Արտոնագրման ընթացքում ոչ մի կերպ չէին ստուգվել ուսուցիչների մանկավարժական հմտությունները, դասարանում կիրառվող մանկավարժական մեթոդները, առարկայի բովանդակության վերաբերյալ քննական մոտեցումները, մի խոսքով՝ այն ամենը, ինչը կարծես պահանջում է արդիական հանրակրթությունը։
Արտոնագրման ցածր մասնակցության ցուցանիշը վեր է հանում նաև այն խնդիրը, որը վերաբերում է ուսուցիչների մի մեծ հատվածի պարզապես աշխատանքով չշահաքրքրվածությանը։ Ինչպես նկատում է կրթության փորձագետ Ս․ Խաչատրյանը, Հայաստանում ձևավորվել է ուսուցիչների մի քանի խումբ․ մի խմբի ուսուցիչները իսկապես աշխատանքի նվիրյալներ են և սիրում են իրենց աշխատանքը, ու անկախ աշխատավարձի չափից՝ մղում ունեն աշխատելու, երկրորդ խմբի համար ուսուցչի աշխատանքը պարզապես եկամտի երկրորդային աղբյուր է, երրորդի համար պարզապես զբաղվածության միջոց, չորրորդ խմբի ներկայացուցիչները պարզապես ցածր կրթական և մանկավարժական մակարդակ ունեն, հինգերորդ խմբի համար հիմնական եկամտի աղբյուրը կրկնուսույցի աշխատանքն է և այսպես շարունակ։ Մի խոսքով արտոնագրման նման գործընթացին մասնակցելու համար իսկապես մղում ունեն առաջին խմբի ներկայացուցիչները, ուստի արտոնագրումն իսկապես հանրակրթության ոլորտի համակարգային խնդիր չի լուծում, քանի որ ընդգրկում է ուսուցիչների շատ փոքր խմբին միայն։
Երրորդ․ որոշ փորձագետներ նշում են, որ արտոնագրումն իրականում կրթության համակարգային բարեփոխման լավ սկիզբ չէ, նույնիսկ հակառակը․ կարող է չմղել այն ուսուցիչներին, որոնք չնայած մասնակցել են գործընթացին, բայց չեն անցել արտոնագրումը։ Ուստի բարեփոխումները պետք է սկսել ուսուցիչների և ընդհանրապես հանրակրթության ոլորտի համակարգային ծրագրերի ներդրումից և իրականացումից։ Այստեղ շուկան, համակարգերի զարգացման դրամատիրական, մրցակցային տրամաբանությունը հաճախ չի գործում և կարող է նույնիսկ խանգարել։ Նախ ուսուցչին պետք է ինքնազարգանալու հնարավորություն և ժամանակ տալ և հետո նոր հասկանալի և արդիական չափանիշներով պահանջել։
Որքան էլ պարզունակ, ժողովրդին հաճելի և միգուցե անիրականալի հնչի․ բարեփոխումները հնարավոր է իրականացնել միայն պետական և ոչ միայն պետական մեծ միջոցների ներդրման շնորհիվ, հարկատուների և կառավարության՝ հանրակրթության կարևորության գիտակցման շնորհիվ, ինչի շնորհիվ մարդիկ պատրաստ կլինեն իրենց հարկերից մի մեծ մասնաբաժին հանրակրթությանը հատկացնելուն։ Առանց այդ մեծ ներդրումների հնարավոր չէ իրականացնել համակարգային բարեփոխումներ, իսկ իրավիճակային լուծումներն ու «գործ անելու» կապկումը թեև չեն խորացնում խնդիրները, բայց հեռանկարում էլ չեն լուծում խնդիրը։