Վլադիմիր Պետրոսյան, Երեւան, 2021
Անհրաժեշտ եմ համարում նշել նաև հետևյալ կարևոր իրողությունը։ Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը Լենինի հանձնարարությամբ ամիսներ շարունակ բանակցություններ էր վարում քեմալական Թուրքիայի հետ պայմանագիր կնքելու շուրջ։ Այդ բանակցությունների ժամանակ Սովետական Ռուսաստանը դնում էր նաև Վանը, Մուշը, Բիթլիսը Հայաստանին վերադարձնելու պահանջը։ Չնայած հռչակված «Ազգային ուխտով» վերոհիշյալ տարածքները մտցվել էին Թուրքիայի կազմի մեջ, քեմալական Թուրքիայի կառավարությունը դժվարությամբ համակերպվել է Սովետական Ռուսաստանի պահանջին։ Այդ համակերպվելը պայմանավորված էր նրանով, որ Անտանտի դեմ պայքարում քեմալական Թուրքիան զգում էր Սովետական Ռուսաստանի ռազմական օգնության կարիքը։ Եվ երբ փետրվարի 26-ին սկսվեցին բանակցությունները, Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինն իր ներկայացրած նախագծում նշել էր Վանը, Մուշը և Բիթլիսը վերադարձնելու պահանջը։
Թուրքական պատվիրակությունն այդ պահանջը ձախողելու նպատակով բռնել էր բանակցությունները ձգձգելու դիրք։ Երբ ստացվել է Ս. Վրացյանի վերոհիշյալ հեռագիրը, որով հայտնվում էր 1920 թ. դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով հայ-թուրքական սահմանը պաշտպանելու մասին, թուրքական պատվիրակությունը պահանջել է համաձայնվել դրա հետ։ Իսկ դա նշանակում էր բանակցությունների օրակարգից հանել Վանը, Մուշը, Բիթլիսը վերադարձնելու հարցը։
Կարելի է պատկերացնել, թե Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինի համար ինչպիսի անհարմար վիճակ է ստեղծվել։ Ամիսներ շարունակ վերոհիշյալ հայկական տարածքները վերադարձնելու հարցի շուրջ ծավալված դժվարին բանակցություններից հետո Սովետական Ռուսաստանի կառավարությունը կանգնել է կատարված փաստի առջև և ստիպված է եղել համաձայնվել այդ հարցը հանել օրակարգից։
Ամփոփելով մարտի 16-ի պայմանագրի մասին Դաշնակցության գաղափարախոսների և նրանց հետևորդների արտահայտած գնահատականի համառոտ տեսությունը՝ հարկ եմ համարում ընդգծել հետևյալը. Առաջին. 1921 թվականի փետրվարին Դաշնակցության կազմակերպած խռովությունը եղել է քեմալական Թուրքիայի նախագիծը։ Այդ մասին է վկայում, օրինակ, 1921 թ. մարտի 3-ին «Ազատ Հայաստան» թերթում Ս. Վրացյանի «խմբագրականը», որտեղ ասվել է հետևյալը. «Հակառակ սակայն բոլոր դաւադրութիւններին, բոլոր աններելի միջոցներին, որ ի գործ դրին սօցիալիստ գործակալները այստեղ և այլուր, հայ և թուրք ժողովուրդները համոզվեցին ինքնաբերաբար, փաստերի ճնշման տակ, որ Սովետական Ռուսաստանը շատ հեռու է բարեկամը լինելուց փոքրիկ ժողովուրդներին, և եթէ վերջիններս որոշում են հանգիստ ապրել և անկախ ամեն արտաքին ճնշումներից բարգաւաճել, պարտաւորեն վերջապէս ձեռք ձեռքի տւած գործել։ Եւ այդպէս էլ լինում է, հայ և թուրք ժողովուրդները մոտենում են իրար»:
Հայտնելով հայ և թուրք ժողովուրդների մերձեցման մասին՝ Ս. Վրացյանը նկատի է ունեցել Հայաստանում բնակվող թուրքերին, որոնք անմիջականորեն գործում էին քեմալական Թուրքիայի հանձնարարությամբ։
Եվ պատահական չէր 1921 թվականի մարտի 15-ին «Ազատ Հայաստան» թերթում «ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ» խմբագրական հոդվածում Ս. Վրացյանը գրել. «Բոլշևիզմի դժոխային լուծից ազատագրւած Հայաստանի և հայ ժողովրդի առջև դրւած քաղաքական բոլոր խնդիրներից, ամենակարևորը և ամենակենսականը հայ և թուրք համերաշխութեան, Հայաստանի և Տաճկաստանի բարեկամութեան հաստատումն է»:
Այնուհետև Ս. Վրացյանը գրել է. «Հայ և թուրք անհաշտութեան ու թշնամութեան մեջ ուրիշ, թերևս աւելի խոշոր պատճառն էր նաև հայ ժողովրդի անուղղելի ռուսասիրությունը, որ հասնում էր ինքնասպան մոլութեան աստիճանին։ Սկսած հայ ինտելիգենցիայից մինչև վերջին հայ գյուղացին ու բանւորը՝ հայ ժողովուրդը բռնւած էր ռուսամոլութեան աղետաբեր ցաւով։ Իր ազատութիւնն ու անկախութիւնն անգամ նա պատրաստ էր յաճախ զոհել Ռուսաստանի հանդէպ ունեցած իր կոյր սիրոյ։ Այդ հոգեբանութիւնն էր պատճառը, որ հայ ժողովուրդը այնքան կրաւորական դիրք բռնեց ռուսական բօլշևիզմի ներխուժման հանդէպ՝ դեկտեմբերին»:
«Եւ ահա, – շարունակել է Ս. Վրացյանը,- ռուսական բօլշևիկների մուտքը Հայաստան և նրանց երկու և կես ամսւայ սանձարձակ տիրապետութիւնը Հայաստանում մի անգամ ընդմիշտ եկան մեռցնելու հայ ժողովրդի հոգու մէջ ապրող յիմարական հաւատը դէպի Ռուսաստան և նրա մահաբեր իշխանութիւնը»: Այնուհետև Ս. Վրացյանը գրել է, որ «Հայ ժողովուրդն իր սեփական փորձով համոզվել է ու վերջին անգամ տեսել է, որ բօլշևիկների հետ իր երկիրը մտած ռուս տիրապետութիւնը գերեզման է միայն իր ազատութեան և նոյնիսկ գոյութեան համար»:
Վրացյանը գրել է նաև հետևյալը. «Դժւար է երևակայել աւելի նպաստաւոր պայմաններ հայ և թուրք մերձեցման ու բարեկամութեան համար, քան քաղաքական այն վիճակը, որ ստեղծւել է Անդրկովկասում, այժմ բօլշևիզմի սթափեցնող հարւածների տակ»:
Սիմոն Վրացյանն իր «խմբագրականը» ավարտել է՝ ընդգծելով 1921 թվականի փետրվարյան խռովության հետևյալ գլխավոր նպատակը. «Սակայն Անդրկովկասի մէջ ապրող հայ և թուրք ժողովուրդները բօլշևիզմի զարհուրելի կօշմարից վերջնականապէս ազատւել և իրենց անկախ քաղաքական գոյութիւնը միանգամայն ապահովել կարող են միայն Տաճկաստանի բարեկամութիւնը շահելով։ Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների քաղաքական ազատութեան իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը։ Որովհետև Տաճկաստանն է այն միակ իրական մերձաւորագոյն քաղաքական ոյժը, որ անմիջապէս և կենսապէս շահագրգռւած է Անդրկովկասի ժողովուրդների կատարեալ ազատագրութեամբ բօլշևիկեան Ռուսաստանի խեղդող լուծից և որ ի վիճակի է այդ պահիս իրական օգնութիւն հասցնել իրենց ազատութեան համար հերոսաբար կռւող Անդրկովկասի ժողովուրդներին։ Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստութիւն պիտի ունենայ թօթափելու իրենից անցեալի դառն յուշերն ու աւանդութիւնները և Տաճկաստանի բարեկամութիւնը հաստատելու համար։ Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործուն բարեկամութեամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գայ իր ներկայ ծանր տագնապից, և թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանայ վերջապէս ձեռք բերել տևական խաղաղութիւն և տևական ապահովութիւն։ Ուրիշ ճանապարհ չկայ…»
Ահա թե Դաշնակցության ղեկավարությամբ ստեղծված «Հայրենիքի Փրկության կոմիտեն» ում օգնությամբ էր ուզում փրկել Հայրենիքը։ Ահա թե ում թելադրանքով էր գործում այդ «Հայրենիքի Փրկության կոմիտեն»:
Կարծում եմ, որ վերոհիշյալը նկատի ունենալով՝ ընթերցողները կհամոզվեն, թե Դաշնակցության գաղափարախոսները և նրանց հետևորդներն ինչ նպատակ են հետապնդում՝ 100 տարի շարունակ 1921 թվականի փետրվարյան խռովությունը ներկայացնելով որպես Հայաստանի անկախության վերականգնում և ինչ նպատակով են հակահայկական համարում 1921 թ. մարտի16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագիրը։
Անհրաժեշտ է նշել, որ մի շարք հեղինակներ ռուս-թուրքական պայմանագիրը քննարկում են առանց զգացումների՝ հաշվի առնելով դրա ստորագրման ժամանակ ձևավորված միջազգային հարաբերությունները։
Հարկ եմ համարում ընդգծել 1921 թ. մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի նախօրյակին՝ ամիսներ շարունակ, Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմատը ինչպիսի դժվարությամբ է վարել դիվանագիտական բանակցությունները, և ինչպիսի ծավալ է ունեցել այդ կապակցությամբ կատարված նամակների, նոտաների փոխանակումը։ Կարծում եմ, որ այդ դիվանագիտական փաստաթղթերին ծանոթանալով՝ ընթերցողները կհամոզվեն, թե պայմանագիրը ստորագրելու համար ինչպիսի դժվարություններ են հաղթահարվել։
Վերջում անհրաժեշտ եմ համարում նշել, որ 1921 թ. ապրիլի 2-ին՝ Հայաստանում սովետական իշխանությունը վերականգնելուց հետո, Թուրքիան ձգձգում էր իրագործել Հայաստանի վերոհիշյալ տարածքներից իր զորքերը հեռացնելու պահանջը։
Թուրքիան հույս ուներ, որ Զանգեզուր հեռացած «Փրկության կոմիտեի» ղեկավարները կվերականգնեն իրենց իշխանությունը և նորից կհայտարարեն իրենց հավատարմությունը դեկտեմբերի 2-ի պայմանագրին։ Սակայն, Թուրքիայի նպատակը ձախողվել է։ Սովետական Ռուսաստանի կառավարության հանձնարարությամբ կարմիր բանակի հրամանատարությունը թուրքական զորքերի հրամանատար Կարաբեքիր փաշային վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով զորքերը դուրս հանել Հայաստանի տարածքից։ 1921 թ. ապրիլի 22-ին, ենթարկվելով Սովետական Ռուսաստանի պահանջին, Թուրքիան իր վերջին զորամասերը հանել է Ալեքսանդրապոլից։
Ի միջի այլոց, հարկ եմ համարում նշել, որ մարտի 16-ի պայմանագրի համաձայն՝ կարճ ժամկետում Թուրքիայի հետ պայմանագիր պետք է ստորագրեին Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։
Ինչպես մարտի 16-ի պայմանագիրը ստորագրելու նախօրյակին, այնպես էլ պայմանագրի կնքումից հետո թուրքական պատվիրակությունը վարում էր ձգձգելու քաղաքականություն։ Այժմ էլ Անդրկովկասյան երեք հանրապետությունների հետ բանակցություններ սկսելը Թուրքիան ձգձգում էր՝ հույս ունենալով, որ Զանգեզուրում Նժդեհի ղեկավարած զինված պայքարը կհաղթի, կտապալի Հայաստանում վերականգնված սովետական իշխանությունը, և դրա փոխարեն կհաստատվի դեկտեմբերի 2-ի պայմանագիրն ընդունող դաշնակցական կառավարությունը։ Սակայն Թուրքիայի սպասելիքները չարդարացան, և նա հարկադրված էր 1921 թ. հոկտեմբերին Կարսում սկսել բանակցություններ վերոհիշյալ հանրապետությունների հետ։
Աղբիւր՝ Նոր Խօսք