Վլադիմիր Պետրոսյան, Երևան, 2021
Նկատի ունենալով ՀՀ-ՌԴ եւ ՌԴ-Թուրքիա յարաբերութիւններու նոր փուլ մտնելը, ուր յստակօրէն կ՚երեւին նոր մերձեցումներ, որոնք ցոյց կու տան թէ յառաջիկայ տարիներուն կը սպասուին տարածաշրջանային նոր զարգացումներ, խմբագրութիւնս նպատակայարմար գտաւ իր ընթերցողներուն ծանօթացնել պատմաբան Վլատիմիր Պետրոսեանի մեկնաբանութիւնները հարիւր տարի առաջ կնքուած այն դաշնագիրներուն մասին, ուր արծարծուած են հողային եւ սահմանային խնդիրներ, որոնք ի վերջոյ յանգած են Խորհրդային Հայաստանի, Խ. Ապրպեյճանի, Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի մեզի յայտնի քարտէզին։ Նշենք որ ստորեւ բերուած գրութիւնը հեղինակին ներածական խօսքն է իր նոր հրատարակած «ՄՈՍԿՎԱՅԻ 1921 Թ. ՄԱՐՏԻ 16-Ի ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ» աշխատութեան:
Վերջին 44 օրեայ պատերազմին պատճառով ՀՀ-ի մէջ ստեղծուած բարոյա-հոգեբանական տրամադրութիւնները պատճառ հանդիսացած են նաեւ հակա-ռուս տրամադրութիւններու զգալի մագլցումի։ Հետեւաբար, նկատի առնելով նաեւ ստեղծուած ջղագրգիռ կացութիւնը, խմբագրութիւնս իր ընթերցողներուն ուշադրութեան կը յանձնէ պատմաբանին ներածական նշումները:
Գրութեան երկարութիւնը նկատի ունենալով որոշեցինք հրատարակել երկու մասով: Միաժամանակ կը կցենք նաեւ պատմաբան եւ դիւանագէտ Դոկտ. Արա Պապեանի դիտարկումները այս խնդրին շուրջ: Խմբ.
Վլադիմիր Պետրոսյան, Երեւան, 2021
1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի կնքումից անցել է 100 տարի։ Այդ պայմանագիրը մինչև օրս էլ գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում։ Հայտնվել են իրարամերժ տեսակետներ։ Հեղինակների մի մասը, հատկապես Դաշնակցության գաղափարախոսները և նրանց հետևորդները, այդ պայմանագիրը համարում են հայ ժողովրդի դեմ ռուս-թուրքական դավադրություն, Հայաստանի հաշվին իրենց խնդիրները լուծելու միջոց։ Անհրաժեշտ չեմ համարում նրանց արտահայտած գնահատականին հանգամանորեն անդրադառնալ։ Միայն կամենում եմ շատ համառոտ նշել հետևյալը։
1. Վերոհիշյալ ուսումնասիրողներն ու հեղինակները նշում են, թե այդ պայմանագիրը «կնքել են Սովետական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտ չեն հանդիսացել, և այդ իմաստով այն ամբողջապես անօրինական պայմանագիր է»: Այսպիսի պնդումը ժամանակավրեպ է, քանի որ երկու պետությունների միջև կնքված պայմանագրով հաստատված սահմանը, ի վերջո, ճանաչվել է Լոզանի կոնֆերանսում։ Որքան էլ նրանք կրկնեն, թե կնքված պայմանագիրն անօրինական է, որևէ արժեք չի ներկայացնում և միայն սուբյեկտիվ զգացումի արդյունք է։
2. Վերոհիշյալ գաղափարախոսները մարտի 16-ին կնքված պայմանագիրը գնահատում են որպես «չարաբաստիկ պայմանագիր» և պնդում են, թե «այդ պայմանագրով Թուրքիային է հանձնվել ոչ միայն Կարսի մարզը, այլև Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը զիջվել է Սովետական Ադրբեջանին»: Վերոհիշյալ հեղինակները «մոռանում են», որ Կարսի մարզն ու Սուրմալուն թուրքական զորքերը զավթել էին 1920 թվականի նոյեմբերի սկզբին։ Նրանք նաև «մոռանում են», որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրով Հայաստանի սահմաններից Թուրքիայի պնդմամբ դուրս են թողել Կարսը, Սուրմալուն, Արմավիրի և Թալինի շրջանների տարածքները, Շիրակի դաշտավայրը Ալեքսանդրապոլ քաղաքով, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի շրջանները, ինչպես նաև Արարատի շրջանի մի մասը, Շարուր-Դարալագյազը, Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը։ Այդ հեղինակներին հարկ եմ համարում հիշեցնել, որ 1920 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Վրաստանի հետ կնքված պայմանագրով նրան է հանձնել Լոռու տարածքը։
Այսպիսով, դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրով Հայաստանի Հանրապետության տարածքը կազմել է 9.000 քառ. կմ։ Անհրաժեշտ է նշել, որ վերոհիշյալ տարածքները, բացի Ղարաբաղից ու Նախիջևանից, մարտի 16-ին ստորագրված պայմանագրով վերադարձվել են Հայաստանին։ Հայաստանին վերադարձված տարածքների փոխարեն Թուրքիային են հանձնվել Կարսը և Սուրմալուն։ Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այնտեղ հաստատվել էր սովետական իշխանություն, և, որպեսզի կանխվեր Թուրքիայի մտադրությունը, Սովետական Ռուսաստանի պընդմամբ Նախիջևանը հանձնվել է Սովետական Ադրբեջանին։ Այսպիսով, ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի տարածքը 9000 քառ. կմ-ից հասցվել է մոտ 30000 քառ. կմ-ի։
Իսկ Ղարաբաղի հարցի կապակցությամբ անհրաժեշտ է նշել հետևյալը։ Սովետական Ռուսաստանի պահանջով Թուրքիայի հետ վարվող բանակցություններին հրավիրվել էին մասնակցելու Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի պատվիրակությունները։ Քառակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու և որոշվելու էր Սովետական Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանների հարցը։ Սովետական Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Գ. Չիչերինը Լենինին ուղարկած նամակում Ղարաբաղը համարում էր վաղնջական հայկական տարածք։ Նկատի ունենալով Չիչերինի այս տեսակետը՝ անհրաժեշտ է նշել, որ Սովետական Ռուսաստանի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, կնքվող պայմանագրով, հիմք ընդունելով, Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը Սովետական Հայաստանին զիջելու մասին Սովետական Ադրբեջանի պաշտոնական հռչակագիրը, մտադրություն ուներ դրան իրավական ձևակերպում տալ։
3. 1921 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագիրը որոշ հեղինակներ գնահատում են որպես «հակահայկական բնույթ ունեցող»: Նրանք այդ տեսակետը հիմնավորելու համար ընդգծում են, որ Մոսկվայում սկսված ռուս-թուրքական բանակցություններին» հայկական պատվիրակությանը թույլ չի տրվել մասնակցել, և զրկվել է պայմանագիրը ստորագրելու իրավունքից»: Մեղմ ասած, Դաշնակցության գաղափարախոսները և նրանց հետևորդները մեղանչում են ճշմարտության առջև։ Միաժամանակ վերոհիշյալի կապակցությամբ ուզում եմ հիշեցնել հետևյալը։
1921 թ. փետրվարի 24-ին Երևանում գտնվող թուրքական հրամանատարության ներկայացուցիչ Բեհաէդդին բեյը, որը նաև Հայաստանում ներկայացնում էր թուրքական կառավարությանը, այցելել է Ս. Վրացյանին և հայտարարել. «Մեր կառավարությունը ճանաչում է Հայաստանի փրկության կոմիտեն որպես միակ ազգային իշխանություն Հայաստանում։ Եվ այն չափով, որ չափով Հայաստանի և Տաճկաստանի սահմանների հարակից խնդիրներն ստացել են իրենց իրավական լուծումը Ալեքսանդրապոլի դաշնագրով, պարզ է, որ հայկական կառավարությունը ևս չի հանդուրժի, որպեսզի Մոսկվայի խորհրդաժողովում այդ հարցերը քննության առնվեն»: Բեհաէդդին Շաքիրը նաև խնդիր է դրել. «Համաձայնութեան պետութիւնների և Տաճկաստանի փոխյարաբերութիւններն արդէն նոր ընթացք են ստանում, որի լաւագոյն ապացույցն է հանդիսանում մօտ օրերս կայանալիք Լոնտոնի խորհրդաժողովը։ Հայ ազգային կառավարութիւնը, անկասկած, հարկ եղած միջոցները կը ձեռնարկէ Ալեքսանդրապոլի եղբայրական դաշնագրի հիմունքներով, հենց որպէսզի երրորդ օտար ուժեր հայկական խնդիրն առիթ չծառայեցնեն, պատգամավորութեան (նկատի ունի թուրքական պատվիրակությունը – Վ.Պ.) հնարաւորութիւնները սահմանափակելու»։ Եվ Թուրքիայի թելադրանքով Ս. Վրացյանը հեռագրեր էուղարկել Մոսկվա ու Լոնդոն։
Ստորև ներկայացնում եմ «Ազատ Հայաստան» թերթի հաղորդումը և Ս. Վրացյանի՝ Մոսկվա ուղարկած վերջին հեռագիրը.
ՄԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԻ ՆՈՐՅԱՅՏԱԳԻՐԸ ՉԻՉԵՐԻՆԻՆ
Մեր թերթի մէջ մենք արդէն հաղորդել ենք, որ Մօսկւայում բացւել է արևելքի խնդիրներին նւիրւած մի ժողով, որին մասնակցում են, նաև, Տաճկաստանի ներկայացուցիչները։ Այդ ժողովում, ինչպէս կյիշէ ընթերցողը, իբրև Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչ դուրս է եկել նախկին արտ. գործ. ժող. կօմ. Բէկզադեանը այն ժամանակ, երբ բօլշևիկեան իշխանութիւնը Հայաստանում տապալւած է, նկատի ունենալով, որ նախկին բօլշևիկեան իշխանութեան ներկայացուցիչները անամօթաբար շարունակում են խօսել ու գործել իբրև Հայաստանի ներկայացուցիչներ, Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան վարիչ Ս. Վրացեանը ուղղել է Մօսկւա, Չիչերինին հետևեալ հեռագիրը, միանգամ ընդմիշտ վերջ դնելու համար հայ բոլշևիկների ոտնձգութիւններին ընդդէմ ազատագրւած Հայաստանի։
ՄՈՍԿՎԱ, ԱՐՏ. ԳՈՐԾ. ԺՈՂ.ԿՕՄԻՍԱՐ ՉԻՉԵՐԻՆԻՆ Բոլորին, բոլորին, բոլորին
Հայրենիքի Փրկութեան Կօմիտէն իր ժամանակին հաղորդեց ձեզ, որ աշխատաւոր զանգւածները տարերային բնոյթ կրող ապստամբութեամբ տապալեցին Հայաստ. խորհրդային կարգերը, և որ փետրւարի 18-ից ամբողջ իշխանութիւնն անցաւ հայ դեմօկրատիայի իսկական ներկայացուցիչների ձեռքը։ Այնինչ, նախկին Խորհրդային Հայաստանի արտ. գործ.ժող կօմիսար Բէկզադեանը շարունակում է Մօսկւայում հանդէս գալ, խօսել Հայաստանի Հանրապետութեան անունից։ Հարկ ենք համարում կրկին անգամ ձեր ուշադրութիւնը հրաւիրելու և այն հանգամանքի վրա, որ փետրւարի 18-ի ակտով ոչնչացւած են նախկին Խորհրդային Հայաստանի կառավարութեան կողմից հաստատւած ներկայացուցչութիւնները, նաև այս կամ այն անձին արւած լիազօրութիւնները, հետևաբար, Բէկզադեանի հանդէս գալը իբրև Հայաստանի ներկայացուցչի, իրեն չպատկանող իրաւունքների մի կոպիտ շահագործութիւն է։ Հայաստանի կառավարութիւնը սրանով յայտարարում է, որ իր համար պարտադիր չեն Հայաստանի Հանրապետութեան անունից Բէկզադեանի ձեռքով կնքւված բոլոր պայմանագրերը, նաև նրա կողմից յանձն առնւված բոլոր պարտականութիւնները, ինչ իմաստով և ինչ չափով էլ որ լինին նրանք։ No 75, 12 մարտի։ Արտաքին գործերի նախարարութեան վարիչ՝ Ս. Վրացեան» («Ազատ Հայաստան», 1921թ. 15 մարտի):
(Շարունակելի)
Աղբիւր՝ Նոր Խօսք
1 comment
Պատմաբանի առարկայական պարզաբանում՝ հայոց նորագոյն պատմութեան բեկումնային մէկ դրուագին: Քաղաքականօրէն դեռևս տհաս մեր ժողովուրդին համար օդի չափ կարևոր է իմանալ պատմական ճշմարտութիւնները: Դժբախտաբար վերջին դարու մեր պատմագիրներուն պակսած են անաչառութիւնն ու հայ ժողովուրդի պատմութիւնը միջազգային իրադարձութիւններու համատեքստին մէջ տեղաւորելու անհրաժեշտ ընկալումը: Խիստ դաստիարակիչ պիտի ըլլայ նաև մեծ տէրութիւններու շահերուն հետ Հայաստանի ճակատագրի յարակցութեան իմացումը: Վլատիմիր Պետրոսեանի աշխատասիրութիւնը՝ ըստ երևոյթին՝ արդար յոյս կը ներշնչէ այս ուղղութեամբ: Անհամբեր կը սպասեմ երկրորդ հատուածին: