Մարզերի երեխաները մարզերում (ՄԵՄ) ընկերային-կրթական հասարակական կազմակերպության (ՀԿ) պատանի-երիտասարդների հետ հարցազրույցը վարեց «Գեղարդ»ի հրատարակիչ Արուսյակ Կարապետյանը:
Գեղարդ.- Ինչպե՞ս է ստեղծվել ՄԵՄը և որո՞նք են նպատակները։
ՄԵՄ.- «Մարզերի երեխաները մարզերում»ը ընկերային-կրթական ՀԿ է, որի միջոցով մարզերի երեխաները այցերի միջոցով ծանոթանում են Հայաստանի տարածքին, շփվում և ընկերանում իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև մարզեցիների համար ստեղծում է բազմոլորտ գիտելիքների ստացման և դրանց միջոցով աշխատանքի ընդունման հնարավարություններ։
Նպատակները`
- նպաստել երեխաների աշխարհայացքի ընդլայնմանն ու կրթամակարդակի բարձացմանը,
- նպաստել Հայաստանի զարգացման ապակենտրոնացմանը,
- օգտագործել Սփյուռքի ներուժն ու ամրապնդել կապերը։
«Մարզերի երեխաները մարզերում» ծրագիրը գործում է դեռևս 2019 թվականից։ Միտքը ծագել է ցանցային (network) արշավների կազմակերպման ժամանակ։ Արշավի մասնակիցները նկատելով, որ մարզաբնակ երեխաներից շատերը հնարավորություն չունեն այցելել մարզեր և շփվել հասակակիցների հետ,որոշեցին ստեղծել մի նախագիծ, որ կփակեր այս բացը։ ՄԵՄ-ի հիմնադիրների նպատակն էր աշխուժացնել ժամանցային, մշակութային կյանքը մարզերում, ապահովել երեխաներին հետաքրքիր զբաղմունքով՝ տալով բազում հնարավորություններ։
Արշավների ժամանակ հյուրընկալող գյուղը կազմակերպում էր քայլարշավներ, սեմինարներ, կինոդիտումներ, խաղեր, խարույկի շուրջ պարեր ու այլ զբաղմունքներ՝ կախված գյուղի առանձնահատկություններից ու տեսարժան վայրերից: Արշավները ֆինանսավորուել են բացառապես նվիրատվությունների միջոցով։
Քովիդ 19-ի տարածումից հետո ՄԵՄ-ն իր գործունեությունը սկսեց ծավալել առցանց տարբերակով։ Սկսեցինք ներգրավել տարբեր մարզերից կամավորներ ու կապերը ամրապնդելու, միասին կրթվելու և աշխատելու միտումով ստեղծվեց Աշխարհը փոխող կամավորների միությունը։ Այն իր շուրջն է համախմբել գաղափարակից անձանց` անկախ տարիքից, կոտրում է կարծրատիպեր և անում անհնարինը` տալով բազում հնարավորություններ։ Յուրահատուկ առողջ միջավայր է ու համայնք, ուր երեխաները միտված են միասին աճելու, խմբային աշխատելու, համայնքի զարգացմանը նպաստելու։
2021 թվականին մարտ ամսին ՄԵՄ-ը գրանցեցինք որպես հասարակական կազմակերպություն, որպեսզի ընդլայնենք համագործակիցների շրջանակը։
Գեղարդ.- Ինչպե՞ս է այն ստեղծում սովորելու, աշխատելու և մարզերում, գյուղերում, քաղաքներում ապրելու հնարավորություններ։
ՄԵՄ.- Սովորելու հնարավորություն – ՄԵՄ-ն ապահովում է մասնագիտական կրթության զարգացումը։ Երեխաները միանալով ՄԵՄ-ին հնարավորություն են ունենում անվճար հիմունքներով մասնակցել տարաբնույթ դասընթացներին, վեբինարներին, դրանք կազմակերպվում են առցանց, որպեսզի հասանելի լինեն Հայաստանի բոլոր մարզերի երեխաներին, սակայն այս պահին համագործակցում ենք մի շարք գաղափարակից հասարակական կազմակերպությունների հետ և նպատակ ունենք դասընթացների մի մասը իրականացնել անցանց՝ հենց գյուղերում, որն էլ ավելի կամրացնի կապը երեխաների մեջ։
Մինչ այս կազմակերպել ենք հետևյալ դասընթացները՝ բովանդակություն գրել և հեղինակային իրավունք գրել (content/copywrite), տեսանյութ խմբագրում (վիդեոմոնտաժ), տվյալների վերլուծություն, հասարակական ցանցերի շուկայավարում (SMM-social media marketing), գծագրական դիզայն (գրաֆիկական դիզայն), ծրագրավորում, էլեկտրոնային առևտուր (e-commerce), եռաչափ մոդելավորում:
Կրթական բաղադրիչի կարևորագույն մասն են կազմում փափուկ հմտությունները (soft skills), որոնք զարգացնում ենք մարզեցիների մեջ անընդհատ դրանց մասին խոսելով, օրինակներ ցույց տալով և, որ ամենակարևորն է, գործնական աշխատանքներով։ Վերոնշյալ հմտությունների շարքում առաջնային ենք համարում «սովորել` ինչպես սովորելու» հմտությունը (այլ կերպ ասած` «քթածակը»):
Հենց մասնագիտական գիտելիքների ու այս հմտությունների համադրության շնորհիվ են ստանում աշխատանքներ։
Աշխատանք մարզերում – Դասընթացներին մասնակցելու ընթացքում ՄԵՄ-ի անդամները ստեղծում են մի շարք ենթանախագծեր, որոնց մեծ մասը գործարքային (բիզնես) նախագծեր են։
Մարզերում աշխատատեղեր են ստեղծվում նաև Հայաստանի և Սփյուռքի Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (ՏՏ/IT) ընկերությունների կողմից, հենց մարզերի երեխաների ստեղծած սկսնակ ընկերությունների (start-up) կողմից․ օրինակ՝ TakeAR/Թեյքառ, որը զբաղվում է Լրացված իրականություն (Augmented Reality – AR) տեխնոլոգիայով աշխատող բջջային հավելվածների ստեղծմամբ:
Հատկանշական է, որ ՏՏ ընկերությունների կողմից ստեղծած աշխատատեղերում մարզեցի երեխաները ձեռք են բերում առցանց աշխատանք և ժամանակի ու տարածության մեջ գործում են ճկուն։
Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով`
Պետք չէ շտապել մայրաքաղաք կրթություն, աշխատանք ձեռք բերելու համար, այլ մայրաքաղաքը կառուցիր այնտեղ, որտեղ դու ես։
ՄԵՄ-ի երեխաները այս սկզբունքը կրողներն են։
Գեղարդ.- Քանի՞ կամավոր է ընդգրկված ՄԵՄ-ում, ո՞րն է տարիքային սահմանը և ինչն է նպաստել նրա հաջողությանը և աճին։
ՄԵՄ.- Այս պահին Աշխարհը փոխող կամավորների թիվը կազմում է ավելի քան 160 մարզեցի։ Ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից (Վրաստան)։ Նպատակ ունենք նաև ներգրավել Սփյուռքի մեր հայրենակիցների երեխաներին, որպեսզի մեր կամավորների հետ անմիջական շփման մեջ լինեն և իրականցնենք փորձի փոխանակում։ ՄԵՄ-ում տարիքային սահմանփակում չկա, կարևորը գաղափարակից լինելն է։ Կամավորների միջին տարիքը կազմում է 14-20 տարեկան, բայց ունենք և՛ 9 տարեկան, և՛ 30+ տարեկան կամավորներ։
Աշխարհը փոխող կամավորների հաջողության գաղտնիքը համերաշխությունն է, կազմակեպվածությունը, ինքնակրթվելու անհագ ցանկությունը, սերը և նվիրվածությունը համայնքների հանդեպ։
Գեղարդ.- Որո՞նք են զարգացման ծրագրերը. ցանկալի է մատնանշել մի քանիսը, որ պատանիներն իրականացրել են մարզերում և ի՞նչ նշանակություն են նրանք ունեցել:
ՄԵՄ. Մարզերի երեխաների կողմից ստեղծված նախագծերից են՝
- Լիներ հեռու մի անկյուն – ֆեյսբուքյան էջ, որը հանդիսանում է միջնորդ՝ գյուղական տների, հյուրատների և դրանցում հանգստացողների միջև՝ օգնելով հանգիստը դարձնել հաճելի, հարմար և անմոռանալի։ Միևնույն ժամանակ ներկայացնում են գյուղական բազմերանգ տներ՝ փոխանցելով գյուղական շունչ։
- Բառ ու բան – հայերենի առցանց ուսուցման հարթակ, որը նպատակ ունի սփյուռքի մեր հայրենակիցներին օգնել չմոռանալ իրենց լեզուն և ցանկացողներին սովորեցնել զրոյից` դասերը համալրելով հայկական մշակութային բաղադրիչներով։
- IT’s a village-ը (Դա մի գյուղ է) առցանց խանութ և հարթակ է։ Առցանց խանութի միջոցով վաճառվում են գյուղերի և փոքր համայքների ԱՐՄԱԹ ճարտարագիտական լաբերի ՏՏ աշխատանքները, իսկ հարթակի միջոցով ՏՏ ընկերություններն ու անհատները հնարավորություն են ունենում հանձնարարել առաջադրանքներ Արմաթի սաներին, որի դիմաց սաները վճարվում են խորհրդանշական գումարով։ Հարթակը նպաստում է սաների ստացած գիտելիքների գործնական կիրառմանը։
Այս ենթանախագծերի արդյունքում ստեղծվել է հզոր մի ցանց, որտեղ Հայաստանի բոլոր ծայրերից, առանց իրար տեսնելու միմյանց հետ աշխատում են տարբեր բառբառներ կրող երեխաներ և սրա արդյունքում կարողանում են զարգացնել նախագծերը։ Նախագծերի արդյունքում մարզերում ստեղծվում են աշխատատեղեր, մարզեցիները սկսում են հավատալ իրենց ներուժին և դառնում են առավել նախաձեռնող, որը պայմաններից մեկն է համայնքները զարգացնելու համար։
Գեղարդ.- Խնդրում ենք պատմել «Նվիրի՛ր հանձնարարություն (Task)» շարժման մասին։
ՄԵՄ.- Դեռևս արշավային ձևաչափման ժամանակ «Մարզերի երեխաները մարզերում» նախագիծը ֆինանսավորվում էր բացառապես նվիրատվությունների միջոցով։ Գործում էր «Նվիրի՛ր կիլոմետրեր» շարժումը, որի շրջանակներում կիլոմետրեր կարող է նվիրել յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն՝ 1կմ = 200 դրամ։
Վերջերս շարժումը համապատասխանեցնելով մեր ներկայիս գործունեությանը՝ մեկնարկել ենք «Նվիրի՛ր Task», որի շրջանակներում 1 Task = 1000 դրամ։
հանձնարարությունները իրենցից ներկայացնում են բազմաբնույթ առաջադրանքներ հեռահար աշխատանքի ձևաչափով մարզեցի երեխաներին՝ տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից հանձնարարված։ Ահա և նմանատիպ աշխատանքների օրինակներ. https://bit.ly/3tUuirk ։
Գեղարդ.- Ինչպե՞ս կարող են «Գեղարդի»-ի ընթերցողները կապ հաստատել ՄԵՄ-ի հետ։
ՄԵՄ.- ՄԵՄ-ի հետ կապ հաստատելու միջոցներն են՝
FB – https://www.facebook.com/Children.of.Regions
Web կայք – https://mem.team/
Gmail – [email protected]
1 comment
Very refreshing to see young people engaged in a variety of activities in the provinces of Armenia away from the unending squabbles in Yerevan. The youth of “Մարզերի երեխաները մարզերում” need all the support to continue their creative spirit and get ready to be the leaders of the nation one day.
Thank you Keghart for changing the record for a moment, when all of us need some relief from the all consuming depression that we are in.