Այվազովսկու մշտական ցուցադրությունը

Նառա Դանիելյան, Երևան, 29 հունիս 2023

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին՝ Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, հայ աղքատ ընտանիքում: Նրա ազգանունը Այվազյան էր. նկարչի կտավներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը: Նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր 17-րդ դարում գաղթել էին Արևմտյան Հայաստանից:

Այվազովսկին վրձնել է 6000-ից ավելի կտավ, մեծավ մասամբ՝ ծովանկարներ: Դրանք տեղ են գտել տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրահներում, անհատ արվեստասերների հավաքածուներում:

Հովհաննես Այվազովսկին մահացել է 1900 թվականի մայիսի 2-ին՝ իր հարազատ Թեոդոսիայում: Թաղված է նույն քաղաքի հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում:

Ցավալի է արձանագրել, որ Այվազովսկու հայության մասին վկայող անհաշիվ փաստերն անտեսելով, ազգայնամոլական ձգտումներով առաջնորդվող ռուս և ուկրաինացի մտավորականներ, արվեստաբաններ, պետական ու քաղաքական գործիչներ և այլք Այվազովսկուն հայտարարում են ռուս կամ ուկրաինացի, մինչդեռ արևի լույսի նման հստակ է, որ գեղանկարչության այս հսկան իր ողջ էությամբ հայ է եղել:

Հունիսի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվեց Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը: Շուրջ երեք տարի մշտական ցուցադրությունը եղել է փակ, ընթանում էին ջերմախոնավային համակարգի ներդրման աշխատանքներ, որոնց յաջորդեց ցուցասրահների վերանորոգումը: Այս բոլոր անհրաժեշտ քայլերից հետո, վերաբացվեց Հովհաննես Այվազովսկու մշտական ցուցադրությունը:

Ցուցադրությունն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Վերանորոգված ու արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, Այվազովսկու ցուցասրահի բացումը խորհրդանշական համարելով, ընդգծեց․ «Հիմա, ավելի քան երբևէ, մենք կարիք ունենք հույսի, լույսի, փարոսի… Հովհաննես Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիզմի շատ կարևոր դարաշրջանում, և իր գրեթե բոլոր կտավներում, լինի դա գիշերային տեսարան, լինի փոթորիկ թե լուսավոր խաղաղ օր, կա լույսի մի նշույլ, լույսի տարր, ինչը քեզ համակում է լավատեսությամբ»:

Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի վարիչ Հայկուհի Սահակյանը, խոսելով Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական երկար և բեղուն ուղու մասին, ընդգծեց, որ մեծ նկարչի ավանդն անգնահատելի է թե՛ հայկական, թե՛ համաշխարհային կերպարվեստում․ «Նա այն բացառիկ արվեստագետներից էր, որ փառքի դափնիները վայելեց դեռևս իր կենդանության օրոք»,– նշեց նա:

Ցուցադրությունն ամփոփում է Այվազովսկու ծովային գեղանկարները, այսինքն՝ գիշերային ծովային տեսարանները, որոնք լայն տարածում ունեին ռոմանտիզմի արվեստում և իրենց յուրօրինակ դրսևորումն են գտել Այվազովսկու ստեղծագործություններում: Նրանք դիտողին հաղորդում են այդ խորհրդավոր մթնոլորտը՝ ռոմանտիզմի դարաշրջանին բնորոշ լույսի շողերի արտացոլումը ծփացող ալիքների վրա: Այդ գեղանկարները իսկապես խենթացնող ու սքանչելի են: Նրանք շարունակում են հուզել ու հմայել արվեստասերներին նույնիսկ 125-175 տարի անց:

«Այվազովսկու տարերքն էր փոթորկոտ ծովը պատկերելը, և որքան էլ որ խռովահույզ տեսարաններ էր նա պատկերում, միևնույնն է, մութ ամպերի արանքից ճեղքում էր լույսը՝ հավատի, հուսո առհավատչյան: Նրա ողջ արվեստը տոգորված է լավատեսությամբ, ծանր, անհուսալի թվացող կացություններից հետո խաղաղության վիճակի անպայման հասնելու հավատքով»,– նշեց Հայկուհի Սահակյանը:

Այվազովսկին բավական աշխուժ ճանապարհորդ էր: Նա եղել է բազմաթիվ երկրներում, ոգեշնչվել նրանց բնությամբ, դիտարկել տարբեր ժողովուրդների կյանքն ու կենցաղը: Ցուցասրահներում կարելի է գտնել նրա ճամփորդական գործերը: Նա սիրում էր փորձարարություններ (էքսպերիմենտներ) անել:

«Ծովն իմ կյանքն է»,– այսպիսին էր մեծ արվեստագետի ստեղծագործական ներշնչանքը: Եվ նա մինչև իր կյանքի վերջը հավատարիմ մնաց իր ներզգացողությանը, որից ծնվեցին անկրկնելիորեն հանճարեղ երկեր:

Հայաստանի ազգային պատկերասրահի Այվազովսկու հավաքածուն ձևավորվել է Խորհրդային Հայաստանի պետական թանգարանի ստեղծման տարիներին, հետագայում՝ հարստացել: Առաջին աշխատանքները պատկերասրահին են փոխանցվել Մոսկվայում Հայաստանի մշակույթի տնից (նախկին Լազարյան ճեմարան): Դրանք նկարիչն անձամբ նվիրել էր Լազարյաններին: Այնուհետ, հավաքածուն շարունակաբար համալրվել է տարբեր ձեռքբերումների ու նվիրատուների շնորհիվ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, անվանի արվեստագետներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ:

Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 21-ից վերաբացված Հովհաննես Այվազովսկու փոթորկահույզ ալիքներն ու լուսահմա այգաբացները դիտելու, վայելելու հնարավորությունն այլևս ընձեռնված է բոլորին:

Բարի վայելում:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like