Արամ Խաչատրյանը մեր ինքնության ելևէջներում

Նառա Դանիելյան, Երևան, 29 փետրվար 2024

«Ես հայ եմ, եղել եմ, կամ ու կլինեմ հայ, և իմ ստեղծագործությունը, իմ ամբողջ գործունեությունն ամենից առաջ պատկանում է իմ հարազատ ժողովրդին և իմ հայրենիքին` Հայաստանին…»,– մեծանուն երգահան Արամ Խաչատրյանի հավատամքի, երդման պես հնչող խոսքերն են:

Ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին՝ Եղիա Խաչատրյանի ընտանիքում: 1913 թվականին ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը: Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ՝ անդամակցում է մի փողային նվագախմբի:

1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի երաժշտական քոլեջ»: 1929 թվականից Արամն ուսանում է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու դասարանում: Ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով՝ ներկայացնելով իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»: Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, «Վալենսիական այրի» շարքը, «Դիմակահանդես»-ը: 1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը՝ «Գայանե»-ն:

1936-1947 թվականները ամենաարգասաբերն էին Խաչատրյանի կյանքում: Նա գրում է երաժշտություն ներկայացումների և ֆիլմերի համար: 50-ականներից Խաչատրյանը դասավանդում է Գնեսինի անվան ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում:

Արամ Խաչատրյանը մահացավ 1978 թվականի մայիսի 1-ին: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու Հայ Մեծերի պանթեոնում:

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումներով հագեցած տարվա նախագծերից մեկն էլ մեծ երգահանին նվիրված «Արամ Խաչատրյան» անգլերեն պատկերազարդ ժողովածուն է (թարգմանիչ՝ Ստելլա Լորեցյան, 21 x 29,7 սմ. չափսի 260 էջ): Տպագրական բարձրորակ, գեղատիպ հատորը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ լույս է ընծայել է «Արմավ» հրատարակչությունը 1000 օրինակ տպաքանակով: Աշխատությունը հետաքրքիր է ոչ միայն Խաչատրյան արվեստագետի կյանքի իրողությունների ու փաստերի յուրատիպ շարադրանքով, այլև արժեքավոր նորահայտ նյութերի հրատարակմամբ: Ժողովածուում Խաչատրյանն ինքը առաջին դեմքով է պատմում իր մասին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի խոսքով, «Մեր առջև մի շատ կարևոր խնդիր է կանգնած և այն արդիական է միշտ․ մեր մեծերին, մեր մշակույթը ներկայացնել ամբողջ աշխարհին, և այս անգլերեն ժողովածուն իր ծավալով առաջինն է Արամ Խաչատրյանի պարագայում»: Գրքում զետեղված են Արամ Խաչատրյանի մտորումները, խոհերը, ասույթներ նրա մասին, նրա և նրա հզոր արվեստի մասին օտարերկրյա երաժիշտների և մամուլի գնահատականները, նամակներից հատվածներ, նաև բացառիկ լուսանկարներ՝ դարի մեծանուն արվեստագետների հետ, ազդագրեր, էսքիզներ, Խաչատրյանի երաժշտական գործերի ցուցակը և ձեռագիր նոտաներ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուից: Մեծ տեղ են զբաղեցնում նաև նորահայտ նյութերը, ինչպես նաև գունաւոր ու սեւ-սպիտակ հարյուրաւոր լուսանկարները: Ժողովածուում կարևորվել է մաեստրոյին ներկայացնելը համապարփակ՝ ընդգծելով նրա հայկական ինքնությունը: Հատկապես շեշտադրված է հայկական սփյուռքի հետ Խաչատրյանի ջերմ ու անխզելի կապը:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Շահմանյանի փոխանցմամբ, «Խաչատրյանը ոչ միայն հայ է իր երաժշտության մեջ, այլ նաև իր ողջ հոգով, իր սրտով, իր գործունեությամբ: Նա երբեք չի մոռացել իր արմատների մասին և հպարտացել է իր արմատներով»:

Ընթերցողը մաեստրոյի հետ համաքայլ ընթանում է նրա կյանքի ուղիով՝ առնչվելով բազմաթիվ հետաքրքիր փաստերի, նշանակալի իրադարձությունների, նրա կյանքի հիշարժան էջերի հետ:

Փաստական հարուստ նյութով և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատությունը բազմաթիվ ջերմ արձագանգներ է ստացել ընթերցողներից, ինչն էլ ժողովածուն կազմողներին ոգևորել է մոտ ապագայում այն հրատարակել հայերենով․ «Մենք ինքներս պետք է ճանաչենք մեր մեծերին, և դա առիթ է, որ այս ժողովածուն մոտ ապագայում կարողանանք ներկայացնել այլ լեզուներով, նաև մայրենի լեզվով»,– հավելեց տիկին Գրիգորյանը:

Ժողովածուում ներկայացված է նաև մուլտիմեդիա բովանդակություն․ QR կոդերի օգնությամբ ընթերցողները կարող են ունկնդրել Խաչատրյանի ամենասիրված ստեղծագործությունների արխիվային բացառիկ ձայնագրությունները հեղինակի և նշանավոր երաժիշտների կատարմամբ: Հասանելի են նաև եզակի և փաստագրական տեսանյութեր:

Մեծ արվեստագետին նոր լույսի ներքո ներկայացնող գիրքը ինչպես արհեստավարժ երաժիշտների, այնպես էլ երաժշտասերների լայն շրջանակի համար է:

Եվ ուրեմն մենք էլ ճանաչենք, գնահատենք ու սիրենք մեր մեծերին` նախևառաջ պահպանելով նրանց ժառանգությունը: Ինչպես հայ ժողովրդի մեկ այլ տաղանդաշատ զավակը` Համո Սահյանն է Խաչատրյանին բնորոշել. «Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի: Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը…»:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like