Հուշ-ցերեկույթ նվիրված կինոբեմադրիչ Արկադի Հայրապետյանի 95-ամյակին

Նառա Դանիելյան, Երևան, 29 հուլիս 2023

Տարին հոբելյանական է հայկական կինոյի համար. տոնում ենք հիմնադրման 100-ամյակը: Այս համածիրում օրերս Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց կինոբեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Հայրապետյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ներկայացված են նրա կյանքն ու գործունեությունն արտացոլող արժեքավոր վավերագրեր. լուսանկարներ, բեմագիրներ (սցենարներ), նամակներ, ազդագրեր և արխիվային այլ նյութեր: Ազգային կինոյի 100-ամյակի տարում Գրականության և արվեստի թանգարանը հատկապես կարևորում է կինոյի նվիրյալների վերարժևորումը:

Ցուցադրության բացմանը հաջորդած հուշ-ցերեկույթի բացման իր խոսքում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը մասնավորապես նշեց. «Այս տարի լրանում է թե՛ հայ կինոյի 100-ամյակը և թե՛ Արկադի Հայրապետյանի 95-ամյակը, նրանք գրեթե հասակակիցներ են: Ժամանակակիցները նրա մասին միշտ խոսում են սիրով, խոսում են նրա մարդկային հմայքի մասին: Պատմում են, որ նա շատ կենսալից, ուրախ մարդ է եղել. ՄԱՐԴ-ՏՈՆ, այսպես են բնութագրում նրան ընկերները»:

Վերջերս թանգարանի կինոարխիվը համալրվել է նոր նվիրատվություններով: Արկադի Հայրապետյանի արխիվը ստեղծվել էր նրա կնոջ՝ դերասանուհի Տանյա Շահինյանի նվիրատվությամբ, այժմ այն հարստացավ կինոբեմադրիչի դստեր՝ դաշնակահարուհի Անահիտ Հայրապետյանի նվիրած արժեքավոր նմուշներով, այդ թվում նաև Սերգեյ Արուտչյանի՝ բեմադրիչին մակագրված ստեղծագործությամբ:

«Սարոյան եղբայրներ», «Արևիկ», «Ժայռը», «Շեկ ինքնաթիռ», «Գործուղում առողջարան». հայ կինոյի լավագույն ու ամենասիրված ֆիլմերում նրա անունն առաջինն էր հեղինակային կազմում: Վերոնշյալ ֆիլմերն արժանացել են հեղինակավոր մրցանակների:

Հայրապետյանը ոչ միայն տաղանդավոր բեմադրիչ էր, այլ նաև հրաշալի կազմակերպիչ. «Կազմակերպչական գործում կինոյի հենասյուներից է համարվում: Արկադի Հայրապետյանը խոստովանում է, որ կինոն իր մեծ սերն է, նա կինոյով ապրող մարդ էր, սիրով ու մեծ նվիրումով է կատարել ամեն մի գործ, նրա յուրաքանչյուր նախաձեռնություն միշտ հաջողել է»,– իր խոսքն ամփոփեց թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը:

«Հայ կինոյի 70-ական թվականների ազդեցիկ դեմքերից էր Արկադի Հայրապետյանը, և հիշվող ֆիլմեր է բեմադրել, որոնք մեծ ոգևորությամբ ընդունել են թե՛ հանրությունը և թե՛ մասնագետները»,– իր խոսքում նշեց կինոգետ, պրոֆեսոր Անետա Երզնկյանը:

Հուշ-ցերեկույթին ելույթ ունեցան նաև բեմադրիչ Հրանտ Հակոբյանը, կինոգետներ Պավել Ջհանգիրովը, Ռոբերտ Մաթոսյանը, Արկադի Հայրապետյանի դուստրը Անահիտ Հայրապետյանը, անվանի այլ մտավորականներ:

Արկադի Հայրապետյանի 95-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթն անցավ ջերմ հիշողություններով, հուզմունքով և ծիծաղով:

Հայրապետյանի դուստրը ձախին՝ միջոցառման ժամանակ

«Եթե նորից ընտրություն անեի, էլի կինոբեմադրիչի մասնագիտությունը կընտրեի»,– կինոյով ապրող, կինոն իր անբաժանելի մասը համարող ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Հայրապետյանի խոսքերն են։

Արկադի Հայրապետյանը ծնվել է 1928 թվականի հունիսի 4-ին, Բաքվում։ Քսաներեք տարեկան էր, երբ տեղափոխվեց Երևան և ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին։ Աշխատել է Մայր թատրոնում (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), հետո՝ «Հայֆիլմ» կինոհիմնարկությունում (կինոստուդիա)։ Կինոյի մեծ ճանապարհը սկսել է բեմադրիչի օգնականից, կարճ ժամանակ անց դարձել բեմադրիչ և նկարահանել ֆիլմեր, որոնք մինչև հիմա հեռուստաէկրանին են։ Մահացել է 1993 թվականի մարտի 31-ին, Երևանում։

Ազգային կինոյի 100-ամյակի առթիվ Գրականության և արվեստի թանգարանը շարունակում է հոբելյանական միջոցառումների շարքը. մեկնարկել է նոր նախագիծ՝ հայ կինոյին նվիրված դասախոսություն-հանդիպումների շարք, որը կշարունակվի մինչև տարեվերջ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like