Հավերժական Հայաստանը՝ հնագույն քարտեզներում

Նառա Դանիելյան, Երևան, 27 օգոստոս 2024

Հայաստանի պատմության թանգարանը սույն թվականի օգոստոսի 14-ին հանրությանը ներկայացավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրության վերաբացմամբ: Ցուցադրությունը համալրվել է թվայնացված բովանդակությամբ, ինչն էլ հնարավորություն է տալիս թվային տարբերակով ավելի շատ տեղեկատվություն փոխանցել այցելուներին:

Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը վերաբացման առթիվ իր խոսքում ընդգծեց ցուցադրության կարևորությունը հատկապես պատմական այս փուլում՝ Հայաստանի սահմանների դեմ իրականացվող կեղծ քաղաքականությունը կանխելու և հասարակության շրջանում գիտելիքների խորացման տեսանկյունից․«Ցուցադրության վերաբացումը իրականություն է դարձել աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանի հետ համագործակցության շնորհիվ: Տեղադրվել են մեծ պատկերացույցներ (էկրաններ), որոնք թույլ են տալիս թվային տարբերակներով առավել գրավիչ և ավելի շատ բովանդակություն ներկայացնել մեր այցելուներին»,– նշեց պարոն Պողոսյանը: Նա պարզաբանեց, որ ի տարբերություն երկու տասնյակ քարտեզների շարք ներկայացնող նախկին ցուցադրության, վերաբացված ցուցադրության մակերեսը որոշակի փոքրացվել է՝ շնորհիվ թվայնացված նյութերի ավելի գրավիչ ու գունային լուծումների:

Ցուցադրությունում ներկայացված են Հայաստան անվան և Հայկական լեռնաշխարհի յիշատակումներով պատմական քարտեզներ: Ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում պատրաստված 15 քարտեզի թվային լուսապատճեններ: Ամենահինը բաբելոնյան կավե սալիկն է (Ք․ ա․ 6-րդ դար), իսկ քարտեզների թվագրումը հասնում է մինչև 20-րդ դար:

Վերաբացված ցուցադրության բացմանը Ռուբեն Գալչյանը «Քարտեզը և պատմությունը» բանախոսությամբ ներկայացրեց հնագույն ժամանակներից մինչև խորհրդային ժամանակահատվածը տպագրված քարտեզներում Հայաստանի տեղագրությունը:

Պարոն Գալչյանը մասնավորաբար նշեց․«Քարտեզները ոչ միշտ է, որ ճիշտ են ներկայացվում: Հաճախ քարտեզները կեղծվում են և ծառայում հենց քարտեզ գծողի կամ նրա կարգադրողի ինչ-որ նպատակների: Դրա համար, առաջին հերթին քարտեզագետը փնտրում-գտնում է, թե ուրիշները այդ շրջանն ինչպես են պատկերացրել, գծել, և միայն համապատասխանության դեպքում կարելի է քարտեզները հավաստի համարել»:

Անդրադառնալով ադրբեջանական քարտեզագրական կեղծարարությանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես ներկայացվում է որպես իրենց պատմական տարածք, պարոն Գալչյանը շեշտեց, որ մինչև 1918 թվականը այժմյան Ադրբեջանը որևէ քարտեզի վրա չի հիշատակվում որպես երկիր: Այն ներկայացված է որպես Պարսկաստանի խանություն ամենատարբեր անուններով՝ Ատրպատական, Շիրվան և այլն: Այնուհետև, շարունակում է գիտնականը, 1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության հռչակմամբ յուրացրել է Պարսկաստանի համանուն նահանգի անունը, որն, ըստ գիտնականի, տարածքային հավակնությունների նկրտումներով է պայմանավորված:

Ըստ պարոն Գալչյանի, հակասություններ կան նաև Ադրբեջանի՝ իր պատմական նախնիների փնտրտուքի հարցում․ ադրբեջանցի պատմաբաններն ու քարտեզագետները մի դեպքում իրենց համարում են օղուզ-թուրքեր, մյուսում՝ աղվանների ժառանգներ, մեկ այլ դեպքում՝ թուրքեր:

Հանգիստ թողնենք մեր աստանդական դրացուն իր դեգերումներում. հորինված ու վտիտ «արմատով»՝ նա հեռուն չի գնա…

Հայաստանի պատմության թանգարանի դռները բաց են օտարազգի և հայ այցելուների համար, բոլոր նրանց, ովքեր չեն վախենում առերեսվել պատմական իրականությանը և ձգտում են ճշմարտության հայտնաբերումին:

*****

1 comment
  1. Հնագոյն քարտէզներուն վրայ գտնուիլը շատ կարեւոր է սակայն խնդիրը ապագայի քարտէզներուն վրայ իր պատմական տեղը գրաւելն է։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like