Նառա Դանիելյան, Երևան, 28 Նոյեմբեր 2022
Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) շարունակում է «Դրվագներ ինքնության» խորագրով ցուցադրությունների շարքը: Ազգային ավանդական տարազը, զարդերը, ապա նաև զենքերը ներկայացնող նախագծերից հետո այս անգամ ցուցադրվում է թանգարանի ազգագրության ֆոնդի գորգերի արժեքավոր հավաքածուի ընտրանին:
Հայկական գորգի ակունքները գալիս են հնագույն ժամանակներից. գորգը եղել է մեր ազգային ինքնության հիմնական դրսևորումներից մեկը:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշում է․ «Գորգը մեզ համար ոչ միայն ինքնության կարևոր դրվագ է, այլև արժեքավոր մշակութային ժառանգություն է: Եթե ուշադիր լինեք, կնկատեք՝ այն համադրված է տարաբնույթ նյութերի հետ: Սա ցույց է տալիս, որ դա մեր մտածողության ձևերից մեկն է, հետևաբար շատ կարևոր է դա ներկայացնելը»:
ՀՊԹ-ի փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանը նշում է, որ դեռևս անցյալ տարի ՀՊԹ-ում մեկնարկել է «Դրվագներ ինքնության» խորագրով ժամանակավոր ցուցադրությունների շարքը: Հիմնական նպատակն էր յուրաքանչյուր անգամ, ժամանակավոր կամ թեմատիկ ցուցադրությունների տեսքով ներկայացնել մեր ազգային մշակույթի առանցքային բաղադրիչներից մեկը: Շարքն սկսվեց «Դրվագներ ինքնության․ տարազ» խորագրով ժամանակավոր ցուցադրությամբ, հաջորդիվ բացվեցին «Դրվագներ ինքնության․ զարդ», «Դրվագներ ինքնության․ զենք» ցուցադրությունները: Շարքի չորրորդ մասն արդեն նվիրված է հայկական գորգերին:
Հայաստանի պատմության թանգարանում պահվում է շուրջ 2000 գորգ, կարպետ և կարպետանման գործվածք: Ցուցադրության ներկայացված է դրանցից մոտ հինգ տասնյակը: Դրանք համադրված են արխիվային լուսանկարներով, որոնց միջոցով տեսնում ենք, թե 19-20-րդ դարերում ինչպե՞ս են զբաղվել գորգագործությամբ, գորգը կենցաղում ի՞նչ նշանակություն է ունեցել, ինչպիսի՞ նյութերով են գորգերը ներկել և այլն:
«Ինչո՞ւ հատկապես այսօր գորգի թեման: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հատկապես մեր հարևաններն այդ ուղղությամբ շատ եռանդուն աշխատում են պատմական փաստերը խեղաթյուրել, փորձում են հայկական գորգերը յուրացնել և ներկայացնել որպես իրենցը: Այս տեսանկյունից գորգերի ցուցադրությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի»,– նշեց Արուսյակ Ղազարյանը:
ՀՊԹ-ի ազգագրության բաժնի գիտաշխատող Հասմիկ Պետրոսյանը հայտնում է, որ թանգարանը մի յուրօրինակ ընտրանի է ներկայացնում այցելուներին: Ցուցադրության հայեցակարգային հիմքը հայկական գորգերի զարդապատկերների և խորհրդանշանների Լիլյա Ավանեսյանի իմաստաբանությունն է: Ցուցադրության հանված գորգերը մեկնաբանվում են որպես աշխարհի ընթերցման տեսանելի պատկերներ: Հանրությանն ի ցույց են դրվել վիշապապատկերներով գորգեր, վիշապակարպետներ, ծառային և լուսային նախշերով, այլ խորհրդանշաններով գորգեր:
Երկրորդ սրահում առանձինն ներկայացված են քրիստոնեական խորհուրդներ կրող գորգերը:
Երրորդ սրահում տեղ են գտել ՀՊԹ-ում պահվող գորգերի եզակի օրինակներ, որոնք առհասարակ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի համար են եզակի նաև:
Ամենավերջին սրահում թանգարանային հավաքածուի ամենահին գորգերն են, որոնք գործվել են 16-17-րդ դարերում: Ներկայացված են նաև Ք․ա․ երրորդ, երկրորդ և առաջին հազարամյակով թվագրվող աշխատանքային գործիքներ, զուգահեռ՝ արխիվային լուսանկարներ, որոնք հուշում են, թե ինչ միջավայրում են գորգ գործել, թելը մշակել և այլն:
Կան նմուշներ, որ առաջին անգամ են ցուցադրվում:
Արցախ, Սյունիք, Վան, Բաղեշ, Արաբկիր, Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը: Սա է ցուցադրված գորգերի աշխարհագրությունը:
Ցուցադրության ծրագրի շրջանակում, գորգագործական ընկերություններից մեկի հետ համագործակցությամբ, թանգարանի այցելուները տեղում կկարողանան տեսնել, թե ինչպես է գործվում ՀՊԹ-ի ընտրանու ամենահետաքրքիր գորգերից մեկի կրկնօրինակը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ ու անմիջական աջակցությամբ իրականացվող ցուցադրությունը բաց կլինի առաջիկա 3-4 ամիսների ընթացքում: