Հայկական կինոն նամականիշների բացառիկ ցուցահանդեսում

Նառա Դանիելյան, Երևան, 3 Մայիս 2023

Այս տարի հոբելյանական է հայկական կինոյի համար. տոնում ենք նրա հիմնադրության 100-ամյակը:

Հոբելյանական միջոցառումների շարքում հիրավի բացառիկ էր Հայաստանի կինոգործիչների միության «Ազգային Սինեմատեք» թանգարանում բացված և Հայկինոյին նվիրված նամականիշների ցուցադրությունը: Այն հանրության դատին հանձնեց նամականիշների հավաքածուի հեղինակ Ժան Գյուլբենկյանը:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ցուցադրության բացումը կատարելով, մասնավորապես նշեց. «Բացում ենք մի ցուցահանդես, որը հրաշալի մի մարդու, մտավորականի տարիների աշխատանքն է: Իր հոգնությունն այսօր մեզ պարգևում է երջանկություն»: Դիմելով պարոն Գյուլբենկյանին, նա ավելացրեց. «Շնորհակալություն Ձեր արած գործի և Ձեր անգնահատելի նվերի համար: Ձեր հավաքած նյութերը սերունդներին ժառանգ եք թողնում թե՛ այս թանգարանում, թե՛ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում»:

Մասնագիտությամբ քիմիկոս, գիտության թեկնածու, համալսարանի դասախոս, դոցենտ Ժան Գյուլբենկյանը բազում տարիներ խնամքով հավաքել է հայկական կինոյի պատմության յուրօրինակ վավերագրերը: Բացման հանդիսության իր խոսքում նա ընդգծեց. «Այս տարին հատուկ է հայ կինոգործիչների համար: Ես կինոգործիչ չեմ, բայց մեծ կապ ունեմ կինոյի հետ: Այդ կապը ՍԵՐ-ն է: Հայկական կինոյի 100-ամյակին եմ նվիրում իմ 48 տարիների հավաքչական աշխատանքի այս ցուցադրությունը: Ես հավաքել եմ ամեն նյութ, ամեն մանրուք որ վերաբերում է հայկական կինոյին ու կինոգործիչներին, գովազդում նրանց: Փոքր տարիքից եմ սկսել հավաքել: Օգնում էին ծնողներս»:

Ցուցադրությանը ներկայացված են ոչ միայն հայկական կինոյին, այլև համաշխարհային կինոյին աղերսվող նամականիշներ: Ցուցադրվում են նաև նամակներ հայտնի մարդկանց ձեռագրով գրված: «Ինձ համար կարևոր են Սերգեյ Փարաջանովի, Համո Բեկնազարյանի, Հենրիկ Մալյանի, Արամ Խաչատրյանի ու հայ մշակույթի եւ արվեստի այլ երևելիների ձեռքով գրված նամակները»,– ասաց պարոն Գյուլբենկյանն ու ավելացրեց, որ իր համար, կինոն ոչ միայն կինոբեմադրիչներն էին ու դերասանները, այլև բեմագիրները, նկարիչները, երգահանները, ձևաւորողները, նկարահանողները, դիմահարդարները եւ ամեն ոք որ դույզն իսկ առնչություն է ունեցել ֆիլմերի ստեղծման մեջ:

Նամականիշները հավաքելուն զուգահեռ Ժան Գյուլբենկյանը երիտասարդ հասակից կարդում է կինոյին առնչված գրականություն և պարբերական մամուլ, դրանց մեջից դուրս գրում կարևոր համարած տեղեկությունները: «Ես ունեմ տասնյակ տետրեր աշխարհի հայտնի կինոգործիչների մասին գրառումներով»,– ասում է պարոն Գյուլբենկյանը:

Նամականիշների բացառիկ հավաքածուի հեղինակը նաև փաստում է. «Այս ամբողջ հավաքածուում ունեմ եզակի նմուշ, որի երկրորդը գոյություն չունի. դա Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմին վերաբերող նամականիշն է»:

Այս նյութերով, բացիկներով, նամականիշներով երևան է գալիս հայկական կինոյի պատմությունն իր համապարփակ ընդգրկմամբ: Ցուցանմուշներում ներկայացված են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և արտասահմանյան այլ երկրների հայազգի կինոգործիչները, որոնք իրենց ներդրումն են ունեցել կինոարվեստի պատմության մեջ:

Բացման հանդիսության իր ելույթում կինոգետ Դավիթ Մուրադյանը, դիմելով պարոն Գյուլբենկյանին, ասաց նաև. «Այս Ձեր ամբողջ կյանքի նվիրումն է՝ մեծապես հաջողված»:

Ցուցադրության բացման հանդիսությանը ներկա էին անվանի կինոգործիչներ, մտավորականներ, լրագրողներ, ուսանողներ, կինոարվեստի սիրահարներ:

Ցավոք, եզակի ու բացառիկ այս ցուցադրությունը լայն հասարակայնության առջև բաց մնաց ընդամենը հինգ օր (ապրիլի 13-ից 17-ը):

Ցանկալի է, որ Հայաստանի կինոգործիչների միությունը Ժան Գյուլբենկյանի հավաքածուի ցուցադրություններ կազմակերպի ՀՀ մարզերում, ինչո՞ւ չէ՝ գործակցաբար ՀՀ գիտության, կրթության, մշակույթի և մարմնամարզի նախարարության ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ՝ նաև հայկական գաղթօջախներում:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like