Նոր շունչ Ջիվանու ժառանգությանը

Աշուղ Ջիվանու արխիվը կթվայնացվի

 Նառա Դանիելյան, Երևան, 29 Հոկտեմբեր 2022

Աշուղ Ջիվանու (Սերոբ Լևոնյան, 1846-1909) անունը կապվում է աշուղական արվեստի հայկական նոր դպրոցի հետ: Աշուղն իր երգերում նկարագրել է հասարակ մարդկանց աղքատությունն ու նրանց իրավունքների բացակայությունը, դատապարտել կեղեքողներին: Ջիվանու երգերից շատերը հայտնի դարձան, երբ քնարական, սիրային գործերը փոխարինվեցին դիմադրության ու հասարակական բողոքի երգերով՝ հեգնական, մեղադրական ու երգիծական երանգներով: Չնայած այն հանգամանքին, որ Ջիվանին ապրել է հիմնականում Թիֆլիսում (թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում), աշուղի ստեղծագործական կյանքը կապված է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) հետ: Ըստ տարբեր աղբյուրների, Ջիվանին 800-1000 ստեղծագործությունների հեղինակ է, որոնց մեծ մասը հրատարակվել է:

Ջիվանին քաջածանոթ էր 19-րդ դարի հայ գրականությանը, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա: Ի տարբերություն Սայաթ-Նովայի և իր ժամանակի աշուղների, ովքեր հաճախ էին դիմում այլ լեզուներից փոխառություններին, Ջիվանու բանաստեղծությունը առանձնանում է հայերենի առանձնահատուկ մաքրությամբ:

Ջիվանին իր ժամանակի ամենահայտնի աշուղներից էր, նրան նույնիսկ տվել են «Ուստա բաշի» (վարպետների ղեկավար) տիտղոսը: Նա ուներ նաև իր աշակերտները: Նրա ստեղծագործությունը բարձր էին գնահատում իրեն ժամանակակից մեր հայտնի մտավորականները, ում հետ նա մշտական շփման մեջ էր՝ Թումանյան, Իսահակյան և այլն: Ջիվանին Գյումրիի տարբեր սրճարաններում ամենօրյա ելույթներ էր ունենում և դրանով այդ սրճարանը հայտնի էր դառնում: Որոշ ժամանակ աշխատել է նաև Թիֆլիսի տարբեր սրճարաններում: Իր խմբի հետ բազմաթիվ շրջագայություններ է ունեցել Ռուսական Կայսրության հայաշատ վայրերում՝ Ղրիմ, Նոր Նախիջևան և այլն: Այս ամենի մասին նրա արխիվում կան վավերագրեր, որոնք հետագայում կհրատարակվեն:

Ջիվանին մեծ նշանակություն էր տալիս կրթությանը, իր բոլոր զավակներին իր աշխատանքով տվել է շատ լավ կրթություն. Գարեգին Լևոնյանը դարձավ անվանի արվեստագետ, մյուս որդին՝ Պարույրը, քաղաքական հայտնի գործիչ էր, իսկ Գուրգենը՝ մեծ գիտնական:

Օրերս Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու ամերիկահայ բարերար, գործարար, արտադրիչ (պրոդյուսեր), «Սքայֆիստ» (SKYFIST) ստուդիայի հիմնադիր և ղեկավար, Աշուղ Ջիվանու դուստրերից Հռիփսիմեի ծոռ Պողոս Հարությունյանի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում Պողոս Հարությունյանը որպես բարերարություն թանգարանին նվիրաբերել է սքանավորող սարք՝ Ջիվանու արխիվը թվայնացնելու համար:

Թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց համագործակցության համար՝ վստահեցնելով, որ այն կունենա արգասաբեր պտուղներ: Պողոս Հարությունյանը շատ կարևոր համարեց այս քայլը՝ մեծ աշուղի ժառանգության պահպանման ծիրում: Սա համագործակցության սկիզբն է, հետագայում Ջիվանու հետ կապված կմշակվեն այլ ծրագրեր ևս:

«Սարքը թանգարանը արդեն ձեռք է բերել և սկսել է Ջիվանու արխիվի թվայնացման աշխատանքները: Արխիվը թանգարան մուտք է գործել Ջիվանու որդու՝ հայտնի արվեստաբան, գիտնական Գարեգին Լևոնյանի արխիվի հետ: Հետագայում Լևոնյանի արխիվից առանձնացրել են Ջիվանու նյութերը և նրա անունով առանձին ֆոնդ է բացվել: Ֆոնդում հիմնականում Ջիվանու ձեռագրերն են, երգերի տետրերը, Ջիվանուն առնչվող փաստաթղթեր, նաև շուրջ 250 միավոր գրքեր: Այս ֆոնդը Ջիվանու ստեղծագործության հիմնական աղբյուրն է: Երբ Ջիվանին շատ հայտնի դարձավ, 1870-ից հետո իր երգերի բազմաթիվ ժողովածուներ հրատարակեց, որոնք իր գործունեության ընթացքում նաև վաճառում էր: Մենք նաև լրացնում ենք այդ հրատարակածները»,– նշում է Գրականության և արվեստի թանգարանի փոխտնօրեն Գուրգեն Գասպարյանը:

«60-ական թվականներին տպվեց Ջիվանու «Քնարը» ստվարածավալ ժողովածուն: Վերջերս ևս մեկ ժողովածու տպագրվեց, բայց մինչև հիմա Ջիվանու ստեղծագործությունը չի ունեցել ակադեմիական հրատարակություն: Այսինքն, ֆոնդում դեռ կան նյութեր, որ անտիպ են: Պահպանվել են նաև Ջիվանու տարբեր տարիներին գրված ելույթներ, որոնք ժամանակին մամուլում են տպվել, մի մասն էլ անտիպ է: Այդ բոլորն ուսումնասիրելու, համակարգելու, ճշգրտելու և տպագրելու համար թանգարանն առանձին ծրագիր է մշակում, որպեսզի 20-րդ դարասկզբի մեր ամենահայտնի աշուղներից մեկի ստեղծագործությունը հավուր պատշաճի ի վերջո կարողանանք հրատարակել»,– նշեց Գասպարյանը: Նա հավելեց, որ սա նույնպես կմտնի ԳԱԹ-Պողոս Հարությունյան համագործակցության ծրագրի մեջ: Թվայնացնելուց հետո, երբ ավելի մատչելի կդառնա Ջիվանու արխիվը, կսկսվեն նրա երկերի ժողովածուի պատրաստման աշխատանքները: Ի վերջո, մենք կունենանք Ջիվանու համարյա բոլոր ստեղծագործությունների հատորները:

Բարձր գնահատելով Պողոս Հարությունյանի քայլը՝ Գուրգեն Գասպարյանը հորդորում է. «Մեր արխիվները մեր մշակույթի գանձերն են: Քանի որ թանգարանում ունենք շատ արխիվներ, որոնց ժառանգների մեծ մասն ապրում է Սփյուռքում կամ Հայաստանում, կուզեի որ Պողոս Հարությունյանի քայլն օրինակ ծառայեր մյուսների համար: Եթե կան մեծ կամ փոքր բարերարություն անելու ցանկություն ունեցողներ, չափը մեզ համար նշանակություն չունի, թող հետևեն այս օրինակին»:

Նշենք, որ Պողոս Հարությունյանը Հայաստանում էր՝ հետևելու Էնդրյու Լլոյդ Ուեբերի հիասքանչ գլուխգործոցի՝ «Սանսեթ բուլվար» երաժշտական թատերգության (մյուզիքլ) բեմադրման գործընթացին: Թատերգությունը հանրությանը կներկայացվի եկող տարվա ապրիլին:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like