Չարենցի կերպարը դարձավ Ազատ Գասպարյանի այցեքարտը

Նառա Դանիելյան, Երևան, 31 Օգոստոս 2023

«Երբ խոսում է Ազատը՝ [Վահրամ] Փափազյանի լեզվի երաժշտականությունն ես զգում, բեմում նրա խոսելու ձևը, բայց երբ խաղում է բեմում՝ Փափազյանից ոչինչ չկա, ամբողջապես նոր է ու այժմեական»:

Մհեր Մկրտչյան

Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 13-ին՝ Երևանում: 1960 թվականին ավարտել է Արթիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1963-ին՝ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի բեմադրության (ռեժիսուրայի) բաժինը, 1969-ին Երևանի պետական գեղարվեստա-թատերական հիմնարկի (ինստիտուտի) դերասանական բաժինը՝ ուսանելով Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Դրամատիկական թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, «Հեռուստաթատրոնում», «Մետրո» թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ ռադիոբեմադրությունների: Հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռուսաստան և այլն:

Ազատ Գասպարյանը մահացել է 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևանում:

Այս տարի հոբելյանական է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արուեստագետ (արտիստ) Ազատ Գասպարյանի համար. օգոստոսի 13-ին նա կնշեր ծննդյան 80-ամյակը, բայց սիրված արտիստը արդեն տասը տարի մարմնապես մեզ հետ չէ:

Հոբելյանական տարում Ազատ Գասպարյանի ընտանիքը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին փոխանցեց նրա անձնական արխիվը: Այն հարուստ է արժեքավոր վավերագրերով. ինքնագրեր, հոդվածներ, հարցազրույցներ, ձեռագրեր, անձնական իրեր, լուսանկարներ, ստացած պարգևներ, նաև սիրողական ծաղրանկարներ: Դուստրը՝ Նաիրի Գասպարյանը նշում է. «Սկզբում անգամ դժվար էր բացել իր պահարանը. հուզիչ էր: Պահանջվեց տասը տարի, որպեսզի կարողանայինք բաժանվել այդ իրերից: Դրան նպաստեցին թանգարանի աշխատակիցների հետևողական հորդորները: Մեր ընտանիքի համար իսկապես մեծ պատիվ է Եղիշե Չարենցի անունը կրող թանգարանին փոխանցել հորս իրերն ու արխիվը»:

Ազատ Գասպարյանը խաղացել է հայրենական եւ ռուսաստանյան գլխավոր կինոստուդիաների՝ «Հայֆիլմ»-ի և «Մոսֆիլմ»-ի երկու տասնյակ գեղարվեստական ֆիլմերում: Նա նկարահանվել է «Հեղնար աղբյուր», «Երկունք», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Ճերմակ անուրջներ», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս» և այլ ֆիլմերում, որոնք մեծ նպաստ են ունեցել հայ կինոդիտողի գեղագիտական ճաշակի ձևավորման մեջ: Գասպարյանը նաև նկարահանվել է երեք տասնյակից ավելի հեռուստաբեմադրություններում:

Ազատ Գասպարյանի իրերը

Ազատ Գասպարյանի՝ կինոյի և թատերական ժառանգությունն աներկբա կապվում է ազգային կինոյի և թատերական արվեստի Ոսկե ֆոնդի հետ: Մասնավորապես, հատկանշական է Ֆրունզե Դովլաթյանի բեմադրած «Երկունք» ֆիլմում խաղացած Եղիշե Չարենցի կերպարը, որը Ազատ Գասպարյան արվեստի գործչի այցեքարտը դարձավ: Անչափ հետաքրքիր դիմախաղը, մասնավորաբար անհանգիստ, երբեմն խինդով լի աչքերն ամբողջապես վերակերտում էին Չարենցին, հարազատորեն արտահայտում մեծ բանաստեղծի անսովոր, յուրահատուկ բնավորությունը: Երբ Չարենց-Գասպարյանը հեռանում էր վագոնից՝ ինքնատիպորեն ողջույն հղելով զինվորականներին, արդեն կարելի էր վստահ ասել, որ «քննությունը» հաջող անցած էր: Գասպարյանական Չարենցը ժամանակի ընթացքում դարձավ հանդիսատեսի սիրելին, որովհետև Ազատ Գասպարյանի մարմնավորած կերպարի հիմնական հատկանիշները, բնավորության դրսևորումները անքննելիորեն կատարյալ են: Հենց Ազատ Գասպարյանի՛ Չարենցով՝ չարենցասերների մի ստվար զանգված իր համար բացահայտեց մեծ բանաստեղծին:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի բնորոշմամբ, «Գասպարյանի բոլոր կերպարները հիշվող և շատ սիրելի էին: Նոր սերունդը Չարենցին ճանաչեց Ազատ Գասպարյանով, Չարենցի բանաստեղծությունների նրա հոյակապ ասմունքով, «Երկունք» ֆիլմում նրա խաղացած հրաշալի դերով»:

Թանգարանին ի պահ տրված արժեքավոր մասունքներն այսուհետ կտրամադրվեն Ազատ Գասպարյանի արվեստը և առհասարակ հայ կինոյի ու թատրոնի պատմությունն ուսումնասիրողներին. «Այս նյութերը շուտով շրջանառության մեջ են դրվելու: Սա մեր երիտասարդ սերնդի համար լավագույն հնարավորություն է բացահայտելու և ուսումնասիրելու Ազատ Գասպարյան արվեստագետի երևույթը (ֆենոմենը)»,– հավելում է թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանը:

Ազատ Գասպարյանի ստեղծագործության ծալքերում իր ուրույն ու գողտրիկ տեղն ունի ասմունքը, հատկապես չարենցյան ընթերցումները: Գասպարյանն այն հզոր դերասաններից էր, որոնք մեծ տաղանդ ունենալուց բացի, բեմական խոսքին և ասմունքին առանձնահատուկ հմայք էին հաղորդում նաև իրենց անհատականությամբ՝ հարստացնելով հայ գրականությունն ու թատերական արվեստը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Candlelight Vigil in Memory of Vahe Avetyan

Օգոստոս 1, 2012 Հարգելի հայրենակիցներ, Օգոստոսի 7-ին (երեքշաբթի) Հայաստանում նախատեսվում է մոմավառություն Վահե Ավետյանի ողբերգական մահվան քառասուներորդ օրվա…
Read More