Նառա Դանիելյան, Երևան, 26 դեկտեմբեր 2025
Ազատ Շերենց. ու կարծես ամեն ինչ ասված է այս բարի, ներքին հմայքով ու անմիջականությամբ օժտված արվեստագետի մասին։
Ծնվել է Թիֆլիսում, մանկությունն անցկացրել Լենինականի ու Ստեփանավանի որբանոցներում։ Աշխատել է ցրիչ Քանաքեռի հայկական զորամասում, այնուհետ՝ Կենտկոմում։ Այդ ընթացքում միաժամանակ աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական թատրոնում։ 1934-ին մեկնել է Մոսկվա՝ Ռուբեն Սիմոնովի հայկական թատերական ստուդիայում սովորելու։ 1937-ից Լենինականի պետական դրամատիկական թատրոնում խաղում է «Պաղտասար աղբար», «Համլետ», «Էլի մեկ զոհ» ներկայացումներում։
1969 թ. «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմով հայ հանդիսատեսն իմացավ ևս մեկ լեգենդի մասին։ Ազատ Շերենցի խաղը դիտում էին ոչ միայն թատրոնում, այլ նաև կինոյում։ Բեմադրիչ Հենրիկ Մալյանի ու Շերենցի ծանոթությունը պատահաբար է լինում, դերասանի կեցվածքն ու խոսքի գրավչությունը միանգամից գրավում են Մալյանին։ Շերենցը պատմում է. «Ինչպե՞ս հաստատվեցի Ավագի դերում։ Ֆրունզիկը երաշխավորել էր, Մալյանն ուղարկեց բեմագիրը (սցենարը), կարդացի, սրտամոտ էր։ Մի օր էլ Լենինականից փորձնական նկարահանման հրավիրեցին, հավանեցին։ Էս է պատմությունը»։
Ավագի դերակատարումը նրա գլուխգործոցն է։ Շերենցը կյանքից էկրան է տեղափոխում նույնքան շիտակ լեռնցու զվարճախոսությամբ օժտված մի անհատի, ինչպիսին ինքն է։ Շերենց դերասանն ու Ավագ Շերենցը օրգանապես շաղկապված են։
«Մենք ենք, մեր սարերով» նոր ուղի է բացվում Ազատ Շերենցի համար. սկսում է նկարահանվել «Աշնան արև», «Հնձան», «Քաոս», «Մի կաթիլ մեղր», «Իմ սիրտը լեռներում է» և «Տղամարդիկ» ֆիլմերում։

Մալյանը նրան առանձնահատուկ էր սիրում, նա բոլորի համար անկեղծության ու բարության խտացում էր, խորհրդանիշ։ Մալյանն ասում էր, որ Շերենցը աշխարհի միակ դերասանն է, որ կարող է բան չանել, հանդիսատեսը նրան այդպես էլ է հասկանում ու հավատում։ Տեքստեր տալիս չէին մտածում, գիտեին՝ ինչ էլ տան, բնական է լինելու։
Նրա ծննդյան տարեթիվը մեկը չգիտեր, չէր ասում նույնիսկ Մհեր Մկրտչյանին, ում կնքահայրն էր նաև…
ՀԽՍՀ ժողովրդական արվեստագետ Ազատ Շերենցի տարիքը բոլորն իմացան 1993 թվականին, երբ նա՝ հայկական կինոյի ամենավառ կերպարներից մեկը կյանքից հեռացավ 80 տարեկան հասակում։
Դեկտեմբերի 25-ը Ազատ Շերենցի հիշատակի օրն է։ Օրվա հանգույն ձեզ ենք ներկայացնում Ազատ Շերենցի մասին Մհեր Մկրտչյանի հուշը։ Նրանք միասին ապրեցին մի ողջ կյանք։
«Շերենցը հազվագյուտ մեծ երեխա է։ Ծնունդով անօրինակ է եղել և իր նման մեկ ուրիշը չունի կյանքում։ Նա, անկասկած, մեծ դերասան է։ Նրա արվեստի հմայքը (նախ ասեմ, որ որպես անձնավորություն էլ շատ հմայիչ է) բարության մեջ է: Նրա նման անհատականություններ մեր ժողովուրդը շատ քիչ է ունեցել: Որպես դերասան՝ իր արվեստում ունի մի հազվագյուտ նրբություն, որին կնախանձեին անվանի շատ ու շատ արվեստագետներ: Գիտե վարակել իր անմիջականությամբ ու բարությամբ և միաժամանակ հիշեցնել մարդկանց, որ հարկավոր է կյանքում լինել միշտ բարի։ Նա կարող է մեծ ընդհանրացումներ անել և հանդիսատեսի հոգում թողնել մի լուսավոր հետք որևէ կինոնկարից կամ ներկայացումից։ Զարմանալի ու հետաքրքիր են նրա մտահղացումները։ Ամեն մի բեմադրիչի կարող է ընկերակցել ու հետաքրքիր դեր ստեղծել։ Իմ կարծիքով, հատուկ նրա կերպարի համար հարկավոր է մի բեմադրիչ, որը կարողանա կողոպտել նրա հոգու ողջ հարստությունը։ Թե չէ նա ինքնամփոփ է ու համեստ։ Հիշենք «Մենք ենք, մեր սարերը» հանրածանոթ կինոնկարը. միլիցիայի լեյտենանտի հետ հարցաքննության ժամանակ նրա քնելու տեսարանն, իմ կարծիքով, գյուտ է, որը մեր ազգային շարժարվեստում (կինեմատոգրաֆիայում) շատ հազվադեպ ենք հանդիպում։ Հենց դա է Շերենցի արվեստի հաջողությունը։ Նա ոտից-գլուխ հայ է, հայկական կերպար է, և մեր ժողովուրդը միշտ ուրախանում և աշխուժանում է դահլիճում, երբ նա հայտնվում է բեմում կամ էկրանում։
Շերենցը մեր ներկայիս արվեստում շատ ինքնատիպ է։ Ինչ դեր էլ խաղա, հանդիսատեսն անմիջապես կսիրի նրան, նրա ներքինն անմիջապես կերևա, որովհետև նա չի կարող կեղծել իրեն, չի կարող ստել։ Հենց իր ազնիվ ու մաքուր բնավորությունն է նրա արվեստի ամբողջ ուժն ու հմայքը։ Նրա տաղանդը երևում է մարդկանց հետ շփվելու զարմանալի ունակության, նրա անմիջականության մեջ, մի բան, որը ժողովուրդը ըստ արժանվույն է գնահատում։
Երեսունհինգ տարի է, ինչ ճանաչում եմ Շերենցին։ Տասնվեց տարեկան էի, երբ հանդիպեցի նրան Լենինականի թատրոնում։ Անմիջապես մտերմացանք, չնայած ես տակավին երեխա էի, ինքը՝ մեծ մարդ (այսինքն՝ մեծ երեխա)։ Լայն սրտի տեր անձնավորություն է, ապշելու չափ սիրում է փիլիսոփայությունը, ունի կամքի հսկայական ուժ, աոինքնող է։ Նրա կողքին չես կարող վատ խաղալ։ Խաղընկերոջը սկզբից ևեթ վարակում է իր անմիջականությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ Հաճախ զարմանում եմ, թե բնությունն ինչպե՞ս է այդպիսին ստեղծել. Ի՞նչն է նրա՝ որպես մարդու և արվեստագետի գաղտնիքը, ինձ թվում է՝ որևէ մեկը չգիտի։ Եթե ասեմ պարզությունը՝ քիչ է, անմիջականությունը՝ դարձյալ քիչ է։ Պարզապես Շերենցը համաժողովրդական է, համամարդկային։ Իմ կարծիքով, չկա մի դերասան, որը լինելով անմաքուր, անազնիվ և հասարակության մեջ անմիջական շփում չունենալով հանդերձ՝ էկրանում կամ բեմում երևա մաքուր ու ազնիվ։ Համաշխարհային բոլոր մեծ արվեստագետները խաղում են այնպես, ինչպես կյանքում են՝ պարզ ու բնական։ Ոչ ոք չի կարող այնքան անկեղծ ու մաքուր լինել իր դերում, եթե ինքը բնությունից բարի չէ։ Բարության մեջ է միայն թաքնված դերասանի արվեստի կախարդիչ ուժը։ Դրա փայլուն օրինակը ԱԶԱՏ ՇԵՐԵՆՑն է»։