Նառա Դանիելյան, Երևան, 5 Հունվար 2023
Գրադարանները հարստացնելու միջոցներից են գրքերի փոխանակման ծրագրերը: Դրանք նպաստում են տարբեր կառույցների միջև կապերի ստեղծմանն ու ձևավորմանը, ինչպես նաև ֆոնդերի համալրմանը առանց գումարներ ծախսելու:
Հայաստանի Պատմության Թանգարանը (ՀՊԹ) նման գործակցության փորձառություն ունի հայաստանյան տարբեր գիտակրթական հաստատությունների հետ: Տարեվերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ու Հայաստանի պատմության թանգարանը գրքեր փոխանակեցին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքը
Մատենադարանի փոխանակման գրքերի ցանկում են եկեղեցիների ալբոմներ, ձեռագրացուցակներ, հուշագրքեր, ընդհանրապես արվեստին, մասնավորաբար կիրառական արվեստին վերաբերող հրատարակություններ, պատմաբանասիրական և կրոնական բնույթի աշխատություններ: Իսկ Պատմության թանգարանի գրքերի ցանկում են պատկերագիրք-հուշատետրեր (կատալոգ-ալբոմներ), արվեստի, մշակույթի տարբեր ճյուղերին վերաբերող հետաքրքիր հետազոտություններ, ամսագրեր, պարբերականներ:
Երկու մշակութային կառույցների միջև փոխանակված գրքերը ավելի՛ հարստացնելու են նրանց գրադարաններից օգտվող ընթերցողների հոգևոր և հայագիտական բնույթի գիտելիքները:
ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը մեզ հետ զրույցի ընթացքում մասնավորապես նշեց. «Հայաստանի Պատմության Թանգարանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը համագործակցության սկզբնական փորձ ունեն և, բնականաբար, գործակցությունը տարբեր ոլորտներում շարունակվելու է: Հայաստանի Պատմության Թանգարանն ունի հրատարակության մեծ փորձ. դեռ խորհրդային տարիներից սկսած սեփական հրատարակություններ ունի, որոնց մի մասը պարտադիր փոխանցվում է փոխանակելի ֆոնդ: Դա նշանակում է, որ այդ ֆոնդից պետք է գործընկեր թանգարանների և գրադարանների հետ պարբերաբար փոխանակում իրականացվի: Այս առումով, մեր զույգ կառույցների աշխատանքը աննախադեպ չէր. սա պարբերաբար իրականացվող գործընթաց է: Աննախադեպ էր գրքերի քանակով և դրանց բովանդակության առումով: Նույն բանը իրականացվում է նաև Մայր Աթոռի մատենադարանում. իրենք ևս ունեն սեփական հրատարակություններ և իրենք ևս իրենց մասնագիտական գրականությունը պարբերաբար փոխանակում են գործընկերների հետ»:
Դեռևս նախորդ տարվա սկզբին երկուստեք ձեռք է բերվել մասնագիտական գրականության փոխանակման պայմանավորվածություն: Երկու կառույցների գրադարաններում բացակայող գրքերի փոխանակումը շատ օգտակար և շատ արժեքավոր քայլ է:
Չնայած այսօրվա համացանցի պայմաններում թվում է, թե ամեն ինչ հասանելի է, սակայն միևնույնն է՝ գիրքը շարունակում է մնալ գիտելիքի և լրատվության ամենակարևոր աղբյուրը:
Պարոն Երանյանը հավելեց, որ սա փոխգործակցության միակ դեպքը չէ. այն եղել է նախապես, և լինելու է շարունակական թե՛ գրադարանների համալրման մասով, թե՛ մասնագիտական քննարկումների առումով: Նա շեշտեց համատեղ քննարկման կարևորությունը այն խնդիրների, որոնք ընդհանուր են իրենց երկու, ինչպես նաև համանման կենտրոնների համար: Հարկավոր է, որ այդ հարցերը քննարկվեն համակողմանի ու համապարփակ և դրանց հնարավոր լուծումները մեկ ընդհանուր դաշտ բերվեն՝ ընդհանուր օգուտի հեռանկարով: