Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագրով ցուցահանդես

Չոպանեան եւ Կոմիտաս

Նառա Դանիելյան, Երևան, 13 Հոկտեմբեր 2022

Վերջերս Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մեկնարկեց հայագիտական միջազգային գիտաժողով՝ նվիրված 20-րդ դարի գրական, հասարակական ու մշակութային նշանավոր գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետ համատեղ։

Գիտաժողովին ներկայացված զեկույցները մեկ անգամ ևս արժևորեցին անվանի գիտնականի բազմավաստակ աշխատանքը հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության և առհասարակ հայագիտության տարբեր ոլորտների զարգացման գործում, ինչպես նաև ընդգծեցին Չոպանյանի հասարական գործունեության կարևորությունը։ Գիտաժողովի երկրորդ նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։

Գրականության և արվեստի թանգարանի և Կոմիտասի թանգարան- հաստատութեան (ինստիտուտի) նախաձեռնությամբ տեղում բացվեց Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 11-ին Կոմիտասի թանգարան- հաստատութեան (ինստիտուտի) ժամանակավոր ցուցադրությունների սրահում. ներկայացված էին փաստաթղթեր, լուսանկարներ և այլ արխիվային նյութեր, որոնք պատմում էին մեծանուն մտավորականների՝ Արշակ Չոպանյանի և Կոմիտասի բազմամյա բարեկամության, Կոմիտասի կյանքում Չոպանյանի կարևորագույն դերի մասին։

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահանգն Սարգսյանը, Կոմիտասի թանգարանի հաստատութեան (ինստիտուտի) տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։

Գրող, քննադատ, բանասեր, լրագրող և հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Դարից երկար» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, հետաքրքիր նյութեր, որոնք պատմում ու ընդգծում են երկու հայ մեծերի` դարից էլ երկար ձգվող բարեկամության, այդ բարեկամության կարևորության, մասնավորապես, Չոպանյանի հոգածությամբ Կոմիտասի ժառանգության պահպանման, հրատարակման, Հայաստան տեղափոխման գործում:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահանգն Սարգսյան

Մարինե Հարոյանը, ով ցուցադրության համադրողն է՝ նշեց, որ ցուցահանդեսն ունի վեց թեմատիկ բաժին, որոնցում գծանկարչական (գրաֆիկական) պատումների և  իրերի (արտեֆակտ – artifact) համադրությամբ ներկայացրել են Կոմիտասի և Չոպանյանի անձնական ու ստեղծագործական շփումների մասին պատմող տարբեր դրվագներ, հատկանշական իրադարձություններ:

«Սպասված և երազված մարդը», այսպես է կոչվում առաջին բաժինը, և այդպես է Չոպանյանը բնորոշել Կոմիտասին: «Երբ Կոմիտասն առաջին անգամ 1901 թվականին գալիս է Փարիզ, հանդիպում է Չոպանյանին: Հանդիպումն այնքան է ցնցում Չոպանյանին, որ նա նշում է՝ դա իր կյանքի ամենահզոր տպավորություններից է եղել: Նա այդ հանդիպման տպավորությունը հոդվածներից մեկում համեմատել է միջնադարյան քնարերգուների ձեռագրերը Մխիթարյանների մոտ հայտնաբերելուց հետո ունեցած զգացողությունների հետ»,-պատմեց Մարինե Հարոյանն ու հավելեց, որ ժամանակին  Չոպանյանն աշխարհի ամենահայտնի հայ գործիչներից է եղել և հսկայական գործ է արել հայկական հարցի ճանաչման համար:

«Հայ երաժշտության հաղթարշավը», այսպես է կոչվում ցուցադրության երկրորդ բաժինը: Այն անդրադարձ է երկու մեծերի երկրորդ հանդիպմանը, որը տեղի է ունեցել 1906 թվականին Փարիզում, երբ Չոպանյանը Կոմիտասի առաջին մեծ համերգն է կազմակերպում այնտեղ: «Այդ իրադարձությունը բեկումնային է լինում Կոմիտասի կյանքում, քանի որ նա միանգամից ճանաչում է ձեռք բերում միջազգային ասպարեզում: Այդ համերգից հետո մեկնում են շրջագայության Եվրոպայում: Հանդես են գալիս Շվեյցարիայում, Իտալիայում»,-ներկայացրեց Հարոյանը:

Երրորդ բաժնում մեծ բարեկամների հանդիպումն է Մայր Հայրենիքում՝ Էջմիածնում: Չոպանյանն իր հոդվածներից մեկում գրել է, երբ եկել է Էջմիածին, հասկացել է՝ որքան նեղ է այն Կոմիտասի համար:

«Աղետից առաջ», այսպես է կոչվում չորրորդ բաժինը: Այստեղ  նրանց վերջին՝ 1914-ին Փարիզում կայացած հանդիպմանը վերաբերող նյութեր են: Այդ ժամանակ Կոմիտասը մասնակցում էր երաժշտագիտական մեծ համաժողովի, և նրա ելույթը մեծ արձագանք է գտնում:

Հինգերորդ բաժինը կոչվում է «Աղետ»: Այստեղ ներկայացված է միայն մեկ ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից. Չանղըրի աքսորականների համրիչն է: Համրիչի հատիկների վրա անուններ են գրված, առաջինը Կոմիտասի անունն է: Չոպանյանը մեղավոր է իրեն համարել, քանի որ ինքն է Կոմիտասին խորհուրդ տվել  գնալ Պոլիս, այն ճակատագրական է եղել:

«Վերջին բաժինը կոչվում է «Դարից երկար»: Այդտեղ ներկայացվում է այն մեծ աշխատանքը, որը Չոպանյանն արել է Կոմիտասի և՛ հիվանդությունից, և՛ մահից հետո: Դա վերաբերում է Կոմիտասի ժառանգության հավաքման, հրապարակման և այդ ամենը Հայաստան բերելուն»,-նշեց Մարինե Հարոյանը՝ ընդգծելով, որ ցուցադրության գծանկարչական (գրաֆիկական) ձևավորողն է (կոլաժ) հեղինակը՝ Արմինե Շահբազյանը:

Թանգարան- հաստատութեան տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն էլ շեշտեց, որ ներկայացված նյութերը բերվել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանից, Հայաստանի պատմության թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Կոմիտասի թանգարան-հաստատութեան  արխիվներից:

Միջոցառմանն աջակցել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և  Ֆրանսիայի դեսպանությունը:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

«Հայ Սեղանաւորներ»

Մինաս Գոճայեան, Լոս Անճելըս, 1 Դեկտեմբեր 2013 «Հայ Սեղանաւորներ Միջին Արեւելքի Տարածքին Պոլիսէն Մինչեւ Պէյրութ» Հեղ.՝ Մկրտիչ Յ. Պուլտուքեան Հայկական Ցեղասպանութեան համապարփակ ուսումնասիրութեան անդաստանին մէջ կարեւոր…
Read More

Հիմա Էլ Լռե՞նք

Փոխան Խմբագրականի Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2011 Երբեմն մեզ մնում է միայն անզորությունից և անելանելության զգացումից նստել և…
Read More