Հայը՝ մշակույթով դարեր երկնող

Նառա Դանիելյան, Երևան, 26 մայիս 2024

Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 17-ին Հայաստանի պատմության թանգարանն իր դռները բացեց այցելուների համար բավական արժեքավոր և տպավորիչ ցուցադրության վերադարձով: «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» սրահների մշտական ցուցադրությունը լավագույն հնարավորությունն է հիանալու միջնադարյան Հայաստանի քաղաքակրթության բացառիկ նմուշներով:

Ցուցադրության բացմանը ներկա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզության փոխնախարար պարոն Ալֆրեդ Քոչարյանը, շնորհավորելով ներկաներին թանգարանների միջազգային տոնի առթիվ, իր խոսքում հատկապես ընդգծեց․ «Շատ ուրախ եմ, որ Պատմության թանգարանը վերաբացում է իր մշտական ցուցադրությունը: Այն հատկապես կարևոր է, քանի որ Անի մայրաքաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է կազմում և հենց այս տարի Վենետիկում նույնպես ցուցադրվում է հավաքածուի մի մասը»:

Փոխնախարարի խոսքով, այս տարի լրանում է Հայաստանի գիտական առաջին թանգարանի՝ Անիի հնադարանի ստեղծման 120-ամյակը: Լրանում են Անիում պեղումներ իրականացնող հայտնի արևելագետ Նիկողայոս Մառի, նրա գլխավորած հնագիտական արշավախմբի ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակները, արշավախմբի անդամ, անվանի հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ծննդյան 140-ամյակը:

Պարոն Ալֆրեդ Քոչարյանը վերջում հիշեցրեց տարվա թերևս ամենասպասված մշակութային միջոցառման՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագիրը կրող ցուցադրության մասին, որի բացումը նախատեսվում է Անկախության օրը՝ սույն թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանի պատմության թանգարանում՝ վեցամսյա ժամկետով:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն պարոն Դավիթ Պողոսյանն էլ իր հերթին կարևորեց․ «Այս ցուցադրության բացումը հոբելյանական է. նշում ենք մեր մշակույթի երևելիների հոբելյանները: Այս հավաքածուն ունենք Աշխարհբեկ Քալանթարի շնորհիվ: Նա թուրքական հարձակումների վտանգի տակ, մի կերպ կարողացավ փրկել 2000-ից ավելի նմուշներ, որոնք 1920-ական թվականներին բերվել են այստեղ և մեր հավաքածուի ամենակարևոր մասն են: Այս ցուցադրությունն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ կունենանք հատված Անիի հնադարանից: Դուք կտեսնեք այդ շրջանում թողարկված բացիկներ»:

«Հայաստանը 10-14-րդ դարերում» ցուցադրությունում ներկայացված են միջնադարյան Հայաստանի խոշորագույն կենտրոններից՝ Անիի և Դվինի հախճապակյա, փայտե, քարե, կավե, երկաթե, ապակե տարբեր առարկաներ, խաչեր, գրակալներ, բուրվառներ, մանրակերտներ… Ցուցադրված են նաև նմուշներ Ամբերդի, Գառնիի, Կեչառիսի, Հաղարծինի, Հովհաննավանքի հուշարձաններից:

Շուրջ 350 առարկա է ներառված ցուցադրությունում: Ցուցադրված ընդհանուր նյութը զուգորդված է տարբեր շարժապատկերներով, եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) բացատրական գրություններով, որոնք նպաստում են նյութը այցելուների կողմից ավելի հեշտ ընկալմանը:

Առանձին բաժնով ներկայացված են 10-14-րդ դարերում Հայաստանում շրջանառության մեջ գտնված դրամները: Ցուցադրության առանցքը կազմում է միջնադարյան Հայաստանի հնագիտական ժառանգությունը՝ ընդգրկելով թե՛ նյութական և թե՛ ոչ-նյութական մշակութային ժառանգությունը:

Անի մայրաքաղաքից մեզ հասած համամարդկային պատմամշակութային արժեք ունեցող այս հավաքածուի նորովի ցուցադրությունը հատկապես կարևոր է նոր սերնդի դաստիարակության համար՝ այս խառնակ ու համաշխարհայնացման տանող ժամանակներում մեր ՀԱԶԱՐԱՄՅԱ ՈՒՐՈՒՅՆ տեղը չկորցնելու, ավելին՝ ամրապնդելու համապատկերում: Մարտահրավերներ եղել են և միշտ են լինելու դարերի հորձանուտներում, բայց այն, ինչ ՀԱՅԿԱԿԱՆ է ու հայարար-հայաստեղծ, լինելու է ՀԱՅԻ գոյություն ունենալու վաստակը՝ դրոշմված աշխարհի սրտին, մեր ազգային ինքնության աներկբա հավաստագիրը:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Ոչ Սրբազան Պակտ

Սամվել Հովասափյան, Բեռլին, Մայիս 2010 Վերջին ժամանակներս նկատում ենք հայ ժողովրդի կյանքում աննախադեպ մի երևույթ, դա Հայաստանի իշխանությունների…
Read More