Մեծ Ուսուցչի արժանավոր սանը

Մեծարելով Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանին

Նառա Դանիելյան, Երևան, 22 փետրուար 2025

Փետրվարի 14-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց 20-րդ դարի սփյուռքահայ  անվանի երգահան, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված հոբելյանական ժամանակավոր ցուցադրությունը։

Կանաչյանը ծնվել է 1885 թվականի ապրիլի 17-ին՝ Մարմարա ծովի եվրոպական գեղածիծաղ ափի Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրություն)։ Ընտանիքով գաղթել են Բուլղարիա, ապա Ռումինիա, 1908 թ․ հուլիսին օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո Կանաչյանների ընտանիքը վերադարձել է Կոստանդնուպոլիս։

«1910 թվականին Կոմիտասը ևս Էջմիածնից գալիս է Պոլիս և բախտ է վիճակվում Կանաչյանին երգել Կոմիտասի հիմնադրած «Գուսան» երգչախմբում, ինչպես նաև լինել Կոմիտասի շնորհալի հինգ սաներից մեկը»,– նշում է թանգարանի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը։

Այս հանդիպումը Կանաչյանի համար բախտորոշ եղավ հետագա ողջ կյանքի ընթացքում։ Կոմիտասի հինգ սաների թվում լինելով՝ Կանաչյանը տեսական և գործնական դասեր է առնում (հարմոնիայի), հետևում՝ խմբավարական արվեստին։

1919  թվականին, երբ Կոմիտասի հինգ սաները իրենց ուսուցչին ճանապարհում էին Փարիզ, կազմակերպում են «Գուսան» երգչախմբի վերջին համերգը և տպագրում «Հայ գուսան» եռահատոր ձայնագիրքը (նոտագիրք)։ Այս համերգին Կանաչյանը հանդես է եկել որպես 400 հոգուց բաղկացած միացյալ երգչախմբի խմբավար։

Կոմիտասի սաները ստեղծում են «Հինգ սաների հիմնադրամ», որի գումարներով նրանք Պոլսում գտնվող տաղանդավոր երեխաներին ուղարկում էին Փարիզ ուսանելու։

Այնուհետ 1920 թվականին հինգն էլ հեռանում են Կոստանդնուպոլսից։

Կանաչյանը շարունակում է երաժշտական կրթությունը Փարիզում։ 1922 թվականին տեղափոխվում է Լիբանան, որտեղ Բեյրութում 1936 թվականին վերաստեղծում է «Գուսան»  երկսեռ երգչախումբը և ղեկավարում այն շուրջ 27 տարի։

Նախորդ դարի 20-ական թվականներից Կանաչյանը հայկական գաղթօջախներում, մասնավորաբար Եգիպտոսում, Լիբանում և Իրաքում զբաղվում էր մանկավարժական և խմբավարական գործունեությամբ՝ երբևէ վար չդնելով ստեղծագործ գրիչն ու խմբավարի ցպիկը։ Այդ ընթացքում է, որ գրել է երեք տասնյակ և ավելի խմբերգեր («Հոյնար», «Վարդերի  հետ»), 20 մանկական երգեր և ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի հեղինակել է «Աբեղա» օպերան։ Կանաչյանի խմբերգերի ու մեներգերի մի մասը հրատարակվել է Բեյրութում և Երևանում։ Քեսապ այցելության ժամանակ նա ականատես է լինում «Հելե, հելե, նիննո յե» պարի, տեղում արտագրում պարերգի բառերը, նոտագրում եղանակը, ապա դա հղկում-մշակում։ Այս երգն ու Կանաչյանի մշակած օրորոցայինը առ այսօր վայելում են մեծ ժողովրդականություն թե՛ Հայրենիքում և թե՛ սփյուռքում ու համալրում են հայ երգարվեստի ոսկե ֆոնդը։

Երբ Կանաչյանի տեսողությունը կտրուկ վատանում է 1945 թվականին, նա օգտագործում է բոլոր հնարավոր և անհնարին միջոցները, որ շարունակի ստեղծագործել։ «Հատուկ տետր է կազմում շատ մեծ չափի նոտաներով և եղեգնյա գրիչով շարունակում է ստեղծագործել մինչև իր կյանքի վերջը»,– հավելում է տիկին Բեքարյանը։ Ի դեպ, այդ նոտաների տետրը  ևս ընդգրկված է ցուցադրությունում։

Հայ երաժշտարվեստի երևելին զբաղվել է նաև արաբական ժողովրդական երգերի մշակմամբ։ Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է  արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում՝ Լիբանանի «Մայրիների առաջին կարգի» պատվո շքանշանով։

Բարսեղ Կանաչյանը վախճանվել է 1967 թվականի մայիսի 21-ին Բեյրութի մի հիվանդանոցում։ Ի պատիվ Կանաչյանի մեծ վաստակի՝ կազմակերպվել է ազգային հուղարկավորություն և թաղում։ Բեյրութի Ֆրըն Շըբբեկի ազգային գերեզմանատանը հանգչող մեծ հայորդու տապանաքարին քանդակված են իր օրորոցայինի հոգեհույզ բառերը՝ «Քուն եղիր, բալա՛ս»։

Գրականության և արվեստի թանգարանում Բարսեղ Կանաչյանի հոբելյանական ցուցադրությունը ներկայացնում է արխիվային եզակի լուսանկարներ, փաստաթղթեր, համերգային ծրագրեր, անձնական իրեր, երաժիշտի ժամացույցը, ակնոցը և այն ջութակը, որ հայրն էր նվիրել փոքր տարիքից երաժշտությունն այնքան սիրած որդուն։ Ցուցադրությունում ընդգրկված արխիվային նյութերը ժամանակագրական շրջայց են և վկայում են ազգային երաժշտարվեստի արմատներին համբավավոր երգահանի կապվածության մասին։

Հոբելյանական միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկան Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցի սաները։

Բարսեղ Կանաչյանի արվեստի վկայությունները պահվում, պահպանվում, ծլարձակում և շարունակում են կանաչել իր այնքան սիրած Հայրենիքում։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like