Ազգային գանձարանից՝ հանրությանը

Նառա Դանիելյան, Երևան, 26 ապրիլ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացնում է իր հավաքածուի մեծարժեք գանձերը՝ օրերս բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսում համադրելով 120 ստեղծագործություններ։ Գեղարվեստում այս ուղղությունը ծնվել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: Հիմքում գեղեցիկի գաղափարն է։ Արվեստի այս ոճի նպատակն էր գեղագիտորեն իմաստավորել կյանքը, արվեստին հաղորդակցել կյանքի բոլոր ոլորտները, մարդուն դարձնել գեղարվեստական ամբողջության մասնիկ, արարել գեղեցիկի տիրույթներում: Նորարար (մոդեռն) ոճը յուրաքանչյուր երկրում արտահայտվեց գեղարվեստական ձևերի ու կատարողական ճարտարագործության (տեխնիկա) ինքնադրսևորմամբ։ Հայ ազգային գեղանկարչության մեջ գեղարվեստական այս ուղղության լավագույն նմուշները Գեորգի Յակուլովի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Գյուրջյանի, Մարտիրոս Սարյանի բարձրարժեք ստեղծագործություններն են, որոնցից նմուշներ ներկայացված են ցուցահանդեսում։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն տիկին Մարինա Հակոբյանը ցուցադրությունը յուրահատուկ է համարում․ վերանորոգման աշխատանքների պատճառով պատկերասրահի ցուցասրահների մեծ մասը գրեթե չորս տարի փակ է եղել, և այս ցուցադրությունը լավագույն ցուցանմուշները ներկայացնելու հրաշալի առիթ է ընձեռել. «Այս ցուցադրությունում ընդգրկված են մեր մշտական ցուցադրության առանցքային, լավագույն, կարևորագույն ցուցանմուշները։ Ազգային պատկերասրահի հավաքածուն ունի հայկական, եվրոպական, ռուսական կերպարվեստի և գեղազարդային (դեկորատիվ)-կիրառական արվեստի նորարար (մոդեռն) ոճին պատկանող հսկայական, հարստագույն հավաքածու։ Այսօր վերջապես մենք հնարավորություն ունենք մեկ ցուցադրության շրջանակում շուրջ 120 ցուցանմուշով ներկայացնել այդ բազմակողմանի, ինքնատիպ, աներևակայելիորեն գեղեցիկ ուղղությունը»։

Առանձին սրահում ներկայացված են Վարդգես Սուրենյանցի, նաև Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի գործերը. վերջինները հատուկ այս ցուցադրության համար Ազգային պատկերասրահին է տրամադրել Սարյանի տուն-թանգարանի տնօրենությունը։

Այս համածիրում ցուցադրվում են նաև ռուսական գեղանկարչության տարաբնույթ դպրոցները ներկայացնող նկարիչների, առաջատար վարպետների ստեղծագործություններ, ինչպես և եվրոպական այնպիսի անվանի վարպետների գործեր, ինչպիսիք են Ռընե Լալիկը և Էմիլ Գալլեն։

Մարինա Հակոբյան և Իրինա Բաղդամյան ցուցադրության բացմանը

Ցուցահանդեսի համադրող տիկին Իրինա Բաղդամյանի գնահատմամբ՝ հայ մեծանուն վարպետների արվեստը քաղաքակրթական տարբեր շերտերի կատարյալ ու ներդաշնակ համադրություն է. «Հայ նկարիչները միաձուլում են թե՛ եվրոպական և թե՛ ռուսական արվեստները։ Հրաշալի գիտեն Արևելքի մշակույթը, նաև հենվում են մեր ազգային վիթխարի ժառանգության վրա: Այդ ամենի ներդաշնակությունը նրանց արվեստը դարձնում է շատ ինքնօրինակ»։ Տիկին Բաղդամյանը հայտնում է, թե վերջին տասնամյակներում շատ են կազմակերպվում նորարար ոճին նվիրված ցուցահանդեսներ, կատարվում են ուսումնասիրություններ, լույս են ընծայվում այդ ուղղությանը նվիրված հրատարակություններ։

Ցուցադրությունն ամբողջացնում են հանրահայտ նկարիչներ Վալենտին Սերովի «Մ. Ակիմովայի դիմանկարը» և Վասիլի Կադինսկու «Արևելյան սյուիտ» գլուխգործոցները։ Ցուցադրված են նաև գեղանկարչական տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների հրաշալի նմուշներ։

120 գեղանկար, գծանկար և գեղազարդային-կիրառական արվեստի ցուցանմուշներ մեկտեղած ինքնին յուրօրինակ այս ցուցադրությունը մեզ՝ այցելուներիս, հնարավորություն է ընձեռում համեմատության մեջ տեսնել ազգային վարպետների առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում, որն ակնբախ է իր մտահղացումների բազմազանությամբ: Սա ևս մեկ առիթ է մեծագույն հպարտությամբ ընդգծելու հայ արվեստագետի՝ աշխարհի ներկապնակին իր անշփոթելի կնիքը դրոշմելու հարակայությունը։

Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 9-ին բացված «Մոդեռն ոճը» ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի մինչև ընթացիկ տարվա մայիսի 5-ը։ Հասցեն շատ հեշտ է հիշելը՝ Երևան, Հանրապետության հրապարակ, Պատմության պետական թանգարանի շենք (երգող շատրվանների հետևում):

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

Merci Macron, Merci France

Մեթր Պարգեւ Դաւիթեան, Թորոնթօ, 22 փետրուար 2024 Ֆրանսայի կողմէ Միսաք Մանուշեանի պանթէոնականացումը սքանչելի եւ հոյակապ արարողութիւն մըն էր,…
Read More
Read More

ՄԻԱԿՈՒՌ

«․․․Օ՜, խաղատուն դարձած հայրենական մեր տուն, Ցեխերի մէջ ընկած մագաղաթեայ մատեան, Կախաղանի սիւնից կախուած անկախութիւն, Մեր յոյս երազների…
Read More