Նառա Դանիելյան, Երևան, 2 հունիս 2023
Յուրաքանչյուր ժողովրդի պատմությունը նրա ինքնության անքակտելի մասն է, նրա՝ իբրև ուրույն մարդկային հավաքականության անհերքելի վկայությունը: Այն իր մեջ խտացնում է ազգի անցած կյանքի ողջ ընթացքը՝ հաղթանակներով և ձախողումներով, երազանքներով և իրականացրած գործերով, համամարդկային քաղաքակրթությանը բերած իր նպաստներով: Չկա ազգ առանց իր ուրույն պատմության:
Այս դատողությունները հատկապես ճիշտ են հազարամյակների հարուստ պատմություն ունեցող ազգերի համար, որոնցից է հայությունը:
Մեր ազգի պատմության իրեղեն ապացույցների աշխարհում մեծագույն պահոցը Հայաստանի պատմության թանգարանն է: Այստեղ կուտակված հարյուր հազարավոր պատմական իրերը անհնար է սովորական չափորոշիչներով գնահատել: Հետևաբար և բնականաբար, դրանք արժանանում են հատուկ խնամքի և գուրգուրանքի:
Հայաստանի պատմության թանգարանն այսօր իր պահպանության և պատասխանատվության ներքո ունի շուրջ 400.000 պատմամշակութային արժեք ունեցող տարբեր իրեր: Դրանց զգալի մասը հնագիտական և դրամագիտական հավաքածուներ են:
Հայաստանի պատմության թանգարանն անցած տարվանից սկսել է փուլ առ փուլ վերաբացման գործընթաց: Այս տարվա մայիսի 20-ին արդեն վերաբացվեցին ամբողջ հնագույն շրջանի ցուցադրական հատվածները: Այն ընդգրկում է Քարե դարից մինչև Բրոնզե դար, անտիկ շրջանի վերջ, այսինքն՝ մինչև Միջնադարի սկիզբ: Հասանելի են «Իրականության և առասպելների միջով», «Բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորություն», «Ուրարտու», «Բիայնիլի», «Ուժ և գեղեցկություն», «Անտիկ Հայաստան» խորագրով ցուցասրահները: Վերջիններս, արդիականացման աշխատանքներով պայմանավորված, փակվել էին 2020 թվականին: Նմուշները պահոցներում էին կամ ներկայացված էին միջազգային ցուցադրությունների:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ի սկզբանե մեր նպատակն էր առկա ընտրանին հանրությանը ներկայացնել որոշ փոփոխված մոտեցումներով, բայց նաև համալրելով նոր նմուշներով, որոնք ի հայտ են եկել վերջին տարիների պեղումներով: Բավական աշխատանքից հետո հնարավորություն ունեցանք մշտական ցուցադրության հատկացնել թանգարանի ավելի քան 600 քառակուսի մետր տարածք: Այդ ցուցասրահներում ներկայացված են հնագույն շրջանի շուրջ 4000 տարի ընդգրկող զանազան իրեր՝ ավելի քան 1000 ցուցանմուշ»:
Ք. ա. 23-22-րդ դարերի բացառիկ նմուշ է Քարաշամբի մեջ հայտնաբերված արծաթե ծիսական գավաթը, որը համարյա ամբողջական պատկերացում է տալիս այդ ժամանակաշրջանի ծեսերի, ավանդույթների, ռազմական արվեստի և կենսագործունեության այլ ոլորտների մասին: Հայաստանի պատմության թանգարանում կարելի է տեսնել նմանօրինակ բազմաթիվ եզակի ցուցանմուշներ:
Արարատյան թագավորության (Ուրարտուի) պատմության հատկացված սրահում այցելուներին են սպասում արքաների արձանագրություններով նմուշները: Կան եզակի արձանիկներ, որոնք արվեստի թանկարժեք գործեր են. «Դրանցից են ուրարտական պանթեոնի երկրորդ աստվածը համարվող Թեյշեբայի արձանը, որը գտնվել է հենց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքից, այսինքն՝ այդ քաղաքի հովանավոր աստվածն է եղել, և ուրարտական գլխավոր աստծո՝ Խալդիի կինը համարվող Աուրուվանի արձանիկը»,– մեզ հետ զրույցում ասաց թանգարանի Հնագիտության և դրամագիտության բաժնի վարիչ Աստղ Պողոսյանը:
Ցուցադրության վերաբացումն իրականացվել է ըստ ժամանակագրության և թեմատիկ որոշակի սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս թանգարանի այցելուներին ներկայացնել Հայոց աշխարհի պատմական ամբողջ ընթացքը: Օրինակ՝ ներկայացված է վաղ շրջանի բնակարանի համալիր՝ համադրված վերակազմություններով, նկարազարդման և թվային եռաչափ ձևավորմամբ, որոնք կատարվել են վերջին շրջանում: Մեկ ուրիշ օրինակ է Լճաշենից հայտնաբերված հնադարյան սայլը, որը, ըստ Աստղ Պողոսյանի, աշխարհում եզակի է նախ իր լավ պահպանվածությամբ. «Այս հատվածում մենք փորձել ենք վերարտադրել դամբարանի ամբողջ ներսույթը. սայլը, մեջը կանգնած իշխանը, նրան ուղեկցող իրերը՝ դաշույններ, անոթներ, սակր, խեցեղեն՝ այն նույն դասավորությամբ, ինչպիսին իրականում եղել է, այսինքն՝ ամբողջ ծեսը»:
Թանգարանի այցելուներին սպասվում է ևս մեկ անակնկալ. «Այս տարի կփորձենք նաև շարունակել սկսած գործը: Նախատեսված է Անիի հավաքածուները ներկայացնող ցուցասրահների վերաբացումը»,– նշում է ՀՊԹ-ի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Հայաստանի պատմության թանգարանն իր լայն, հյուրընկալ դռներն է բացում այցելուների առջև: Ցուցադրված յուրաքանչյուր առարկա հավաստի ու թանկարժեք տեղեկություն է փոխանցում տվյալ ժամանակի կյանքի, իրադարձությունների, ավանդույթների վերաբերյալ:
Պատկերագիր է ու արձանագիր այստեղ պահպանվող ամեն առարկա, որ դարեր է ճեղքել՝ պատմության անջնջելի կնիքը վրան:
Չիմացողների համար ասենք, որ Հայաստանի պատմության թանգարանի շենքի հպարտ կանգնած է Երեւանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, Աբովյան փող. 1 հասցեում: