Կոմիտասի անունով՝ կոմիտասաբա՛ր

Նառա Դանիելյան, Երևան, 20 մարտ 2024

Կոմիտասի անվան պետական լարային քառյակը այս տարի տոնում է իր ստեղծման 100-ամյա հոբելյանը:

Մարտի 5-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) բացվեց «Կոմիտասի անվան քառյակ – 100» ժամանակավոր ցուցադրությունը, որում ներկայացված էին դրվագներ հռչակավոր քառյակի հարյուրամյա գործունեությունից:

Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է 1924 թվականին՝ Մոսկվայում, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար՝ Եվգենի Գուզիկով): 1931 թվականին անվանվել է Հայկական ԽՍՀ պետական քառյակ, մեկ տարի անց՝ 1932-ին՝ կոչվել Կոմիտասի անունով, երբ հայկական ազգային երաժշտության արդի դպրոցի հիմնադիր վարդապետը դեռևս տառապում էր փարիզյան հոգեբուժարանում:

Քառյակի կազմը տարիների ընթացքում փոփոխվել է: Այժմ քառյակի կազմում են Էդվարդ Թադևոսյանը (1976 թվականից քառյակի գեղարվեստական ղեկավարն է), Սյուզի Երիցյանը, Ալեքսանդր Կոսեմյանն ու Անժելա Սարգսյանը:

Ցուցադրության բացման հանդիսության իր ելույթում, ողջունելով ներկաներին, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն տիկին Սյուզաննա Խոջամիրյանը հատկապես ընդգծեց․ «Շատ խորհրդանշական է, որ այսօր այս կառույցում է տրվում մեկդարյա պատմություն ունեցող, մեկ դար ստեղծագործական գործունեություն ծավալող և մեր ժողովրդի անսահման սերը վայելող Կոմիտասի անվան պետական լարային քառյակի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկը: Նաև մեկնարկում ենք Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակի միջոցառումների շարքը: Չափազանցրած չեմ լինի ասելով, որ Գրականության և արվեստի թանգարանը նաև քառյակի՛ ստեղծագործական տունն է, նաև Մեծ վարդապետի՛ տունն է, քանի որ քառյակի մեկդարյա վավերագրությունները տեղ են գտել հայ մեծերի, երևելիների ու Կոմիտաս վարդապետի արխիվային ֆոնդերի, անձնական իրերի ու թանգարանային հավաքածուի կողքին»:

Տիկին Խոջամիրյանի բացման խոսքին հաջորդեց քառյակի համերգը: Հնչեցին Սարգիս Ասլամազյանի մշակմամբ կոմիտասյան՝ «Երկինքն ամպել ա», «Վաղարշապատի պարը», «Շուշիկի» և այլ ստեղծագործություններ, որոնք արդեն մեկ դար հնչում են Հայաստանում և նրա սահմաններից անդին՝ մինչև հեռավոր Ամերիկաները:

Թանգարանի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանի հաղորդմամբ, ցուցադրության մեջ ներկայացված նյութերը ԳԱԹ-ի ֆոնդերում պահվող հարյուրավոր նյութերի միայն մի փոքր մասն են․ «Պահոցներում կան լուսանկարներ, հոդվածներ, գրախոսականներ, հայտնի մարդկանց կարծիքներ, համերգային ծրագրեր, ազդագրեր և այլ նյութեր, որոնք վկայում են քառյակի արհեստավարժության, հարուստ երկացանկի, բազմաթիվ երկրներում ունեցած համերգների, արձանագրած շռնթալի հաջողությունների մասին»,– շեշտում է նա:

Կոմիտասի անվան պետական լարային քառյակը հայ երաժշտությունը տարածել է խորհրդային երկրներում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր, կրթող ու դաստիարակող, համախմբող ու արմատներին ամուր, անսայթաք կառչելու փայլուն օրինակ դարձել: Այդուհանդերձ, քառյակի տարբեր ժամանակների անձնակազմները միշտ էլ առաջնային են համարել Հայաստանի բոլոր մարզերում հանդես գալը, մեր ժողովրդի բոլոր հատվածների հոգևոր կյանքի հարստացումը:

Դժվարին ժամանակներ է ունեցել քառյակը, բայց չի ընկրկել, նույնիսկ այդ ծանր պահերին պահպանել է իր որակը և սահմանած բարձր նշաձողը: «Միշտ աշխատել ենք որակը բարձր պահել, որովհետև պատասխանատվության և պատվախնդրության հարց է Կոմիտասի անունը կրող աշխատախմբում (կոլեկտիվում) ներկայացնել հայկական երաժշտական արվեստը»,– շեշտում է քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակահար, ժողովրդական արվեստագետ, միջազգային բազմաթիվ եւ ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Էդուարդ Թադևոսյանը:

Հոբելյանական տարվա ընթացքում Կոմիտասի անվան պետական լարային քառյակը նախատեսում է մի շարք համերգներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև արտերկրում: Ապրիլին երևանյան համերգ է սպասվում, ապրիլի 24-ին հանդես են գալու Մոսկվայի հայկական Ս. Պայծառակերպություն մայր տաճարում, մայիսին նախատեսում են մի քանի համերգներով ներկայանալ Վենետիկում: Համերգներ են նախատեսված նաև Գերմանիայում:

Երաժշտագետ Հակոբ Խանջյանի հրաշալի բնորոշմամբ, «Կոմիտասի անունը կրել, նշանակում է ունենալ կատարողական մեծ արվեստ, հուզականություն, անմիջականություն, բարձր մշակույթ: Կոմիտասի անունը կրել, վերջապես, նշանակում է եթե ոչ նրա օրինակով գյուղից գյուղ, գավառից գավառ շրջել հայ երգը գտնելու, ձայնագրելու, մշակելու համար, ապա գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր շրջել՝ հայ և համաշխարհային երաժշտության նվաճումները բարձրարվեստ մատուցելու համար բոլորին, ամենից առաջ՝ սեփական ժողովրդի ամենալայն զանգվածներին»:

Հայի հոգուց ու սրտից բխած կոմիտասյան երաժշտական կտավներ արարող բեղուն լարը հավերժի ճամփորդ է, ինչպես այն ժողովուրդը, որը ծնունդ է տվել իրեն:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like