Նառա Դանիելյան, Երևան, 28 հուլիս 2024
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ) շուտով կվերաբացվի հայ և օտար լայն հանրության համար: Տարեսկզբից մեկնարկած վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին: Թանգարանային պահանջներին համապատասխան վերանորոգվում է նախամուտքը, որ մինչ այդ անշուք էր և այցելուին այնքան էլ չէր տրամադրում աղերսվելու հայ գրի, բանի ու արվեստի հետ: Թանգարանն իր արտաքին դռան հենց առաջին մետրից այցելուներին կընդունի ավելի հաճելի մթնոլորտում, և որ ամենակարևորն է՝ կընդարձակվի ժամանակավոր ցուցադրությունների սրահը: Նոր ցուցասրահում նախատեսվում է նոր՝ «Պատում մեկ իրի» շատ հետաքրքրական նախագծի իրականացում: Այստեղ ժամանակ առ ժամանակ կներկայացվի մեկ իրի պատմություն: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ առաջինը կցուցադրվի շանսոնյեի բեմական առաջին հագուստը:
Թանգարանի տնօրեն տիկին Սյուզաննա Խոջամիրյանն իր խոսքում մասնավորաբար նշեց․ «Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուները (ֆոնդերը) բազմաժանր են և չափազանց հարուստ: Բնականաբար, կան ցուցադրելու արժանի և հանրությանը դեռևս անծանոթ շատ նմուշներ, որոնք պարբերաբար պետք է հանրահռչակվեն, գնահատվեն կամ նորովի վերագնահատվեն: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար նշենք, որ հիմնական ցուցադրությունում առ այսօր տեղ է գտել ԳԱԹ-ում պահվող մշակութային հարստության ընդամենը 0,02 տոկոսը»:
Թանգարանն իր գործունեությունն ամրապնդում է նաև միջազգային հարթակներում․ հիմք է դրվում նոր, շատ կարևոր գործակցությունների: Դրա վառ ապացույցն է փետրվար ամսին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի՝ Ֆրանսիայի Ազգային պանթեոնում իրականացված ցուցադրությանը ԳԱԹ-ի մասնակցությունը՝ նրանց աճյունները պանթեոնում հանգրվանելու առթիվ: Միսաք և Մելինե Մանուշյանների արխիվային հավաքածուի զգալի մասը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանում: Պանթեոնում ցուցադրվեցին այդ հավաքածուից Միսաք Մանուշյանի ձեռագրով մի քանի անտիպ նոթատետրեր, որոնք պարունակում են նացիական գրավման դեմ Ֆրանսիական Դիմադրության (Resistence) հետ կապված շատ կարևոր փաստեր, ինչպես նաև լուսաբանում Մանուշյան ամուսինների կյանքն ու գործունեությունը: Ցուցադրությունը Փարիզի Պանթեոնում դեռևս բաց է, կտևի մինչև սեպտեմբերի 7-ը:

Տիկին Խոջամիրյանը նշեց նաև, որ բացի Ֆրանսիայի Հանրապետությունից, ԳԱԹ-ն ունի մի շարք պայմանավորվածություններ այլ երկրների, մասնավորաբար Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի թանգարանների հետ: Նախատեսվում է համատեղ միջոցառումների կազմակերպում:
ԳԱԹ-ի առաջնային գործառույթներից են հավաքչական աշխատանքը, ձեռքբերումը նոր թանգարանային առարկաների, ֆոնդերի համալրումը, ամբողջացումն ու դրանց մշակումը արխիվագիտության հիմունքներին համապատասխան:
«Պետք է հպարտությամբ նշեմ, որ այս տարին բավական հագեցած է նվիրատվությունների միջոցով համալրումներով: Կարծում եմ՝ սա մեր ազգին բնորոշ ամենադրական, ամենագեղեցիկ հատկանիշներից է: Կլինեն գրավոր ժառանգություն, թե անձնական առարկաներ, թե պարզապես թանգարանի դիմագծին և գործառույթներին համապատասխանող, ազգային և միջազգային արժեք ներկայացնող նմուշներ, մեր թանգարանը համալրվում է հիմնականում նվիրատվությունների միջոցով»,– իր խոսքում գոհունակությամբ նշեց տիկին Խոջամիրյանը:
Նվիրատվությունները ԳԱԹ-ին համարյա անընդհատ են. դրանցից նշենք վերջերս Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա դստեր նվիրատվությունը թանգարանին՝ աշխարհահռչակ սոփրանո երգչուհի մոր ամբողջական արխիվային հավաքածուն:
Թանգարանի կառուցվածքի մասն են ՀՀ-ով մեկ սփռված մասնաճյուղերը: Այս տարի լրանում են Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակն ու Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող նրա տուն-թանգարանի 85-ամյակը: Այս շրջանակում ամենշաբաթյա միջոցառումներ են իրականացվում, տուն-թանգարանն այս տարի յուրովի ծաղկուն է և գրկաբաց ընդունում է այցելուներին:

Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումները համապետական նշանակության են: Հենց Բակունցի ծննդյան տարեդարձի օրը նշանավորվեց մեկնարկովը Գորիսում գրողի տուն-թանգարանում միջոցառումների շարքի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնամարզի նախարարության հովանավորությամբ: Ծրագրված է մինչև տարեվերջ նույն վայրում իրականացնել Բակունցին ու նրա գրականությանն առնչված բազմաթիվ ձեռնարկներ:
Ըստ ԳԱԹ-ի տնօրենի՝ թանգարանի մյուս մասնաճյուղերում ևս աշխատանքները շատ եռանդուն են․ կրկնապատկվել են կրթական ծրագրերը, ամառային դպրոցները:
Թանգարանները ապրում, գոյատևում և թարմացվող ավյուն են ստանում անընդհատ բեղուն աշխատանքով, մշակութային և ժամանցային ամենօրյա հետաքրքիր առօրյայով:
*****