Մայր գանձարանը վերազինվում է

Նառա Դանիելյան, Երևան, 27 Հունիս 2024

Հին ձեռագրերի պահոցն ու գանձարանը՝ Մաշտոցյան Մատենադարանը, վերազինվում է նորարարական սարքավորումներով․ ՀՀ կառավարության աջակցությամբ տեղադրվել է ջերմասառեցման նոր համակարգ: Հինը շահագործվում էր դեռևս կառույցի ստեղծման օրվանից: Ձեռագրերն ու պահոցները մեծապես վտանգված էին:

Ըստ Մատենադարանի տնօրեն պարոն Արա Խզմալյանի, պետական աջակցությամբ ձեռք բերված սարքավորումը երկար տարիներ կապահովի ձեռագրերի անվտանգ պահպանությունը: Եղանակային փոփոխություններով պայմանավորված, պահոցներում ջերմաստիճանը տատանվում է, իսկ տատանվող ջերմությունն ու խոնավությունը ձեռագրերի ամենաառաջին թշնամին են: «Այս բարձրարժեք օդասառեցման համակարգը կենսական նշանակություն ունի»,– շեշտում է տնօրենը:

Մատենադարանի նորաստեղծ աշխատանոցների (լաբորատորիաների) սարքավորումներով (տեխնիկական) հագեցման ծրագրի շրջանակում էլ «Արարատ» դրամատան աջակցությամբ ձեռք են բերվել ավտոկլավ՝ լաբորատոր գործիքների ախտահանման պահարան և սնկաբանական հետազոտությունների սարքավորում (ինկուբատոր):

Պետական դրամաշնորհային ծրագրով ընդլայնվել են Մատենադարանի շտեմարանները․ «Կրիչ համակարգերում (սերվերներում) կուտակված տեղեկությունը մեծ տեղ էր զբաղեցնում և նոր սարքավորումների կարիք կար: Թվայնացման բաժինը ձեռք է բերել ժամանակակից մի սարք, որը շատ ավելի բարձր անվտանգություն է ապահովում հաստատությունների թվային տեղեկատվությունը պահպանելու տեսանկյունից»,– փաստում է Մատենադարանի տնօրենի՝ նորագույն տեխնոլոգիաների գծով խորհրդական պարոն Գուրգեն Գասպարյանը:

Հաստատության գիտական ու գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացման գործընթացում անհրաժեշտաբար կարևոր է տնտեսության մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության շնորհիվ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, իսկ բարերար Վահե Բադալյանի նվիրատվությամբ արդիականացվում են ձեռագրերի թվայնացման սարքավորումները:

Մատենադարանում ստեղծվել էր ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության խումբ, սակայն նրա աշխատանոցը վերազինման անհրաժեշտություն ուներ: 2023 թվականին Մատենադարանի և «Արմենիա Ուայն» ընկերության միջև կնքված համագործակցության արդյունքը իրեն սպասել չտվեց․ Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների աշխատանոցը համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում:

Մատենադարանը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի հետ․ կենսաքիմիական հետազոտությունների մի մասն իրականացնում են մայր համալսարանում:

«Մասնավոր կազմակերպությունների և անհատների աջակցությամբ ձեռք ենք բերում նորագույն սարքավորումներ: Ձեռագրերի վերականգնման ժամանակակից ընթացքը դժվար է պատկերացնել առանց նորարար միջոցների»,– ընդգծում է պարոն Խզմալյանը:

Գրավոր ժառանգության պահպանման կենտրոն Մաշտոցյան Մատենադարանն իր նորարար միջավայրով առավելագույնս կարդիականացվի: Իսկ ստեղծման ընթացքում գտնվող աշխատանոցները ծառայելու են Հայաստանի բոլոր այն կառույցներին, որոնք ունեն մասնագիտական աջակցության կարիք:

Մաշտոցյան Մատենադարանը որդեգրել է հստակ ռազմավարություն՝ սերտացնել գործակցությունը հոգևոր կենտրոնների հետ՝ Անթիլիաս, Վիեննա, Վենետիկ, Երուսաղեմ, ինչպես նաև արտասահմանի ոչ-հայկական համանման հաստատությունների հետ:

Աշնանը Մատենադարանում տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները» միջազգային գիտաժողովը, որին մասնակցելու են թե՛ հայաստանցի վերականգնողները, թե՛ արտասահմանից ժամանած վերականգնող բազմաթիվ մասնագետներ, այդ թվում մեր հոգևոր կենտրոնների սպասավորները:

Անհրաժեշտ է ընդգծել պետական հոգածության և մասնավոր կազմակերպությունների ու անհատների դերը մեր մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերի իրագործման գործում: Մե՛նք ենք պահպանողը մեր նյութական և ոչ նյութական ժառանգության… Եթե դրանց տեր չկանգնենք՝ յուրացնող՝ որքան կամենաս, առաջին տեղում՝ մեր արևելյան ու արևմտյան հարևանները:

*****

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like