Նոր ցուցադրություն՝ նվիրված Միսաք Մանուշյանին և մանուշյանցիներին

Նառա Դանիելյան, Երևան, 4 Ապրիլ 2023

Մարտի 23-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) բացվեց Ֆրանսիական Դիմադրության շարժման հերոս, բանաստեղծ, թարգմանիչ Միսաք Մանուշյանին և նրա մարտական խմբին նվիրված ցուցադրություն: Մ. Մանուշյանը ծնվել է 1 սեպտեմբեր 1906-ին Ադըյաման, Խարբերդի նահանգ. գնդակահարվելուց հետո թաղված է 21 փետրվար 1944-ին Իվրի գերեզմանատանը, Մոն-Վալերիեն ամրոց, Փարիզի մոտ: Ներկայացված են Մանուշյանի հուշատետրերը, նոթատետրերը, նմուշներ կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ նամակագրությունից, նամակներ, լուսանկարներ, կինոսցենարներ, հոդվածներ, բանաստեղծություններ և այլ նյութեր, որոնք նորովի են բացահայտում Միսաք Մանուշյանի ու նրա մարտական խմբի անդամների էությունն ու նվիրվածությունը Ֆրանսիային եւ մարդկայնական արժեքներին:

Թանգարանում այս արխիվային նյութերը ներկայացվում են առաջին անգամ: Ցուցադրությունը ԳԱԹ-ի՝ ֆրանսախոսության նվիրված միջոցառումների շարքից է:

Բացման հանդիսության իր խոսքում ԳԱԹ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը մասնավորապես նշեց․ «Միսաք Մանուշյանը հայ ժողովրդի այն զավակներից է, որոնք մեզ զինում են հուսավառությամբ և միշտ ոգեկոչում սխրանքների, հատկապես եթե դրված է հայրենիքի ազատության, ազատագրության խնդիրը»: Պարոն Սարգսյանը հայտնեց, որ նվիրվելով հանդերձ Ֆրանսիային, Մանուշյանը միշտ իր հոգու խորքում է ունեցել իր հայրենիքը, որի վկայություններից է նրա պատգամ-կտակը կնոջը՝ իր ձեռագրերը և արխիվը Հայաստան ուղարկել:

Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին ու մանուշյանցիներին նվիրված ստեղծագործությունների շարքում իր ուրույն տեղն ունի «Այսօր արևոտ օր է» գիրքը: Վերնագիրը վերցրած է Մանուշյանի՝ մահից րոպեներ առաջ կնոջը ուղղած սրտառուչ նամակից:

Ցուցադրությանը ներկայացված են ՀՍՍՀ ժողովրդական արվեստագետ, բեմադրիչ, բեմագիր Լաերտ Վաղարշյանի արխիվային այն նյութերը, որոնք աղերսվում են «Այսօր արևոտ օր է» գրքի նյութով նկարահանված համանուն վավերագրական կինոնկարի հետ, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում: Կինոնկարը նվիրված է մանուշյանցիներին:

Կինոնկարն առաջին անգամ ցուցադրվել է հայկական հեռուստատեսությամբ 1975 թվականի ապրիլի 24-ին: Այդպես որոշել էր հանրապետության կոմկուսի ղեկավարությունը: «1915 թվականի հայոց Եղեռնի 60-ամյակը թող նշվի նաև «Այսօր արևոտ օր է» ֆիլմով, թող աշխարհը տեսնի, թե ինչ ժողովուրդ էին ուզում բնաջնջել թուրքերը, ժողովուրդ, որն ունի Մանուշյանի նման զավակներ»,– ասված է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի որոշման մեջ: Միսաքի հայրը մահացել էր Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ ինք մեծացել էր որբանոցներում:

Թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանի խոսքով՝ «Լաերտ Վաղարշյանը շատ երկար ու դժվարին ճանապարհ է անցել ֆիլմը նկարահանելիս: Նա նշում է, որ Շառլ Ազնավուրի հայրը՝ Միքայել Ազնավուրյանը պատմում էր, Միսաք Մանուշյանը միշտ ասել է, թե պատերազմից հետո անպայման պիտի տեղափոխվի Հայաստան: Ցավոք, նրա փափագը այդպես էլ իրականություն չդարձավ․ նրան գնդակահարեցին»:

Արժեքավոր բազմաթիվ փաստերի ներկայացումից բացի կինոնկարում կա կարևոր մի ընդգծում․ Միսաք Մանուշյանը, որպես ցեղասպանությունը վերապրած հայ, հայոց պատմության ողբերգական օրերին առերեսվել է ազգայնամոլության երևույթի հետ:

Միջոցառմանը ներկա էր կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանույշ Գալստյանը, ով հանդես եկավ ֆիլմի վերաբերյալ ներածական խոսքով:

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ ամիս:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like