«Ասեղնագործության և մանրանկարչության զուգահեռներում»․ ծաղկում են պատանիները

Նառա Դանիելյան, Երևան, 19 Դեկտեմբեր 2022

Վերջին օրերին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի հիմնարկ-Մատենադարանում, միջնադարյան նկարազարդ ձեռագրերի կողքին ցուցադրվում են պատանի ծաղկողների ասեղնակար աշխատանքները: Մատենադարանն ու «Մաշտոց» հիմնադրամը «Ասեղնագործության և մանրանկարչության զուգահեռներում» խորագրի ներքո ներկայացնում են «Շերամիկ» ասեղնագործության դասընթացի ամփոփիչ ցուցադրությունը:

Երեք տասնյակ շնորհալի փոքրիկներ մեկ տարի շարունակ «Շերամիկ»-ի դասերի ընթացքում ուսումնասիրել և բացահայտել են հայկական զարդարվեստի և մանրանկարչության նրբագույն հմտությունները՝ վերածելով դրանք ասեղնագործ նախշազարդերի: Ժողովրդական վարպետ-ուսուցիչների՝ Անժելա և Անահիտ Աբգարյանների ազգաշահ աշխատանքի նպատակն է շնորհալի երեխաներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթի ակունքներին, ինչպես նաև Մատենադարանի ստեղծագործական մթնոլորտին:

2015 թվականից ի վեր Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» ստուդիայի մանրանկարչության, գծանկարի և ասեղնագործության խմբերում կրթվել է 7-14 տարեկան 75 մանուկ և պատանի: Հայ միջնադարյան ծաղկողների արվեստն իր ողջ բազմազանությամբ և ընդգրկմամբ առանցքային է եղել յուրաքանչյուր դասընթացի համար, ինչն իրականություն է դարձել «Մաշտոց» հիմնադրամի անձնակազմի և Աբգարյան քույրերի համատեղ ջանքերի շնորհիվ:

Հայկական ասեղնագործությունը, ինչպես մանրանկարչական արվեստը, ձևավորվել և զարգացել է Հայաստանի և Կիլիկիայի տարբեր կենտրոններում: Նրբակար կարատեսակներով ու ժանյակներով ասեղնագործության բազմաթիվ դպրոցներ են գործել Արցախում, Անիում, Վանում, Կարինում, Այնթապում, Մարաշում, Եդեսիայում (Ուրֆա) և այլուր: Պահպանելով հանդերձ հայկական զարդանախշերի առանձնահատկությունները, այս դպրոցներից յուրաքանչյուրն ստեղծել է իր ուրույն ոճը, զարդանախշերի և գույների իր կայուն համակարգը:

Վարպետ ուսուցիչներ Անժելա և Անահիտ Աբգարյան քույրերը տարիներ շարունակ զբաղվել են հայկական ասեղնագործության տարբեր դպրոցների ուսումնասիրությամբ և նրանց արվեստի գաղտնիքների վերծանմամբ: Այդուհանդերձ, հայկական ձեռագիր մատյաններն ուսումնասիրելով, պարզել են, որ գաղտնիքների դեռևս մի փոքր մասն են բացահայտել:

Ցուցադրության բացման իր խոսքում Անժելա Աբգարյանը նշեց․ «Մենք առայժմ ընտրել ենք ամենամատչելին, որպեսզի երեխաները կարողանան գործել: Աշխատել ենք Վանի շղթայակարով և Մարաշի հարթակարով: Օգտագործվել են այլ կարատեսակներ ևս․ թե ՛ վերադիր զարդակար, թե ՛ լիցքեր: Ծրագրի շարունակության դեպքում դրանք ավելի կընդլայնենք»:

Ըստ նրա՝ մտավախություն կար, որ 21-րդ դարում՝ համակարգչային այս թոհուբոհի մեջ կարող է երեխաներ չգային դասընթացներին, այնինչ մասնակիցների թիվը բավական խոստմնալից է և իրենք շնորհակալ են նրանց:

Անահիտ Աբգարյանն էլ ընդգծեց, որ իրենց նպատակն է հայկական ասեղնագործությունը դուրս բերել թանգարանների պահոցներից և այդ նրբագեղ, սքանչելի արվեստն արդիականացնել, զարգացնել, փոխանցել սերունդներին:

Ցուցադրությունը Մատենադարանում բաց կլինի մինչև սույն թվականի դեկտեմբերի 28-ը:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ՀՀ-ի իրավահաջորդության խնդիրը կամ Հայոց պետական այրերի մեղքերի սրբագրման նոր միջոց

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ, «Միտք» վերլուծական կենտրոն , 25.10.2009թ . Հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմամբ հասարակական լայն քննարկումների մեկնարկից հետո մեջտեղ եկան…
Read More
Read More

Թուրքիա Կրնա՞յ Դիմագրաւել …

Համօ Մոսկոֆեան, Պերլին-Ֆրանքֆորթ-Պէյրութ, Յունուար 2011 Երբ Միացեալ Ազգերու քարտուղարի նախկին օգնական, այժմ Արեւմտահայերու համագումարի համանախագահ Սուրէն Սերայտարեանին ու…
Read More