Սերգեյ Փարաջանով կինոհանճարը 100 տարեկան է

Նառա Դանիելյան, Երևան, 31 հունվար 2024

«Մի հրաշագործ, որ ոչնչից կարող է կերտել ամեն ինչ, մի խենթ, որ վարդերի ճամփան մի կողմ թողած, բոբիկ ոտքերով քայլում է, քայլում է կրակների, փշերի վրայով»,– կինոբեմադրիչ Հենրիկ Մալյանի բնորոշումն է Սերգեյ Փարաջանովին:

Տարին հոբելյանական է կինոյի հանճար Սերգեյ Փարաջանովի համար․ կինոյի հարյուրամյա վարպետին նվիրված հոբելյանական միջոցառումներ են նախատեսվում ողջ տարվա ընթացքում:

Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թբիլիսիում: 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական հիմնարկ: Ավարտելով հիմնարկը, Փարաջանովն ընդունվել է Կիևի գեղարվեստական ֆիլմերի ստուդիա՝ որպես բեմադրիչ: 1963 թվականին Սերգեյ Փարաջանովը սկսեց ստեղծել «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը հետագայում դարձավ համաշխարհային կինոյի Ոսկե ֆոնդի մի մասը: Փարաջանովը շնորհավորանքներ էր ստանում Ֆելլինիից, Անտոնիոնիից և աշխարհահռչակ այլ կինոգործիչներից: Բացի «Նռան գույնը», «Հակոբ Հովնաթանյան», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբը» և այլ հանճարեղ ֆիլմերի հեղինակը լինելուց, Սերգեյ Փարաջանովը ստեղծել է նաև մի շարք համապատկերներ (կոլաժներ), որոնց մի մասը վարպետը պատրաստել է թափոններից: Փարաջանովը մահացել է 1990 թվականի հունիսի 20-ին՝ Երևանում: Թաղված է հայոց մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու Հայոց մեծաց պանթեոնում: 1991 թվականի հունիսի 27-ին Երևանում բացվեց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը և շիրիմին դրվեց նրա կիսանդրին։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու որոշումով, թանգարանին կից փողոցն անվանակոչվել է նրա անունով:

Հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին Սերգեյ Փարաջանովի ծննդյան տարեդարձի օրը՝ հունվարի 9-ին, Հայաստանի կինոգործիչների միությունում: ԿԳՄՄ-ի (Կրթության, գիտության, մշակույթի և մարմնամարզության նախարարություն) նախաձեռնությամբ իրականացված միջոցառման մեկնարկը տրվեց Արա Ալեքյանի հեղինակած Փարաջանովի արձանի բացման արարողությամբ: Նորակերտ արձանի հանրային առաջին ցուցադրությունից բացի, «Սինեմատեք» թանգարանի սրահներում ներկայացվեց Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա․կերպափոխումներ» ցուցահանդեսը: Ցուցադրվեցին ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպեսև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով: Ամբողջ օրվա ընթացքում Կինոյի տան դահլիճում շարունակաբար ցուցադրվեցին Սերգեյ Փարաջանովի և նրան նվիրված ֆիլմերը:

ԿԳՄՄ նախարար Ժաննա Անդրեասյանը բացման իր խոսքի ավարտին առաջարկեց Կինոյի տան դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի քանդակագործ Արա Ալեքյանի կերտած արձանը, անվանակոչել «Նռան գույնի» հրապարակ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, արժևորելով կինոյի հսկայի թողած ժառանգությունը, նշեց. «Փարաջանովի արվեստը մեզ տվեց մեծ հնարավորություն՝ ճանապարհ բացել հայկական կինոն աշխարհին ներկայացնելու համար: Այս տարի ունենք շատ հետաքրքիր ծրագրեր Վրաստանում ու եվրոպական երկրներում»:

Կինոհանճարի տարվա շրջանակում նրա հոբելյանին է պատրաստվում նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ): Կինոյի վարպետի արխիվը ներառում է արժեքավոր լուսանկարներ, նամակներ, բեմագրեր, ինքնագրեր, մամուլի նյութեր… Թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ Արփինե Ասլանյանի խոսքով, «Արխիվային նյութերը մեզ մոտ պահպանում ենք շատ մեծ սիրով, որովհետև ամեն մեկը մասունք է մեզ համար: Սրանք արժեքավոր վավերագրեր են, որոնք մեր ժողովրդի սեփականությունն են, և երիտասարդ սերնդին հնարավորություն կտան ավելի գնահատելու Փարաջանով երևույթին»:

Ներկայումս, Փարաջանովի՝ ԳԱԹ-ում պահվող արխիվային նյութերը ուսումնասիրում և դրանք իր նոր գրքում օգտագործելու է կինոգետ Գարեգին Զաքոյանը: Թանգարանն աշնանը կկազմակերպի նոր գրքի շնորհանդեսը և Փարաջանովի 100-ամյակը կնշանավորի հոբելյանական մեծ ցուցահանդեսով:

Նշենք, որ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը ներառված է Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) նշանավոր անձանց հոբելյանների ցանկում: ՀՀ-ում, միջոցառումների անցկացման համար ստեղծվել է Կառավարական հոբելյանական հանձնաժողով:

Խոսել կինոբեմադրիչ, բեմագիր, դերասան, նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանով մեծահանճարի մասին ու արժևորել նրա վաստակը, թերևս, բարդագույններից է: Փարաջանովի ամբողջ արվեստը, առաջին ֆիլմից մինչև վերջինը, Աստուծո հետ երկխոսություն է, գեղեցիկի ու ճշմարտության հավերժ իր փնտրտուքն է, մաքառումը և ի վերջո բոլոր անպատասխան հարցերի պարզումն ու բացահայտումը Սկզբի ու Վերջի: Նա իր ստեղծագործ գերբնական ուժով տալիս է անմահության ու հավերժի բանաձևումը… Ու միայն գաղափարամարտ ու գաղափարախեղդ ժամանակաշրջանի զոհը դարձած հանճարը պիտի կարողանար իրագործել նախանշվածը՝ արվեստի զարմանահրաշ հրավառությամբ ձեռքը երկարեր կատարյալին՝ աստվածայինին:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like