Նառա Դանիելյան, Երևան, 30 Նոյեմբեր 2023
«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն» արտահայտությունը վերագրվում է աշխարհահռչակ Վիլյամ Սարոյանին: Նրա ծննդյան 115-ամյակին առիթով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտն ու Սան Ֆրանցիսկոյի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը նոյեմբերի 17-ին մեկնարկել են «Վիլյամ Սարոյանը և արվեստը» երկօրյա միջազգային գիտաժողով նշանավորելով գրողի հոբելյանական տարին: Սարոյանագետներ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ՝ ՀՀ-ից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իսլանդիայից, Սերբիայից ու Ռուսաստանից միավորել են իրենց գիտական ներուժը՝ արժանին մատուցելու Սարոյանի բացառիկ տաղանդին, ինչպեսև նորովի արժևորելու Սարոյան երևույթին:
Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին, Ֆրեզնոյում՝ Բաղեշից (Բիթլիս) գաղթած հայ ընտանիքում: 1911 թվականին, հոր մահից հետո, Վիլյամ Սարոյանը՝ եղբոր և երկու քույրերի հետ տեղափոխվել է որբանոց: Աշխատել է լրագրավաճառ, փոստատար, սևագործ բանվոր, ապրել վարձով տրվող սենյակներում: Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք» թերթում՝ Սիրակ Գորյան անգլերեն ստորագրությամբ: Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը: Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Նրա գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման ուրվագծերն են նրա թատերական արվեստում և պիեսներում՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Խաղողի այգին»: Լավագույն գրական սկզբնաղբյուրի համար Սարոյանն արժանացել է «Օսկար», իսկ լավագույն դրամայի համար՝ «Պուլիցեր» մրցանակների:
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին՝ Ֆրեզնոյում: Ըստ իր կտակի՝ աճյունի մի մասը թաղված է իր ծննդավայրում, մյուսը՝ Երևանում՝ Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի պանթեոնում:

Միջոցառման բացման խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ասաց. «Վիլյամ Սարոյանի արվեստի, թատրոնի, նկարչության, երաժշտության գործերում կա ներշնչանք: Պետք է իմանանք՝ ինչ խորություն ունի սարոյանական ստեղծագործությունը և այնպես հանրահռչակենք այն, որ հատկապես երիտասարդությունն իրազեկված լինի և հպարտ, որ նման նշանավոր հայ հեղինակ ունի»:
Ըստ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանի, կազմակերպչական աշխատանքի ընթացքում պարզ է դարձել, որ դեռ ուսումնասիրության կարոտ շերտեր կան արվեստի հետ Սարոյանի առնչություններում: «Ես վստահ եմ, որ մենք երկու կառույցներով՝ Արվեստի ինստիտուտը և «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը (որը ստեղծել է անձամբ Վիլյամ Սարոյանը, իսկ այսօր ղեկավարում է Սքոտ Սեդրակյանը), կկարողանանք նորանոր բացահայտումների ճանապարհով անցնել»,– նշում է արվեստագիտության դոկտոր տիկին Ասատրյանը:
Գիտաժողովի 35 զեկուցումներում բազմաբնույթ գիտական անդրադարձներ են մեզ հայտնի և բոլորովին անծանոթ Սարոյանին. «Իմ սիրտը լեռներում է» պիեսի 1961 թվականի բեմադրությունից սկսած մինչև Սարոյանը՝ նկարիչ, Սարոյանը՝ երաժիշտ և անգամ օպերաների հեղինակ թեմաները: Երաժշտությունը միշտ է Սարոյանի տարերքն եղել. 1930-ականներից սկսած նա երգեր էր գրում տարբեր հեղինակների համար:
Հոբելյանական տարում լույս կտեսնի թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանը և հայ բեմը» մենագրությունը, որն ամփոփելու է ազգային թատրոնում սարոյանական բեմադրությունների պատմությունը: «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի երաշխավորությամբ այս տարի նախաձեռնում եմ իմ մենագրությունը՝ «Վիլյամ Սարոյանը և հայ բեմը» խորագրով, որտեղ ուսումնասիրության հիմնական առանցքում Վիլյամ Սարոյանի թատերգությունն է իր բեմականության տեսանկյունից և դրա դրսևորումները հայ բեմում: Առաջին անգամ մեր իրականության մեջ, կազմել եմ Վիլյամ Սարոյանի տարեգրություն, սկսած 1961 թվականի Վարդան Աճեմյանի բեմադրությունից մինչև մեր օրերը»,– նշեց հեղինակը:
Սարոյանի արգասավոր գրիչը մեծաքանակ ժառանգություն է ստեղծել, որում առ այսօր շատ են խոհափիլիսոփայական արձակ և դրամատիկական այն ստեղծագործությունները, որոնք հայերեն թարգմանված չեն: Այս համածիրում՝ Սարոյանին նորովի բացահայտելու թեման մնում է այժմեական:
Հավելենք, որ Վիլյամ Սարոյանի արժեքավոր վավերագրերը ի պահ են տրված Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ու մատչելի են բոլոր ուսումնասիրողներին: