Մարտիրոս Սարյանի գրքային գեղարվեստը

Նառա Դանիելյան, Երևան, 19 Նոյեմբեր 2022

«Աստված կարծես Հայաստանն ստեղծել է Սարյանի էսքիզներով»:
Գուրգեն Մահարի 

Օրերս Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» խորագիրը կրող ցուցադրությունը: Այն հանրությանը ներկայացնում է Սարյանի թողած հարուստ գեղարվեստական ժառանգության մաս կազմող գրքարվեստը և բացահայտում է գրական աշխարհի հետ մեծ վարպետի ունեցած լայն կապերը:

Ցուցադրությունը բազմաբովանդակ է. ընդգրկված են ինչպես բոլորիս դեռ մանկությունից ծանոթ գրքային ձևավորումների նախանկարներ (էսքիզներ), այնպես էլ նորահայտներ: Ներկայացված են նաև գրողների դիմանկարներ: Ցուցանմուշների մեջ հատկապես հետաքրքրական է «Եգիպտական դիմակները», որը համադրված է Չարենցի սարյանական հայտնի դիմանկարի հետ:

Սարյանի գրքարվեստը սկիզբ է առել Ռուսաստանում ապրելու տարիներին: Վաղ ստեղծագործական շրջանում վարպետը ձևավորել է ռուս գրողներ Միխայիլ Լերմոնտովի և Վլադիմիր Էլսների ստեղծագործությունները, համագործակցել վերջինիս հետ: 20-րդ դարի սկզբին նա ստեղծել է Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուի շապիկի էսքիզը:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը նշում է. «Սարյանը, հաստատվելով Հայաստանում, Չարենցի գործուն միջամտության շնորհիվ նաև ներգրավվում է գրահրատարակչության ոլորտ: Չարենցը հսկայական ներդրում է ունեցել հայկական գրքարվեստի պատկերազարդման գործում, նա ղեկավարել է «Հայպետհրատ»ի գեղարվեստական բաժինը, և դա արել է ֆանտաստիկ հաջողությամբ, որովհետև, ինչպես հենց նույն Մարտիրոս Սարյանն է նշում՝ նա մասնագետ էր ոչ միայն գրականության ոլորտում, այլև արվեստի փայլուն քննադատ էր, հրաշալի տիրապետել է արվեստի պատմությանը և հիանալի հասկացել՝ ինչպե՞ս կարելի է գիրքն ու արվեստը իրար հետ համադրել: Սարյանական գրքարվեստը կարծես մի ճարտարապետական կառույց լինի իր շեմով, նախամուտքով, մուտքով և բոլոր մնացած կողմերով: Այդ ավանդույթը գալիս է դեռևս միջնադարից, մեր ձեռագիր մատյաններից… Այս ավանդույթների վրա հիմնվելով Սարյանն ու նրա ժամանակակիցները ստեղծեցին բացարձակապես այլ գրքարվեստ»:

Ցուցադրության համադրող Հայկուհի Սահակյանն էլ իր խոսքում նշում է, որ կան գրքարվեստի նմուշներ, որոնց նախանկարները չեն պահպանվել: Այդ բացը գալիս են լրացնելու ցուցադրված գրքերը, որոնք տրամադրել են Ազգային գրադարանը, Գրականության և արվեստի թանգարանը, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և Սարյան ընտանիքը: Ցուցադրությունը լրացվում է փոխկապակցված (ինտերակտիվ) նյութով. այս բաժնում զետեղված են գրողների՝ Սարյանի ձեռամբ ստեղծված դիմանկարները: Արդարև, Սարյանի թե՛ մոսկովյան և թե՛ երևանյան արվեստանոցներում հյուրընկալվում էին հայտնի գրողներ, ինչպես Աննա Ախմատովան, Իլյա Էհրենբուրգը, Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Ուիլյամ Սարոյանը և դեռ շատեր: Այդ հանդիպումների ակնթարթները հավերժացել են Սարյանի վրձնած դիմանկարներում:

Հայկուհի Սահակյանն ասաց, որ ցուցադրությունը բաղկացած է մի քանի բաժիններից.

Առաջին սրահը ներկայացնում է վարպետի և դասական գրողների հարաբերությունները, վերջիններիս գրական երկերի սարյանական ոճավորումները:

Երկրորդ սրահում ներկայացված են Սարյանի ստեղծագործություններում տեղ գտած խորհրդային և ազգային բնույթի ստեղծագործությունները: «Հաճախ նա այդ երկուսը համադրում էր, ինչի պատճառով խիստ գրաքննության էր ենթարկվում նրա արվեստը»:

Հաջորդ սրահում ներկայացված են հայկական ժողովրդական հեքիաթների այն զարդանկարները, որ Սարյանն ստեղծել է ռուսական «Ակադեմիա» հրատարակչության պատվերով: Դրանք հրատարակվել են երեք անգամ: Յուրաքանչյուր անգամին վարպետն իր նկարազարդումները վերամշակել է և հարստացրել նոր պատկերներով ու դրվագներով:

Վերջին սրահում ներկայացված են պարսիկ միջնադարյան բանաստեղծ Ֆիրդուսու մահվան հազարամյակին առթիվ նրա «Շահնամե» պոեմի «Ռոստամ և Զոհրապ» պատումի ձևավորումները, որոնք Սարյանն ստեղծել է Չարենցի հորդորով:

Ցուցադրությունը բաց կլինի երեք ամիս:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like