Նառա Դանիելյան, Երևան, 5 Փետրվար 2023
Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը Ալեքսանդր Շիրվանզադեի (Մովսիսյան, 1858-1935) ծննդյան 165-ամյակը նշում է հետաքրքիր, հարուստ ու բազմաբովանդակ ցուցադրական նյութով հագեցած ժամանակավոր ցուցադրությամբ: Թանգարանի ֆոնդերում պահվող՝ մեր գրականության մեծերից մեկի հավաքածուն ամենախոշոր արխիվներից է: Այն վերջերս համալրվեց նոր նվիրատվություններով:
Փետրվարի 2-ին՝ ցուցադրության բացմանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը նշեց. «Լրանում է մեր մեծ վիպագրի 165-ամյակը: Մենք այդ առիթով կազմակերպել ենք նրա իրերի, փաստաթղթերի, նամակների, ձեռագրերի, նաև՝ գեղանկարների ցուցադրություն: Մեր թանգարանի ամենամեծ ֆոնդերից է Շիրվանզադեինը: Ուզում եմ հատկապես նշել, որ անցած տարի ունեցանք համալրում, և կարծես թե ամփոփվեց ու ավարտին հասավ Շիրվանզադեի ամբողջ ժառանգությունը: Մոսկվայից բերվեցին Շիրվանզադեի մի շարք ձեռագրեր՝ նամակներ, փաստաթղթեր, և այլն, ինչպես նաև աղջկա քանդակը, որը պահպանել էր ընտանիքը: Այս բոլորը շատ զգուշությամբ հասցրեցին թանգարան»:
Թանգարանում են պահվում գրողի կահ-կարասին, ձեռագրերը և մնացած ամբողջ ժառանգությունը: Տնօրենի խոսքով՝ տարվա ընթացքում նախատեսվում են հոբելյարին նվիրված ևս մի քանի միջոցառումներ:
Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար Մարինե Հարոյանն ասաց, թե Շիրվանզադեի հոբելյաններին միշտ անդրադարձ է եղել անգամ նրա կենդանության օրոք. «Մտածում էի՝ ի՞նչ ցուցադրել, որ նորություն բերի, հետաքրքիր լինի: Երբ նորից պրպտեցի գրողի արխիվը, հասկացա, որ շատ մեծ քանակությամբ նյութեր ունենք Շիրվանզադեի գրական գործունեության 30 և 50-ամյա հոբելյաններին նվիրված: Ու միանգամից հասկացանք. սրանք հենց այդ հետաքրքրական նյութերն են՝ ուղերձներ, հեռագրեր, նվերներ… Իսկ ինչո՞ւ չանել այդ տիպի ցուցադրություն: Ցուցադրությունը կոչեցինք «Հոբելյարը»:
Տիկին Հարոյանը հավելեց. «1911 թվականին երբ նշվում էր Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակը, ստեղծվել է հանձնաժողով: Հայ ժողովուրդը այդ տարիների դեռ պետականություն չուներ, բայց զարմանում ես ծանոթանալով նյութի ուղերձներին. հասկանում ես, որ մենք ունեցել ենք շատ կազմակերպված հասարակություն, բարեգործական, մասնագիտական, հասարակական, կրթական եւ այլ բազմաթիվ ընկերություններ: Եվ այս բոլոր ուղերձները, որ ցուցահանդեսում տեսնում եք, այդ հասարակական կազմակերպությունների աշխույժ գործունեության արդյունքն են»:
Ըստ Մարինե Հարոյանի՝ Շիրվանզադեի արխիվը մշակութաբանների համար ուսումնասիրության հսկայական նյութ է պարունակում: Արխիվում մեծաքանակ տեղեկատվություն կա գրողի ապրած ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների մասին, մասնավորաբար հասարակության մեջ կանանց դերի վերաբերյալ: Նույնիսկ կարելի է անել լեզվաբանական հետաքրքիր ուսումնասիրություն՝ ինչպե՞ս էին դիմում միմյանց, ի՞նչ բառապաշար էին օգտագործում. «Օրինակ՝ մենք այսօր մեր գնահատանքի խոսքում կիրառում ենք «երկրպագուներ» բառը, իսկ այս ուղերձներից տեղեկանում ենք, որ այդ ժամանակաշրջանի խոսույթում այն համարժեք է եղել «հարգող» բառին»,– նշում է Հարոյանը:
Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանը «Հոբելյարը» խորագրի ներքո ներկայացնում է Շիրվանզադեի գրական գործունեության 30 և 50-ամյա հոբելյաններին առնչվող արժեքավոր 300 ցուցանմուշ:
Ցուցադրությունը հանրության առաջ բաց կլինի մեկ ամիս: