Սիրան Սեզա Յառաջամարտիկը

Նառա Դանիելյան, Երևան, 30 Սեպտեմբեր 2023

Սեպտեմբերի 8-ին լրացավ լիբանանահայ արձակագիր, հրապարակախոս, խմբագիր Սիրան Սեզայի մահվան 50-րդ տարելիցը։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կազմակերպված միջոցառման շարժառիթը մեր մշակույթի հերթական մեծի գրական ավանդը գնահատելն ու վերարժևորելն էր։ Թանգարանին է ի պահ տրված Սիրան Սեզայի անձնական արխիվը՝ արժեքավոր ձեռագրերն ու հարուստ նամականին։ Բեյրութից Լոս Անջելոս հասցված ու այնտեղ տասնամյակներով հանգրվանած արխիվը դասավորելու և այն Հայրենիք առաքելու գործում մեծ ներդրում ունեն Երեւանի պետական համալսարանի բանասիրության բաժանմունքի շրջանավարտներ դոկտ. Մինաս Գոճայանն ու իր տիկինը՝ Նազելին:

Սիրան Սեզա (Սիրան Տաճատի Զարիֆյան-Քյուփելյան) ծնվել է 1903 թվականի փետրվարի 9-ին՝ Կոստանդնուպոլսի ասիական ափի Սկյուտար թաղամասում՝ մշակույթի ու արվեստի մթնոլորտում ապրող ընտանիքում (քույրն է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանի, որի գրականությունը հանրայնացնելու գործում հսկայական է Սեզայի ավանդը)։ Ավարտել է տեղի Ատաբազարի աղջկանց ամերիկյան քոլեջը և Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի գրականության-լրագրության ու լեզուների բաժինը։ Հակառակ ԱՄՆ-ում մնալու իր դասախոսների և ծանոթների հորդորներին, վերադարձել է Լիբանան՝ հայուհիների կրթական մակարդակի ու հասարակական դերի բարձրամանը նվիրվելու առաքելությամբ, Բեյրութում հիմնել «Երիտասարդ հայուհի» հանդեսը և 1932 թվականի հոկտեմբերին սկսել այն հրատարակել իր խմբագրությամբ: 1932-1934 եւ 1947-1968 թվականներին ընդհատումներով 16 տարի լույս տեսած պարբերականի էջերում Սեզա անդրադարձել է հայապահպանման խնդրին, կարևորել հայ կնոջ դերը մանուկների հայեցի դաստիարակության գործում, հարատև պայքար մղել հայ և նույնիսկ օտարազգի կնոջ տարբեր իրավունքների նվաճման համար։ Օրինակ, Սեզա էական դեր է ունեցել Լիբանանի խորհրդարանում կանանց ընտրելու և ընտրվելու իրավունքի ձեռբերման պայքարում (1953 թվական): «Պատնեշը» և «Մեղավորուհին» ժողովածուներում ամփոփված պատմվածքներում Սեզա կերտել է հայ և այլազգի կանանց կերպարներ, որոնք բարոյական հենարան են փնտրում՝ շիտակ ապրելու համար։ 1967 թվականի վերջին Լիբանանի հանրապետության նախագահ Շարլ Հելուն Սեզայի մշակութային և հասարակական-դաստիարակչական գործունեության համար նրան պարգևատրել է «Մայրիների արժանյաց կարգի» շքանշանով:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի սրահում սեպտեմբերի 23-ին կայացած հուշ-ցերեկույթն սկսվեց ԳԱԹ-ի տնօրեն պարոն Վահագն Սարգսյանի բացման խոսքով: Նա ներկաներին հրավիրեց մեկ րոպե հոտնկայս լռությամբ հարգել վերջին օրերի մեր նահատակների հիշատակը: Իր խոսքում նա անդրադարձավ մերօրյա ցեղասպանությանը՝ կոչ անելով ազգովի համախմբվել՝ հաղթահարելու այս աղետը: Խոսելով Սեզայի մասին, նա հատկապես նշեց․ «Սեզա թե՛ գրող էր, թե՛ խմբագիր և թե՛ հասարակական գործիչ։ Նա արաբական Արևելքում առաջինն է եղել կանանց իրավունքների պաշտպանի դերում։ Նա շփվել էր ժամանակի մեծերի՝ քաղաքական գործիչների, գրողների, արվեստագետների հետ, և գուցե այդ ծանոթություններն էին նրա մեծ թռիչքի նախապատրաստական հիմքերը։ Սեզա դարձավ հայ և արաբ ժողովուրդների կանանց իրավական ազատությունների խորհրդանիշը»։ Պարոն Սարգսյանը ավելացրեց. «Մենք հետաքրքիր ժամանակներ ենք ապրում. Հայ գրականագիտության մեջ ստեղծվում է մի նոր ուղղություն՝ սեզայագիտություն: Շնորհիվ Գևորգ Յազըճյանի եռանդուն աշխատասիրության, շուտով մեր սեղաններին կունենանք Սեզայի հսկայածավալ նամականին, շատ հավանաբար՝ 4 հատոր, 2500-3000 էջ: Նամակների ամեն մի գաղտնաբառը, ամեն մի մութ անկյունը Գևորգ Յազըճյանը լուսաբանում է՝ սրանով մի նոր կյանք բերելով Սեզայի ստեղծագործությանը: Անհամբերությամբ սպասում ենք հատորների տպագրությանը: Այդ նամականիով, Սեզա մեզ վերադառնում է՝ թեկուզ 50 տարի անց»։

Տեսաելույթով հանդես եկավ լիբանանահայ ճանաչված գրող, կրթական եւ հասարակական գործիչ Պեպո Սիմոնյանի այրին՝ տիկին Ազատուհի Սաչլյան-Սիմոնյանը: Նա առաջինն է ելույթ ունեցել 1967 թվականի դեկտեմբերի 7-ին Բեյրութի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում կազմակերպված և Սիրան Սեզայի գրական գործունեության 45 ու «Երիտասարդ հայուհի» թերթի հրատարակության 15-ամյակի առթիվ կազմակերպված մեծարանքի հանդիսությանը: 56 տարի անց, նույն բանախոսը նորովի գնահատեց Սիրան Սեզա երևույթը. «Սիրան Սեզան շարունակողը եղավ սփյուռքահայ իրականության մեջ իրեն նախորդող ժամանակաշրջանի ականավոր կանանց՝ Սրբուհի Տյուսաբի, Սիպիլի, Զապել Եսայանի և Հայկանուշ Մառքի։ Լիբանանի մեջ հրատարակվող «Երիտասարդ հայուհի» թերթը մեծ ազդեցություն ուներ լիբանանահայ և սփյուռքահայ կանանց մշակութային, գրական, ազգային և հասարակական կյանքի վրա։ 50-ական և 60-ական թվականներուն Սեզա հաճախ բեմերու վրա էր՝ գրական, մշակութային և ազգային տոնակատարություններու և հանդիսություններու ժամանակ։ «Երիտասարդ հայուհի»-ն կշոշափեր կանանց խնդիրները՝ հառաջդիմական հայացքներով։ Համոզված ըլլալով, որ հայ կնոջ տեղը ընտանիքին մեջ անփոխարինելի է, այդուհանդերձ, Սեզա կքաջալերեր կանանց մասնագիտական հառաջխաղացումը և մասնակցությունը մշակութային, հասարակական ու քաղաքական կյանքին»։

Տիկին Սիմոնյան այնուհետ ավելի մանրամասն խոսեց Սեզայի խմբագրած պարբերականի բովանդակության և աշխատակիցների մասին: «Սեզայի «Երիտասարդ հայուհի»-ն, բացի կանանց հարցերուն նվիրված առաջնորդողներեն ու հոդվածներեն, կանդրադառնար գրական, կրթական, մշակութային հարցերու։ Աշխատակիցները անվանի դեմքեր էին՝ Բյուզանդ Եղիայան, Անդրանիկ վարդապետ Կռանյան, Վահե-Վահյան, Վարդան Գևորգյան, Ներսես Քյուփելյան, Ստեփան Շահպազ, Միհրան Տամատյան և այլք»: Տիկին Սիմոնյան իր ելույթում հարմար չէր համարել հիշատակել, որ ինք ևս աշխատակցել է պարբերականին 1966 թ. մարտից մինչև վերջին համարը 1968 թ. դեկտեմբերին։ Նա հավելեց. «Սիրան Սեզա լիբանանահայ գաղութի սիրված և հարգված խմբագիրն ու գրագիտուհին էր։ 1940-1960 ականներուն ան գործեց, խոսեցավ և գրեց՝ հրապարակելով իր տեսակետները ազգային, քաղաքական, մշակութային և կրթական հարցերու առնչությամբ։ Ան խիզախ մտավորականի կերպար էր. չէր վարաներ բացարձակ ճշմարտությունը հայտնաբերելու և բարձրաձայնելու՝ նույնիսկ հակառակորդներ ունենալու գինով։ Սեզան բազմակողմանիորեն զարգացած մտավորական էր նաև: Ան խորապես ծանոթ էր հայ գրականությանն ու դպրությանը, մշակույթին ու պատմությանը, քաջատեղյակ էր համաշխարհային գրականության ու արվեստի երևելիների գործերին»։

Ծավալուն, բազմաբովանդակ էր գիտնական, պատմաբան Գևորգ Յազըճյանի սեզայագիտական խոսքը․ «Սիրան Սեզան անկախ մտածողի, խիզախ մտավորականի կնոջ և պայքարող տեսակի տիպար էր»։ Բանախոսը մի շարք շատ հետաքրքրական փաստեր նշեց. Պարզվում է, որ «Երիտասարդ հայուհի»ն Լիբանանում լույս տեսած առաջին կնոջական պարբերականն է և առաջիններից մեկը ամբողջ արաբական աշխարհի երկրներում: Սեզա լիբանանյան պարբերական մամուլի առաջին կին խմբագիրն ու հրատարակիչն է: Յազըճյան շեշտեց ևս մեկ փաստ, որին հանդիպել է Սեզայի նամականիում. Սեզային չի բավարարել 1953 թվականին լիբանանցի կնոջ ընտրական իրավունքի նվաճումը: Նա հանրապետության նախագահին բաց նամակով դիմել է՝ նրանից պահանջելով ապահովել այդ իրավունքի անկաշկանդ իրացումը՝ բացառելով ընտրող լիբանանուհիների ազատ կամքի վրա նրանց հայրերի, եղբայրների, ամուսինների և այլոց բռնացումը:

Սեզայի նամականու հրատարակումը նոր լույս կսփռի նրա թողած գրական ու հրապարակախոսական հարուստ ժառանգության վրա։

Միջոցառման ընթացքում մոր և Հայրենիքին նվիրված ոգեշունչ երգերով հանդես եկավ ճանաչված երգիչ, երգահան և առակագիր Արսեն Համբարյանը՝ առինքնելով ներկաներին իր հզոր ձայնով:

Միջոցառմանը ներկա էին Սիրան Սեզայի որդին՝ Վահագն Քյուփելյանը, հարսը՝ քանդակագործ Անահիտը (Անին) և իրենց որդին՝ Ազատը, նաև՝ Սեզայի գրական և հրապարակախոսական վաստակը գնահատող մտավորականներ, որոնց մեջ զգալի տոկոս էին կազմում այս օրերին Հայրենիք այցելող սփյուռքահայ գրողներ, հրապարակագիրներ, մշակույթի ու արվեստի գործիչներ։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like