Սողոմոն Թեհլիրյանը եղավ նրա վերջին դերը

Նառա Դանիելյան, Երևան, 26 մարտ 2025

Հոբելյանաշատ է տարին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում․ մարտի 22-ին թանգարանում տեղի ունեցավ թատրոնի և կինոյի շնորհալի դերասան, բեմադրիչ, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր արվեստագետ Վլադիմիր Քոչարյանի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված ցերեկույթ, ուղեկցված նրա արխիվային նյութերի ժամանակավոր ցուցադրության բացումով։

Վլադիմիր Քոչարյանը վախճանվեց, երբ դեռ շատ երիտասարդ էր՝ 39 տարեկան։ Նրա մահից հետո՝ 1991 թվականին, ամուսնու արխիվը՝ մոտ 300 արժեքավոր վավերագրեր, Քոչարյանի խաղընկեր, դերասանուհի տիկին Կարինեն նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։ Օրերս տիկինը նոր նվիրատվությամբ համալրեց ամուսնու՝ ԳԱԹ-ում պահվող արխիվը։ Անձնական փաստաթղթեր, նամակներ, ուրվագծեր (էսքիզներ), գեղարվեստական գործեր, լուսանկարներ, ներկայացումներ (պիեսներ), բեմագրեր (սցենարներ), որոնք վավերագրում են Վլադիմիր Քոչարյան արվեստագետի՝ թատրոնում և կինոյում իր ուրույն տեղը գրաված ականավոր գործչի անցած ուղին։

Վլադիմիր Քոչարյանը ծնվել է 1950 թվականին՝ Լենինականում։ 1970-ին ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական հիմնարկի (ինստիտուտի) բեմադրության (ռեժիսորական) բաժինը, աշխատել է Ասքանազ Մռավյանի անվան թատրոնում։ 1977-ին հրավիրվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն որպես դերասան և բեմադրիչ։ Երկու թատրոններում էլ եղել է առաջատար դերասան, հանդես եկել գլխավոր դերերում։ Հատկապես հիշարժան են Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»-ում Ռասկոլնիկովի, Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»-ում Մասիսյանցի, Նաիրի Զարյանի «Հացավան»-ում Լամբարյանի նրա դերերը։ Նրա կարապի երգը եղավ Սողոմոն Թեհլիրյանի առանցքային դերը Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման մեջ։

Տաղանդավոր արվեստագետը բեմադրել է Բերթոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը», որ արժանացել է համամիութենական փառատոնի վկայականի։

Քոչարյանը նկարահանվել է 14 ֆիլմերի գլխավոր դերերում․ «Աքսորական 011», «Սիրամարգի ճիչը», «Վառած լապտեր», «Մենավոր ընկուզենի», «Գիշերվա մեջ առկայծող կրակը» և այլն։

Վլադիմիր Քոչարյանի արխիվային նյութերի ցուցահանդեսի բացմանը ԳԱԹ-ի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Վ․ Քոչարյանին նվիրված ցուցադրության միջոցով հնարավոր է վերապրել, վերհիշել և վերարժևորել նրա թողած անգնահատելի ժառանգությունը։ Տիկին Խոջամիրյանը նաև շնորհակալություն հայտնեց դերասանի ընտանիքին բարձրարժեք նվիրատվության համար։

Ելույթներով հանդես եկան և իրենց թանկ հուշերը ներկաներին հաղորդեցին Վ․ Քոչարյանի կինը՝ դերասանուհի Կարինե Սուքիասյան-Քոչարյանը, որդին՝ բեմադրիչ և լուսանկարիչ Հայկ Քոչարյանը, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը, ՀՀ ժողովրդական արվեստագետ Անահիտ Քոչարյանը, կինոգետ Գարեգին Զաքոյանը։ Հանդիսականը դիտեց նաև արվեստագետի կյանքի և գործունեության մասին պատմող տեսանյութ։

Յուրաքանչյուր արվեստագետ լուսավոր հետագիծ է թողնում իր ապրած օրերի ստեղծագործական ուղիներում։ Վլադիմիր Քոչարյանը ազգայինի և համամարդկայինի համեմված ու ապրված նյութականությունն է, իր խաղացած կերպարներին նոր ասելիք հաղորդողը։ Ստեղծագործական թարմ և բազմաշերտ մտահղացումներ, կերպարների ընդգրկուն բացահայտում, դեպքերի և դեմքերի յուրովի մեկնաբանում. այս է բազմաշնորհ արվեստագետի հիրավի անմեկնելի ուղին, ճանապարհ, որը ձգվում է սերնդեսերունդ և արդեն գրեթե չորս տասնամյակ վառ ու ջինջ է պահում Վլադիմիր Քոչարյան բարձր անունը։

Սիրելի արվեստագետին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը բաց կլինի ևս տասը օր՝ մինչև ապրիլ ամսի սկիզբը։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like