Լուսանկարչության ճակատի զինվորների ընտանիքը

Նառա Դանիելյան, Երեւան, 30 Հոկտեմբեր 2023

Հայաստանի պատմության թանգարանը Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ հավաքածուներով շատ կարևոր մի ժառանգություն արժևորելու առաքելություն է ստանձնել:

Հոկտեմբերի 17-ին բացված «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագիրը կրող ցուցադրությունը նվիրված է տաղանդավոր դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակին:

Արամ Վրույրը (ազգանունը՝ Մաքասջյան) ծնվել է 1863 թվականի մարտի 13-ին՝ Կոստանդնուպոլսում: Բեմական գործունեությունն սկսել է 1882 թվականին՝ Թիֆլիսում: Աշխատել է Թիֆլիսի, Բաքվի թատերախմբերում, հանդես եկել Անդրկովկասի հայաշատ վայրերում: 1895 թվականին Թիֆլիսում առաջին անգամ բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը և «Մեծապատիւ մուրացկաններ»-ը՝ անձնավորելով գլխավոր հերոսներին: Արևելահայ թատրոնում նրա թարգմանությամբ բեմադրվել են Մոլիերի «Տարտյուֆ», «Ագահը», «Դոն Ժուան» պիեսները, ինքն էլ խաղացել է մոլիերյան մի շարք դերերում: 1907-1913 թվականներին խմբագրել և հրատարակել է Թիֆլիսի «Յուշարար» «թատերական, գրական-գեղարուեստական պատկերազարդ երկշաբաթաթերթը»: Հայ գրողների կովկասյան ընկերության անդամ էր:

Բեմական ու գրական գործունեությանը զուգընթաց, Արամ Վրույրը շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ: Մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին: Ունի հնագիտական մի շարք հրատարակված ուսումնասիրություններ: Արամ Վրույրի անմիջական մասնակցությամբ հայտնաբերվել են Անիի Գրիգոր Լուսավորչի տաճարի (Գագկաշեն) ավերակները: Մահացել է 1924 թվականի մարտի 5-ին՝ Թիֆլիսում: Թաղվել է Խոջիվանքի գերեզմանատանը, որը Խորհրդային Վրաստանի իշխանությունների հրահանգով 1938 թվականին ոչնչացվել է:

Միջոցառման հանդիսավոր բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը մասնավորաբար նշեց. «Հայրը՝ Արամը և որդիները՝ Արան և Արտաշեսը, փայլուն ստեղծագործական կյանքից բացի, իրենց նվիրել են հայրենանվեր աշխատանքի՝ վավերագրելով մեր պատմամշակութային ժառանգությունը»: 200-ից ավելի բնօրինակ առարկաներ, լուսանկարներ, հուշային իրեր, փաստաթղթեր, նաև Անիից փրկված մասունքներ մեկտեղվել են՝ Վրույրների ժառանգությունը մի քանի ամսով մեր հանրությանը հասանելի դարձնելու համար,– հավելեց տնօրենը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանի խոսքով, Վրույրները, որքան էլ որ գիտական շրջանակներում շատ հայտնի են, այնուամենայնիվ հասարակությունը նրանց այնքան էլ լավ չգիտի: Նրանք ծանոթ են արվեստաբաններին, հնագետներին, պատմաբաններին, բայց ոչ հասարակությանը: Եվ հիմա Արամ Վրույրի ծննդյան 160-ամյակը շատ բարեպատեհ առիթ է, որպեսզի մենք կարողանանք արժևորել այս ընտանիքի արած և մեզ ժառանգած գործը: «Փառք ու պատիվ Վրույրների ընտանիքին, փառք ու պատիվ այն ժողովրդին, որը ծնել է Վրույրների նման մարդկանց, ովքեր առանց բարձրագոչ հայտարարությունների անում են իրենց գործը, և անում են շատ ավելին»,– իր գնահատականը տվեց ԳԱԹ-ի տնօրենը: Պարոն Սարգսյանը հավելեց, որ Արամ Վրույրն ու որդիները հսկայական աշխատանք կատարեցին՝ պահեցին ու պահպանեցին մեր հուշարձանային գլուխգործոցներն ու արվեստը: Նրանք կարողացան լուսանկարչության միջոցով պահպանել հոգևոր հայրենիքի գաղափարը:

Գրականության և արվեստի թանգարանի գիտական քարտուղար, ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը ցուցադրության ամենակարևոր պատգամը համարում է այն, որ այսօրվա սերունդը Վրույրների օրինակով կարողանա հասկանալ՝ ինչպես պետք է վերաբերվել նախնիներից եկած ժառանգությանը:

Առայսօր հիմնականում Արամ Վրույրի լուսանկարներով են ուսումնասիրվում Ջուղայի ոչնչացված խաչքարերը: 1915 թվականին Արամն իր տղայի՝ Արայի հետ գնում է Ջուղա: Նա ոչ միայն լուսանկարում է խաչքարերը, այլև հետազոտում է դրանք:

Ցուցադրությանը նաև ներկայացված են Արամ Վրույրի՝ Պոլսում կարդացած դասախոսությունները Անիի մասին:

Արամ Վրույրը աշխատում էր սեփական միջոցներով՝ չխնայելով գումար: Լուսանկարում էր ահռելի քանակությամբ: Նույնը ավանդել էր որդիներին: Վրույրներից մեզ է հասել նեգատիվ ժապավենների մեծ հավաքածու․ մի մասը Արգելոց թանգարանների պետական ոչ-առևտրային կազմակերպությունում է պահպանվում, մի մասն էլ՝ Հայաստանի պատմության թանգարանում: Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուում հիմնականում Արտաշես Վրույրի կատարած լուսանկարներն են, որոնք և ցուցադրության մաս են կազմում:

Արամ Վրույրը տպավորիչ կատակերգակ է եղել, ակնառու դերասան, նրան շատ բարձր է գնահատել Վահրամ Փափազյանի պես տիտան արվեստագետը՝ ասելով. «Արամ Վրույրը մեր լավագույն կատակերգակն է»: Նրա ժամանակակիցները, թե՛ թատերագիրները, թե՛ թատերագետները, թե՛ քննադատները, թե՛ նույնիսկ գրողները նրա խաղի մասին շատ բարձր գնահատականներ են տվել: Այդ հիշողություններն ամբողջությամբ պահպանվել են: Պահպանվել են նաև Արամ Վրույրի կատարած թարգմանությունները՝ հատկապես ֆրանսերենից:

«… Արժե սովորել այն ամենը, ինչ մեզ մոտեցնում է անցյալին, վերակենդանացնել այն և պատմական անունները ներկայացնել մեզ ոչ իբրև մեռյալ անուններ, այլ իբրև կենդանի մարդիկ: Արժե գիտենալ այն բոլորը, ինչ օգնում է մեզ ավելի մոտիկից ըմբռնել, որ մենք՝ նրանց ուղղակի ժառանգներս, չվճարած պարտքեր ունենք վճարելու, և մենք պարտական ենք մեր շնորհակալության պարտականությունը նրանց, որոնց համար երկրային վարձատրություն այլևս գոյություն չունի»,– ասել է Արամ Վրույրը:

Մեր պատմության ողջ ընթացքի, մեր օրերի, ու ցավոք, հայի համար երևի միշտ արդիական է լինելու ինքնաճանաչման խնդիրը, քանի որ դրա միջոցով պահպանում ենք այս արևի տակ գոյություն ունենալու աստվածընծա մեր երթը…

 

Առաջին նկարը՝ Դավիթ Պողոսյանը և Վահագն Սարգսյանը ցուցադրության բացմանը

 

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like