Նառա Դանիելյան, Երևան, 24 սեպտեմբեր 2025
Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն։
Վիլյամ Սարոյան
Սեպտեմբերի 5-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացված «Սարոյանական գույներ. բառերից անդին» ժամանակավոր ցուցադրությունն ազդարարեց «Սարոյանական օրեր»-ի մեկնարկը։ Ցուցադրությունն իրականացվում է ԱՄՆ-ի «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Միջոցառման շրջանակում հանրությանը ներկայացվեցին Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները, ինչպես նաև գրողի հեծանիվը, որը նա Հայրենիքի ճանապարհներն անցնելուց հետո նվիրել է Գրականության և արվեստի թանգարանին։
«Գծանկարներն ու գեղանկարներն իմ գրելու մի մասն էին, մասամբ էլ՝ իմ բացահայտումների մասը՝ գրելու և այն մասին, թե ինչպես պիտի ապրեմ իմ կյանքը և գրեմ»,– ահա այսպես է Սարոյանը բնորոշել բառերից անդին իր ստեղծագործական ձիրքը։
Արևմտյան Հայաստանի Բաղեշ (Բիթլիս) քաղաքից Ֆրեզնո (ԱՄՆ) գաղթած բանաստեղծ Արմենակ Սարոյանի ու նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում 1908 թվականին ծնված մանուկը հետո պիտի դառնար «և այր մի իմաստուն»։ Հոր վաղաժամ մահվան պատճառով Սարոյանն ու երկու քույրերը իրենց մանկության հինգ տարիներն անցկացրել են որբանոցում։ Սարոյանը կանոնավոր կրթություն չի ստացել։ «Յոթը տարեկանից սկսեցի լրագրեր վաճառել մայթերում ու խաչմերուկներում։ Երրորդ դասարանում առաջին անգամ վաստակեցի դպրոցի ամենաչար տղայի համբավը, ու ինձ հաճախ անկյուն էին կանգնեցնում, հայհոյում, քաշում մազերս ու ականջներս և, ի վերջո, վռնդեցին դպրոցից…»։ Նամակաբաշխ, հեռագրատան ծառայող, սևագործ բանվոր, խաղողի այգիներում մշակ աշխատող ու վարձու բնակարաններում ապրող 18-ամյա տղան թողնում է հարազատ ամերիկա-հայկական Ֆրեզնոն ու գնում Սան Ֆրանցիսկո՝ իր բախտն այնտեղ որոնելու։

Վիլյամ Սարոյանի առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1933 թվականին՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ «Քո կյանքի ժամերը» ստեղծագործության համար նա արժանացել է Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ «Մարդկային կատակերգություն» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմի բեմագրության (սցենար) համար Սարոյանն արժանացել է կինոաշխարհի ամենապատվավոր «Օսկար» մրցանակի։
Սարոյանի գրական շատ կերպարներ ծնունդ են հայկական միջավայրի՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Ճիշտ է, նրա երկերը պատկանում են ամերիկյան գրականության, սակայն միաժամանակ, նրանք հեղինակվել են հայկականությամբ թաթավուն և հավետ մնալու են հայաբույր։
Վիլյամ Սարոյանի վրձնին պատկանող 100-ից ավելի գեղանկար աշխատանքներն ու գծանկարները հիմնականում արված են ջրաներկով։ Կտավները մեծ մասամբ ստեղծվել են հասուն տարիքում՝ 1960-70-ականներին։ Ցուցանմուշներին կցված բացատրագրերում տրված են ստեղծագործության ստեղծման թվականը, նաև՝ հեղինակային ամենատարբեր նշումներ, որոնք արվեստասեր հանրությանը հնարավորություն են տալիս նորովի, բոլորովին այլ տարածությունում ճանաչելու Սարոյանին՝ այս անգամ արդեն ոչ թե տողերում, այլ գույներում։

Ցուցադրությունում տեղ գտած հայտնի հեծանիվն ունի իր պատմությունը. այն Սարոյանին նվիրել են Գյումրի քաղաքում։ Գրողը այնտեղից՝ հայոց «հայրաքաղաք»ից մինչև մայրաքաղաք Երևան գրեթե ողջ ճանապարհն անցել է այդ հեծանիվով։ Հեծանիվն այսօր ցուցադրության առանցքային տեղում է։ Այս մասին էլ մեզ հետ զրույցում մանրամասնեց ԳԱԹ-ի տնօրեն տիկին Սյուզաննա Խոջամիրյանը։
Այսօր, Սարոյանին բառերից անդին բացահայտելու և նրա գույների միջոցով մեր անվանի հայրենակցի էության խորքերը ներթափանցելու հնարավորություն ունի հայ և օտարազգի արվեստասերը։

«Մեծացավ Սարոյանը Արևմուտքի գրականության ջունգլիներում՝ խլելով բնությունից իրեն սահմանված փառքի մեծ բաժինը, հպարտ և տիրական, մեծաքանքար և կորովի անցավ աշխարհի սրտի միջով՝ մնալով միշտ մարդ, միշտ Վիլյամ, մնալով, մանավանդ, միշտ Սարոյան…»,– հայ մեկ այլ մեծի՝ Գուրգեն Մահարու դիպուկ բնորոշումն է Սարոյանին։
«Սարոյանական գույներ. բառերից անդին» ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 30-ը։