Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 01 հոկտեմբեր 2024
Երևանի ջինջ երկնքի տակ դասական երաժշտության հնչյունները սահում էին Թումանյանի այգում, որտեղ էլ կայացավ «Երևան կլասիկ ֆեստ»-ը: Վեց օր շարունակ, սեպտեմբերի 17-ից 24-ը, երաժշտասերները ձեռք բերեցին մշակութային յուրահատուկ փորձ՝ բացօթյա համերգների հանդարտ մթնոլորտում:
Փառատոնի շրջանակներում հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանի «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաև աշխարհահռչակ երկու համույթներ՝ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական նվագախումբը և Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: Այգին լցված էր դասականների հոգեհարազատ մեղեդիներով։
Այս աննախադեպ փառատոնը մշակութային նոր հարթություն հաղորդեց մայրաքաղաքին` միախառնելով սիմֆոնիկ երաժշտության վեհությունը բացօթյա հավաքույթների հմայքի հետ:
Բնության գեղեցկության և նվագախմբի երաժշտական փայլի համադրությունը ստեղծել էր մաքուր, հոգեպարար մթնոլորտ․ սա մշակութային զգալի նվաճում էր մայրաքաղաքի համար։
– Փակ դռների ետևում հանրահայտ շատ ներկայացումներ ենք տեսել: Շատ կարևոր է, որ այդ բարձրորակ, բարձրակարգ ներկայացումները հասանելի լինեն բոլոր ցանկացողների համար,– ասում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևան կլասիկ ֆեստ»-ի մասին պատմող հոլովակում։

«Երևան կլասիկ ֆեստ»-ի հիմքում ընկած է արվեստը բոլորին հասանելի դարձնելու տեսլականը: Հանրային տարածքում բարձրորակ ներկայացումներ բերելու որոշումը հետապնդում է քաղաքում արվեստն ու մշակույթը խորքային ընկալելու և տարածելու ձևի փոփոխություն: Շատերի համար, ավանդական վայրում դասական երաժշտության համերգի մասնակցելը կարող է լինել պաշտոնական, երբեմն վախեցնող փորձ: Հյուրընկալելով այս միջոցառումները բաց երկնքի տակ, անկաշկանդ միջավայրում, փառատոնը քանդեց այդ պատնեշները՝ թույլ տալով հասարակության բոլոր խավերին հիանալ դասական երաժշտության գեղեցկությամբ:
Հայտնի ռուս նյարդաբան Վլադիմիր Բեխտերևը մի անգամ նշել է. «Երաժշտությունը ոչ միայն նախանձելի, դաստիարակչական գործոն է, այլև առողջության բուժող»։ Բեխտերևի դիտարկումը ընդգծում է երաժշտության փոխակերպող ուժը. նա արվեստի ձև չէ միայն, այլ նաև բուժամիջոց է: Ժամանակակից կյանքի արագընթաց կշռույթում լարվածությունն (սթրես) ու հոգնածությունը հաճախ գերիշխում են, մինչդեռ երաժշտությունը հանգստացնող միջոց է, հոգեկան հավասարակշռությունն ու ներքին խաղաղությունը վերականգնելու գործիք: Շրջապատված բնության անդորրով, Թումանյանի այգու վրա մայր մտնող արևի հետ, հանդիսատեսը երաժշտությունն ընկալեց որպես բուժամիջոց. արդարև, յուրաքանչյուր նոտա ունկնդրին շնորհում էր թարմացման և թեթևացման զգացում:
Այս փառատոնը ծառայեց նաև որպես հանրությունը կրթող գործիք։ Ամենանշանակալի ձեռքբերումներից էր երիտասարդներին, որպես գիտակից հանդիսատեսների, ներգրավելու ունակությունը: Մի աշխարհում, որտեղ թվային լրատվամիջոցները արագ տեմպերով հաճախ գերակայություն են ունենում, երիտասարդների ներկայությունը դասական երաժշտության այս փառատոնին խոստումնալից նշան էր Հայաստանի մշակութային ոլորտի ապագայի համար: Դասական երաժշտությունը, որը հաճախ ընկալվում է որպես ավելի պաշտոնական (ֆորմալ) և ավանդական արվեստի ձև, կարող է հեռու կամ անհասանելի թվալ երիտասարդ սերունդներին: Տեսնելով նրանց ուշադրությունն ու խանդավառությունը, ինձ համար պարզ դարձավ, որ նման իրադարձությունները կարող են ներշնչել նոր սերնդին՝ գնահատելու և ուսումնասիրելու դասական երաժշտությունը: Փառատոնը օգնեց կամրջել սերունդների միջև առկա անջրպետը՝ ապահովելով դասական երաժշտության շառավիղումը հայ հասարակության, հատկապես երիտասարդության սրտերում և մտքերում:
Փառատոնը եզրափակվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փառահեղ կատարմամբ, ինչը կրկին անգամ ապացուցեց նվագախմբի երաժիշտների վարպետությունն ու նվիրումը ազգային և համաշխարհային դասական երաժշտության տարածմանը։ Նվագախումբը բառացիորեն նախորդ գիշեր էր վերադարձել արտասահմանյան ելույթից և համարյա անմիջապես շարունակեց իր շնորհակալ գործը՝ Հայրենիքում։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնվել է 1925թ. մարտին, սկզբնապես իբրև Երևանի երաժշտանոցի (կոնսերվատորիայի) նվագախումբ: Հիմնադրել է Երևանի երաժշտանոցի տնօրեն Արշակ Ադամյանը՝ երաժշտահան Ալեքսանդր Սպենդիարյանի աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ: Նվագախումբը հիմք է հանդիսացել Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ խմբերի համար:

Ներկայումս ՀԱՖՆ-ը հանդիսանում է Հայաստանում ազգային մասնագիտական (պրոֆեսիոնալ) նվագախմբային երաժշտության կենտրոն: 2000-ականների սկզբից ՀԱՖՆ-ը գլխավորում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը: Նրա ղեկավարությամբ նվագախումբը նպաստում է լսարանի մշակութային և երաժշտական մտածողության զարգացմանը, մշտապես հանդես է գալիս սիմֆոնիկ և օպերային երաժշտության ծրագրերով՝ տարածելով դասական ու ժամանակակից նվագացանկը, ինչպես և հայ երաժշտահանների ստեղծագործությունները:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթի միջոցով վերահաստատվեց հայկական տաղանդի բազմազանությունը՝ մեր պատվանդանը բարձր պահելով նաև այս ոլորտում։ Թեև միջազգային համագործակցությունները հարստացնում են մշակութային պաշարը, այնուամենայնիվ կարևոր է հասկանալ ու ընդգծել տեղական նվագախմբի ներդրումը այս մարզում (ինչպիսին Ֆիլհարմոնիկն է), որը իր ուսերին կրում Է Հայաստանի երաժշտական ժառանգության կշիռը։ Նվագախմբի 1925թ. սկսած հարուստ պատմությունը և նրա արվեստի շարունակական կատարելագործումը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ցույց է տալիս, որ Հայաստանի երաժշտական մշակույթն ինքնին ամուր է։ Դա ապացուցում է, որ Հայաստանի տաղանդները ոչ միայն ի վիճակի են պատվով հանդես գալ արտասահմանյան գործընկերների կողքին, այլև առաջատար են տարածաշրջանում դասական երաժշտության ապագայի ձևավորման գործում:
Ելույթի ընթացքում կարելի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ նրբորեն օրորվում աչքերը փակ, ամբողջովին խորասուզված երաժշտության մեջ: Երբեմն ինքնաբուխ ծափահարություններ էին հնչում հատկապես հզոր հատվածներից հետո, ինչը վկայում է, թե երաժշտությունը որքան խորն էր հուզել հանդիսատեսին: Ներկաների խանդավառությունը ակնհայտ էր, և երաժիշտները կարծես սնվեցին այդ ներուժով՝ ցուցահանելով իրենց բոլոր շնորհները մի ներկայացման ընթացքում, որը երկար,շատ երկար կհիշվի…
Այս փառատոնի հաջողությունը հույսեր է ներշնչում, որ այն կդառնա ամենամյա ավանդույթ՝ ավելի շատ դասական երաժշտություն բերելով քաղաքի հանրային տարածքներ և հայոց մայրաքաղաքը հետագայում հաստատելով որպես մշակութային նորարարությունների կենտրոն-օջախ:
*****