Կանանց անզիջող ուժը

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, Երևան, 27 ապրիլ 2024

Ապրիլի 18-ին Չարենցավանի սրտում, պատմության հանդարտ շշուկների և մշակութային տոկունության բուռն արձագանգների ներքո, տեղի ունեցավ անմոռանալի ներկայացում:

Մեկդարյա անցման հետնաբեմին (ֆոնին) եթերը լցված էր սպասումներով, քանի որ «Նաիրյան վոկալ անսամբլը» (համույթը) պատրաստվել էր շունչ հաղորդելու թատերագիր Սամվել Խալաթյանի «100 տարի անց» հեղինակային ներկայացմանը: Միջոցառման նպատակն էր հանրահռչակել գրեթե 100 տարի առաջ ապրած և արարած հայ մտավորական կանանց գործունեությունը:

Այդ կին կարևոր գործիչները 100 տարի անց «հավաքվել են» Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի համայնքապետարանում՝ վերապրելու իրենց նախկին հանդիպումներից մեկը:

Հնաոճ սեղանի վրա գեղեցիկ դասավորված էին արծաթե բաժակները, ամբողջ սենյակով մեկ սփռված էր հզոր կամքի տեր կանանց մեծ ներուժը (էներգիան): Սեղանի գլխավերևում նստած էր բոլոր ժամանակների կանացիության և հզորության տիպար Զապել Եսայանը, ում մարմնավորում էր «Նաիրյան վոկալ անսամբլի» խմբավար Նաիրա Մուղդուսյանը: Նրա կողքին նստած էր Կատերինա Զալյան-Մանուկյանը, ում կերպարն ամբողջացնում էր Աննա Մինասյանը: Շուշանիկ Կուրղինյանին մարմնավորած Ելենա Ազարյանը ուշացած ներս մտավ, պարզաբանելով, որ զբաղված էր գաղթական երեխաներին բժշկական օգնություն տրամադրելով: Ցերեկույթն ամբողջացավ…

– Ո՞վ կպատկերացներ, որ մինչ ողջ Եվրոպայի կանայք կպայքարեին սեփական իրավունքների համար, մենք արդեն 3 կին պատգամավոր ունենք մեր երկրի խորհրդարանում,– հպարտորեն հայտնում է Զապել Եսայանը, չմոռանալով նաև Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի դերն այդ հարցում:

Հայկական մշակույթի և հասարակության պատմության մեջ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքը ոչ միայն ժամանակակից ձգտում է, այլև խորապես արմատացած արժեք, որը դիմակայել է ժամանակի փորձությանը: Հայ կանայք կոտրել են պատնեշներ, կարծրատիպեր՝ հաստատելով իրենց ներկայությունը և անգնահատելի ներդրումը:

Մինչ այս ականավոր հայուհիների ձայները լցնում էին սենյակը, նրանք արտասանում էին Շուշանիկ Կուրղինյանի բանաստեղծությունները.

Էրթա՜նք, քուրի՜կ ջան, անվախ, միասին,
Մեր արդար դատին զոհած ամէն բան.
Էն ազատ կեանքի սրբազան լուսին
Ամէնքն են հաւասար՝ կռուողը արժան․․․

Յուրաքանչյուր տող վկայում է հայի ոգու տոկունության մասին: Կուրղինյանի՝ խորը պատկերացումներով և կարեկցանքի սուր զգացումով տոգորված խոսքերը վկայում էին հայ կանանց պայքարի և հաղթանակների մասին՝ անդրանցնելով ժամանակը և մտորելու մղելով ժամանակակից հանդիսատեսին: Այդ խոսքերը շարունակում են արձագանգել սերունդների մեջ:

Հանդիպումը եզրափակվեց հանդիսատեսին Կոմիտասի «Սոնա յար» երգի ուսուցումով՝ շարժումների լեզվով: Երաժշտության և շարժումների լեզվի այս գեղեցիկ միաձուլումը ոչ միայն արտահայտում է Կոմիտասի ստեղծագործության մշակութային հարուստ ժառանգությունը, այլև ապահովում դրանց արձագանգը բոլոր հանդիսատեսների մեջ՝ անկախ նրանց լսողական ունակություններից:

«Նաիրյան վոկալ անսամբլը» 2018 թվականին սկսել է կոմիտասյան երգերը շարժումների լեզվով հասանելի դարձնել լսողության խնդիր ունեցողներին:

Խոսելով համույթի գործունեության մասին, նրա խմբավար Նաիրա Մուղդուսյանը նշեց.– Համերգներ ենք ունեցել տարբեր խորագրերի ներքո, կոչ ենք արել, որ կանայք պայքարեն կրծքագեղձի քաղցկեղի դեմ, այսինքն շուտ կարողանան ախտորոշել: Գիտենք, մեր կանայք ամեն ինչ անում են բոլորի համար և միայն վերջում մտածում իրենց մասին:

Որո՞նք են այն գլխավոր մարտահրավերները որոնց իբրև կին բախվում եք ձեր գործունեության ընթացքում:

– Այս ժամանակաշրջանում, ես, իբրև կին, չեմ հանդիպում խտրական որևէ վերաբերմունքի: Այո՛, իմ կյանքում – թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում – եղել են փուլեր, երբ հասկացել եմ, թե այս կամ այն դուռը իմ առաջ փակել են իմ սեռով պայմանավորված, բայց հիմա այլևս հնարավոր չէ այդպես անել: Համենայնդեպս, ես դա թույլ չեմ տալիս ոչ ոքի: Ինձ համար այս պահին մարտահրավեր է ներկայացնել հայ երգը, ավելի որոշակի՝ այն ներկայացնել իր մաքո՛ւր տեսակով: Երբ մենք երգում ենք Կոմիտաս, ես որևէ հնչյուն, որևէ նոտա չեմ փոխում: Կարող է այնտեղ տոնայնություն և այլ բան փոխվի, բայց հենց Կոմիտասի՛ պատկերացրած ձևով եմ կատարում երգը: Համոզված եմ, որ մեր օրերում ամենաբարդը մեր դիմագիծը պահելն է, և խմբի ստեղծման օրից մինչև հիմա ամեն բան անում եմ դրա համար: Վերջին տարիներին առավել քան երբևէ հավատարիմ ենք մնում մեր երգին:

Ձեր ելույթում կանանց ներկայացնում էիք ներկայի և ապագայի արարիչներ: Ինչո՞ւ է հատկապես այսօր կարևոր, որ կանայք աջակցեն միմյանց և արարեն:

– Վերջին տարիներին դժվարացել է Հայաստանում ապրելը: Ի՞նչ է լինելու ապագայում… Այս հարցումը, այս անորոշությունը, այլևս մշտապես առկա հակասական մտքերը, մեր հակասական իրականությունը և այլ իրողություններ մեծ խնդիրներ են դնում մեր առջև: Պատերազմից հետո կարծես հենց մենք՝ կիներս ենք, որ պետք է շարունակենք ապրել մեր ամուսիններից, եղբայրներից, հայրերից հետո: Նրանք իբրև վահան կանգնել են սահմանին: Մենք նրանց թիկունքում պետք է կարողանանք լինել ուժեղ, կարողանանք միմյանց աջակցելով կյանքը շարունակել, ապրել ու ապրեցնել… Ահա թե ինչո՛ւ կարևոր է որ հայ կանայք լինեն մեկը մյուսի նկատմամբ հանդուրժող, հոգատար, աջակցող, և իրար օգնելով կարողանանք մեր երկիրը պահել, կառուցել, շենացնել, ոչ միայն այստեղ պարզապես ապրել, այլև եղածը բարվոք պահպանել ու ավելացնել…

Եզրափակելով, կանանց միջև համերաշխությունն ու փոխադարձ աջակցությունը ոչ միայն բարության գործողություններ են, այլ նաև հասարակության առաջընթացի էական բաղադրիչներ: Երբ կանայք առաջ են մղում և բարձրացնում են միմյանց, նրանք ճանապարհ են հարթում հավաքական հզորացման, պատնեշները կոտրելու և ներառականության խթանման համար: Մինչ մենք շարունակում ենք պաշտպանել միմյանց շահերն ու ձգտումները, մենք դրանով գործնական աշխատանք ենք տանում կերտելու ավելի արդար աշխարհ բոլորի՛ համար, կին լինեն թե տղամարդ, ծեր լինեն թե երեխա… Ի վերջո բոլորս էլ կոչվում ենք ՄԱՐԴ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like