Ձախողումը վերջաբա՞ն է, թե՞ նոր սկիզբ

Տատյանա Դարբինյան, Ծիլ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երևան, 26 յունուար 2025

«Ձախողումը վերջաբա՞ն է, թե՞ նոր սկիզբ»: Այս հարցը տալիս ենք, երբ բախվում ենք դժվար ընդունելի իրականության։ Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք, որ ձախողումը կարող է նոր ճանապարհի սկիզբ դառնալ։

Փայլուն մտքերով բազմաթիվ երիտասարդներ հաճախ վարանում են որոշիչ քայլ կատարել, վախենալով, որ կձախողեն։ Սա այն վախն է, որը մենք ձեռք ենք բերում դպրոցից՝ կուտակելով գնահատականներ և վախենալով սխալվել ու ձախողել, սակայն չենք աշխատում այդ վախի հաղթահարման վրա։ Մենք չենք սովորում վերլուծել մեր ձախողումները, դրանցից քաղել առավելագույն դասերը և դրանք ընկալել որպես զարգացման ճանապարհ՝ պարտության փոխարեն։

Ուրախալի է, որ այսօր կան երիտասարդներ, ովքեր մտահոգված են այս թեմայով։ Մի խումբ երիտասարդներ մեկնարկել են «Ձախողման մշակույթը» նախագիծը, որը նախատեսում է ձայնագրել փոդքասթերի շարք, որտեղ հաջողված մարդիկ կպատմեն իրենց ձախողությունների և դրանք հաղթահարելու իրենց պատմությունները, ոգեշնչելով երիտասարդներին՝ ընդառաջ գնալու ձախողումներին և անընդհատ սովորել։ Նախագիծը ստեղծելու է հարթակ երիտասարդների և տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետների միջև, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով ու պատմություններով, որով կօգնեն ձևավորել առողջ վերաբերմունք ձախողման հանդեպ։

Այս պահին «Ձախողման մշակույթը» նախագիծը գտնվում է անհրաժեշտ գումարը հայթայթելու փուլում։ Նախագծի հեղինակ Նարե Սարոյանն ու նրա խումբը եռանդով աշխատում են աջակցություն գտնելու ուղղությամբ՝ այս կարևոր գաղափարը կենսագործելու համար։ Մանրամասների և նվիրատվության համար՝ https://rearmenia.com/hy/fundraisers/failure-culture-podcast?tab=story

 

– Ինչպե՞ս ծնվեց «Ձախողման մշակույթը» նախագծի գաղափարը և ո՞րն է դրա հիմնական նպատակը,– հարցրի Նարե Սարոյանին։

– «Ձախողման մշակույթը» նախագծի գաղափարը ծնվեց շատ իրական ու առօրյա մի խնդրից: Լինելով գործարար ոլորտում՝ հաճախ եմ հանդիպել մարդկանց, ովքեր հիանալի գաղափարներ ունեն, սակայն վախենում են դրանք կյանքի կոչել՝ մտածելով, որ ձախողումն անխուսափելի է: Այդ վախը ոչ միայն սահմանափակում է նրանց անձնական զարգացումը, այլև դանդաղեցնում է մեր հասարակության ստեղծագործականության ու նորարարության կշռույթը։ Այս խնդիրը ինձ համար դարձավ ներշնչանքի աղբյուր:

Սկսեցի այս թեմայով ավելի հաճախ խոսել մարդկանց հետ և հասկացա, որ այս վախը լայն տարածում ունի։ Մեզանից շատերը ձախողումը տեսնում են որպես «վերջ», մինչդեռ իրականում այն մի նոր սկզբի հնարավորություն է: Ինձ համար ակնհայտ դարձավ, որ ձախողման նկատմամբ մեր հանրության ընկալումը պետք է փոխվի։ Այս գաղափարն ուղեկցեց ինձ դեպի «Ձախողման մշակույթը» նախագծի ստեղծումը:

Մեր հիմնական նպատակն է ձախողումը սարսափազդու երևույթից վերաձևակերպել որպես աճելու ու սովորելու հնարավորություն: Ես հավատում եմ, որ երբ մարդիկ սկսեն ձախողումը տեսնել որպես հաջողության բնական ու անհրաժեշտ մասը, նրանք ավելի համարձակ կլինեն իրենց գաղափարները կյանքի կոչելու ճանապարհին: Սա, իր հերթին, կխթանի նորարարությունը, ձեռներեցությունը և ավելի բաց հանրության ձևավորումը:

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ են ձախողումները նորարարությունների հիմնական հենքը։

– Իմ կարծիքով, ձախողումները նորարարությունների հիմնական հենքն են, որովհետև դրանք մեզ սովորեցնում են մտածել սահմաններից դուրս, վերաիմաստավորել խնդիրները և փնտրել նոր լուծումներ: Երբ մենք ձախողվում ենք, ստիպված ենք վերլուծել՝ ինչո՞ւ մեր առաջին մոտեցումը չաշխատեց, և դա մեզ մղում է բացահայտելու նոր ճանապարհներ:

Հիշեք որևէ հաջողակ նախաձեռնություն կամ հայտնագործություն. դրանց մեծ մասը սկսել է ձախողումներով: Թոմաս Էդիսոնի հայտնի խոսքը՝ «Ես չեմ ձախողել, ես պարզապես գտել եմ 10․000 տարբերակ, որոնք չեն աշխատում», վկայում է այն մասին, որ նորարարությունը հիմնված է փորձելու, սխալվելու, բայց և շարունակելու վրա: Ձախողումն իսկապես ստեղծում է մի եզակի միջավայր, որտեղ մենք կոտրում ենք կաղապարված մտածելակերպը և բացում դռներ այն հնարավորությունների համար, որոնք այլ կերպ չէին բացահայտվի:

– Կա՞ն որոշակի ոլորտներ, որտեղ կարծում եք, թե ձախողման մշակույթի կարիքն առավել ակնհայտ է

Հայաստանում այդպիսի ոլորտները բազմաթիվ են, բայց կցանկանայի առանձնացնել մի քանիսը.

«Ստարտափ»ներ և տեխնոլոգիաներ․
«Ստարտափ»ների աշխարհում ձախողումը ոչ թե բացառություն է, այլ օրինաչափություն։

Նորարարության ճանապարհին՝ փորձերը հաճախ չեն հաջողվում առաջին քայլից, և հենց այստեղ է անհրաժեշտ ձախողման մշակույթը։ Հայաստանում շատ երիտասարդներ ունեն փայլուն գաղափարներ, սակայն ձախողվելու վախը, հասարակության քննադատությունը կամ իրենց գաղափարների հանդեպ անվստահությունը հաճախ նրանց հեռու են պահում առաջին քայլն անելուց։ Մենք պետք է սովորեցնենք, որ յուրաքանչյուր ձախողում ավելի հստակեցնում է այն ճանապարհը, որը տանում է հաջողության։

Գիտություն և կրթություն․

Գիտությունն ինքնին ձախողումների շարունակական գործընթաց է. տասնյակ, հարյուրավոր, նույնիսկ հազարավոր փորձեր են արվում մինչև հայտնաբերվում է ճիշտ լուծումը։ Հայաստանում, սակայն, երիտասարդ գիտնականները հաճախ կանգնում են ոչ միայն ֆինանսավորման խնդիրների, այլև ձախողվելու հանդեպ անողոք վերաբերմունքի առաջ։ Եթե մենք ձախողումը դիտենք որպես աճի և ուսուցման բնական մաս, կարող ենք ստեղծել ավելի ազատ և փորձարարական միջավայր մեր կրթական ու գիտական համակարգերում․․․

Հետևաբար, սիրելի՛ երիտասարդներ և առհասարակ հայ մարդիկ, մի՛ վախեցեք ձախողելուց, քանի որ ձախողումը մեզ սովորեցնելու համար է։ Նա նոր սկիզբ է, որը, աննկուն կամքի առկայության դեպքում անպայման տանում է հաջողության։ Կյանքը նման է լեռնագագաթ բարձրանալուն. դժվարությունները մեզ տալիս են ոչ միայն փորձ, այլև մեր առաջ բացում են ավելի գեղեցիկ տեսարաններ, երբ հասնում ենք գագաթին։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like