Մեր նոր սկիզբը

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 27 դեկտեմբեր 2025

Եթե մեզ հարցնեն, թե ինչ տարանք մեզ հետ 2026 թվական, պատասխանը մեկն է լինելու՝ միմյանց։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք գիտակցել։ Բայց հենց այդ արագության մեջ մենք բացահայտեցինք մեր հավաքական դիմակայունությունը։ Ի՞նչն է մեզ պահում կանգուն, երբ թվում է, թե հենարան չկա։ Եվ ինչո՞ւ է հենց այս հունվարը լավագույն ժամանակը՝ գնահատելու այն լուռ հերոսությունը, որը մենք ցուցաբերեցինք որպես հասարակություն։

Կարծում եմ թե 2026-ին մենք գնում ենք դեպի այլ իրականություն, որտեղ ամենամեծ փոփոխությունները տեղի են ունենալու ոչ թե բարձր հայտարարություններով կամ փողոցային բողոքներով, այլ ամենօրյա, հետևողական աշխատանքով։ Եվ ես հավատացած եմ, որ սա անտարբերության նշան չէ։ Մենք քիչ-քիչ հասկանում ենք, որ զգացմունքային պահեստը սահմանափակ է և այն պետք է ծախսել ոչ թե անպտուղ քննարկումների, այլ որոշակի խնդիրների լուծման վրա։ Այս «լուռ իմաստությունը» մեզ թույլ կտա պահպանել ներքին հավասարակշռությունը նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում։

Մեր շրջապատում մարդիկ սկսել են այլ կերպ մոտենալ մարտահրավերներին։ Փոխանակ անկարևոր հարցերով զբաղվելու և մեղավորներ գտնելու, մենք կենտրոնանում ենք մեր անելիքի վրա։ Յուրաքանչյուրն սկսել է կատարել իր առավելագույնը՝ իր ոլորտում. բժիշկը՝ փրկելով կյանքեր, ուսուցիչը՝ կրթելով նոր սերունդներ, ծրագրավորողը՝ ստեղծելով արդյունավետ լուծումներ, արվեստագետը՝ ներշնչելով հույս…

Սա մի նոր փիլիսոփայություն է, որն իհարկե ոչ բոլորի մասին է. ամեն ժողովրդում էլ կան բացառություններ։ Եվ պարզվեց, որ այս փոքրիկ, անհատական ջանքերի գումարն ավելի հզոր ուժ է, քան որևէ համընդհանուր ճգնաժամ։ Մեր հավաքական դիմակայունությունը կառուցված է յուրաքանչյուրիս անձնական պատասխանատվության վրա։

Այսօրվա աշխարհում, որտեղ ամեն ինչ թվայնացված է և արհեստական բանականությունը կարող է փոխարինել միջակությանը, մենք պետք է հասկանանք, որ միակ փրկությունը որակն է։ Որակյալ կրթությունը, որակյալ արտադրանքը և որակյալ հարաբերությունները պետք է դառնան մեր հասարակության նոր նպատակը։

Մենք պետք է հասկանանք, որ լավագույն ներդրումը սեփական հմտությունների մեջ է։ Եվ հենց սա է լինելու 2026 թվականի մեր հիմնական դրամագլուխը (կապիտալը)։ Մեր դիմակայունությունը կայանում է ոչ թե այն գիտելիքների մեջ, որոնք կարելի է գտնել համացանցում, այլ միայն մարդուն բնորոշ, յուրահատուկ կարողությունների մեջ՝ քննադատական մտածողություն, զգացմունքային մտածելակերպ, ստեղծարարություն և բարդ խնդիրներ լուծելու ունակություն։

Տարվա սկիզբը հիմնականում ինքդ քեզ խոստումների շրջան է լինում, բայց այս անգամ եկեք խոստումների փոխարեն ընտրենք հետևողականությունը։ Մենք արդեն ապացուցել ենք, որ կարող ենք լինել դիմացկուն։ Հիմա ժամանակն է այդ դիմացկունությունը վերածելու կայուն զարգացման։

Մեր հասարակության ուժը ոչ թե բարձրագոչ նշանախոսքերի մեջ է, այլ այն լուռ ու որակյալ աշխատանքի, որը յուրաքանչյուրս շարունակելու ենք անել վաղը առավոտյան։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like