Սևակի հարյուրամյա շունչը

Ներածական նկարը վերարտադրուած է Փարիզի «Նոր 3առաջ» պաբերաթերթէն (13/1/2024).

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ՀՀ, 29 հունվար 2024

Հունվարի 24-ին լրացավ հայ արդի գրականության ամենապայծառ դեմքերից մեկի՝ Պարոյր Սեւակի (Ղազարյան) ծննդյան հարյուրամյակը: Այդուհանդերձ, ամբողջ տարին Սևակյան է լինելու:

Ամիրյան փողոցը վերջապես զգաց ձյան փափկությունը, բայց եղանակը միակ բանն էր, որ փոխվել էր: Համազգայինի Սոս Սարգսյանի անվան թատրոնում հունվարի 26-ին ամեն ինչ նույնն էր, կարծես թե արտասովոր բան չկար: Մարդիկ շտապում էին զբաղեցնել իրենց տեղերը ըստ կարգերի: Պատվավոր հյուրերի համար պահված առաջին շարքում հազիվ 5 կամ 6 տեղ զբաղեցրած էր: Մյուս շարքերում նստած ներկաները Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մանկապատանեկան և գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատերական խմբակի սաների ծնողներն ու հարազատներն էին, ովքեր սրտատրոփ սպասում էին իրենց սիրելիների ելույթին:

Լույսերը անջատվեցին. սկսվեց բոլորիս այդքան սպասած վեհացնող ցերեկույթը: Բոլորի հայացքներում և շուրթերին Պարույր Սևակն էր:

Հայ գրականության հսկայի հոբելյանական 100-ամյակին նվիրված առաջին միջոցառումներից մեկն էր սկսվում:

Երեխաներից մեկի սևակյան սրտաբուխ հարցադրումով սառեց ամբոխի ժխորը.

– «Ինչպե՞ս ապրել»: Պատասխանը տվեց Սևակը․ «Ապրել, ապրել, այնպե՛ս ապրել…»

Այդ մթության մեջ բոլորիս դեմքն ու հոգիները լուսավորում էին Պարույր Սևակի հոգեծով աչքերը: Ամենաառջևում կանգնել էր խորհուն տեսքով մի աղջիկ: Եվ հանկարծ նրա բերանից հորդեց Սևակի «Ինձ ծափեր պետք չեն» բանաստեղծությունը, որն ամբողջացավ աղջկա աչքերի սաստող հայացքով: Իրեն ուղղված ծափերը բանաստեղծը համարում էր շքեղ դնչկալ: Հիմա հետաքրքիր, ավելի ստույգ՝ անհասկանալի ժամանակներ են, չէ՞. տասնամյակներ առաջ ոմանք հայրենանվեր գործեր էին անում ծափերի կարիք չունենալով, իսկ հիմա ըստ էության ամեն բան միտված է մարդկային էգո-ն սնելուն: Իսկ բանաստեղծն ուղղակի ուզում էր ափերը պարզել և մի քիչ սեր վերցնել, բայց ոչ իր համար.

«Բազկաթոռներին կտամ ձեր սերը,
Որ միջանցքներում դրած հասարակ
ճկաթոռներին վերից չնայեն –
Ախր, երկուսն էլ նույն ծագումն ունեն`
փայտից են շինված…»:

Այս հատվածը ըստ էության կապ չունի նյութական բազկաթոռների և ճկաթոռների հետ… Այն ուղղակի առնչվում է բարոյականության ու մարդկայնականության հետ:

Սևակը ապրեց կարճ՝ ընդամենը 47 տարուց մի քիչ ավելի, բայց թողեց գաղափարական մի մեծ հարստություն, որով կարելի է դարեր ապրել, դասեր քաղել, զինվել գրագետ և կիրթ լինելու ռազմավարությամբ: Բայց ինչպես ասաց ներկաներից մեկը, «Շատ քիչ բան է փոխվել այն ժամանակներից: Հատկապես հիմա, Սևակյան շնչով օրերին, մենք դա առավել քան երբևէ հասկանում ենք. հիմա էլ մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ էլ կա՝ աշխարհն է շալակած տանում»:

Բանաստեղծության այս տողերը բեկվեցին մեր հոգում՝ սաների՝ Սևակյան վիշտը ըստ արժանվույն ապրումակցելու շնորհիվ:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում…

Սո՛ւտ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում…

Սո՛ւտ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում…

Սո՛ւտ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Գաղափարական իր հորն է սիրում…

Սո՛ւտ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:

Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.

Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես և… տարեց-տարի
Ելնում է այսպես… շալակն աշխարհի:

Պարույր Սևակի ըմբոստ, բայց անաչառ ոգու ողջ ներուժը արտացոլվում էր մասնակիցներից յուրաքանչյուրի աչքերում: Դահլիճն ամբողջությամբ Սևակ էր շնչում: Սևակյան ելևէջների ներքո ես հասկանում էի, որ ներկաները պատրաստ են վերցնել իրենց բաժին դասը և աշխատել հանուն ազգի պայծառ ապագայի: Իսկ պատրաստակամությունից դեպի գործ ճանապարհին քանի՞սը տանուլ կտան կամ կշեղվեն՝ ո՜վ գիտե…

Դահլիճի կենսադաշտը փոխեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մանկապատանեկան և գեղագիտական դաստիարակության կենտրոնի թատերական խմբակի գեղարվեստական ղեկավար, միջոցառման բեմադրող և կազմակերպիչ Արթուր Սարգսյանի վեհերոտ մուտքը: Նա իր սևաթույր հանդերձանքով ներս մտավ ամբողջացնելու փառահեղ ցերեկույթի սևակյան շունչը։

Թող եղիցի լո՜ւյս և բյուր լույս եղիցի շիրմին աշխարհը ուսերին այսօր ևս շալակած տանող եղերաբախտ բանաստեղծի: Եվ թող երբեք չտիրապետի խավարը…

#  #  #  #  #

«Ծիլ» համայնքը սփիւռքահայ հովանաւորներու հիմնած «Ամրոց» ծրագիրի մէկ մասն է: Համայնքը կը միաւորէ շնորհաշատ պատանիներ եւ պարմանուհիներ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի տարբեր շրջաններէն: Նպատակն է զարգացնել անոնց կարողութիւնները զանազան բնագաւառներու, մասնաւորաբար լրագրութեան, մշակոյթի եւ արուեստի մէջ:

Ներածական նկարը վերարտադրուած է Փարիզի «Նոր 3առաջ» պաբերաթերթէն (13/1/2024).

 

1 comment
  1. Հիանալի յօդուած Տատյանա Դարբինյանէն, կուզեմ Սեւակի մասին աւելի մանրամասնութիւններ աւելցնել։

    Պարոյր Սևակը ( 1924–1971) 20-րդ դարի ամէնաազդեցիկ ու նշանաւոր հայ բանաստեղծ, մշակութային գործիչ և գրականագէտն է։
    Սեւակ մահացաւ 17 Յունիս 1971 ին առեղծուածային ինքնաշարժի արկածով։

    Իր ամենայայտնի գործը «Անլռելի զանգակատուն» բանաստեղծութիւնն է՝ նուիրուած Կոմիտասին և հայ ժողովրդի ճակատագրին։

    «Անլռելի զանգակատուն»

    Գարուն ա, ձուն ա արել…
    …Խոցեցին ու ջընջեցին,
    Հատեցին հաստ ու բարակ,
    Հոշեցին ու տանջեցին,
    Փշրեցին, տվին կրակ,
    Վաթեցին արյուն-արցունք,
    Ներկեցին ձոր ու բարձրունք,
    Քանդեցին երկինք մի լուրթ,
    Մորթեցին մի ժողովուրդ,
    Հացառատ մի ողջ աշխարհ
    Սարքեցին փշրանք-նշխար,
    Սու՜րբ նշխար` շա՜ն բերանում,-
    Ուզեցին մեկ հայ թողնել,
    Եվ այն էլ… թանգարանում…
    -Գարուն ա, ձուն ա արել…
    Պարույր Սևակ

    Մեյրան Գրիգորյանի հետեւեալ ուսումնասիրութիւնը պիտի ամփոփենք, աւելի մօտէն ճանչնալու Սեւակի ոճն ու գործերը։

    Գրքի Ներածականը եւ Ա ու Բ գլուխները, սեւակագէտներու երկար վէճերուն մասին կը խօսին, ուր կարգ մը քննադատներ Սեւակը գրագողութեամբ մեղադրած էին, ի վերջոյ Սեւակը այդ մեղադրանքէն ազատելով ու անհիմն փաստուելով։
    -Գ. Պարոյր Սեւակը եւ Աստուածաշունչը
    Գիրքը բազմաթիւ օրինակներ կուտայ ու կը փաստէ որ Սուրբ գիրքը՝ Սեւակի բանաստեղծական աշխարհին համար, կարեւոր աղբիւրներէն մէկն է։

    -Դ. Պարոյր Սեւակ եւ Ուալթ Ուիթմէն (Walt Whitman)
    Գիրքը բազմաթիւ օրինակներով կը հաստատէ որ Չարենցի նման Սեւակն ալ մեծ ամերիկացի բանաստեղծ Ուիթմէնի իրապաշտ գաղափարաբանութեանը ու մարդերգութեանը հետեւած ու մտցուցած արդի հայ բանաստեղծական աշխարհ։
    -Ե. Պարոյր Սեւակ եւ 20րդ դարու սպանալեզու բանաստեղծութիւնը
    Գիրքը մեզի կը փաստէ տարբեր նմոյշներով սպանալեզու միասնական ազդեցութիւնը Սեւակի բանաստեղծութեան վրայ յիշելով մանաւանդ Պաբլո Ներուդան, Խուան Ռամոն Խիմենեսին, Ֆէտէրիքո Կարսեա Լորկան եւ Ռուբէն Դարիօ։
    -Զ. Պարոյր Սեւակ եւ Փօլ Էլեուար (Paul Éluard)
    Գրքին համեմատ Սեւակ խօստովանած է իր մեծ սէրը ու համակրանքը ֆրանսացի բանաստեղծ Փօլ Էլեուարի հանդէպ եւ իր վեցերրորդ զգայարանի մօտեցումը ու իրերու կապուածութիւնը։
    -Է. Պարոյր Սեւակ եւ 20րդ դարու Ռուսական բանաստեղծութիւնը
    Բազմաթիւ օրինակներով գիրքը կը ներկայացնէ որ Սեւակի բանաստեղծական աշխարհի վրայ առանցնայատուկ ազդեցութիւն ունեցած են Ռուս բանաստեղծերը, մանաւանդ Վլատիմիր Մայակովսկին եւ Մարինա Ցուետայեվան։
    -Ը. Պարոյր Սեւակ եւ հայ դասական բանաստեղծութիւնը
    Գիրքը կը նշէ որ Սեւակի խոստովանութեամբ իր առաջին փորձերը եկած են Չարենցէն, Դանիէլ Վարուժանէն եւ Սիամաթօէն։
    Մասնաւոր տեղ գրաւած է Յովհաննէս Թումանեանը մանաւանդ «Անլռելի Զանգակատուն» «Գիքոր» ու «Անուշ» օփէրա Սեւակի գործերուն վրայ։
    Իսկ Եղիշէ Չարենցի ազդեցութիւնը Սեւակի վրայ շատ յայտնի ու զգալի է գրքին տուած բազմաթիւ օրինակներով ու փաստերով, կարծես Սեւակ ըլլար շարունակութիւնը Չարենցի սկսած ճանապարհին։

    Գիրքը կը նշէ որ Սեւակ ազդուած է նաեւ Կոստան Զարեանի գործերով եւ ասոր շատ մը փաստեր կը ներկայացնէ։
    – Վերջաբան
    Գիրքը Պարոյր Սեւակը կը դասէ որպէս երեւոյթ մը արդի հայ բանաստեղծութեան մէջ, իր ազդուիլը համաշխարհային ու հայ դասական գրականութեամբ, հինը ու նորը խառնելով, Աստուածաշունչն ու Հոմերոսական առասպելները, ստեղծեց համաշխարհային չափանիշերով նոր հայ բանաստեղծութիւն։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like
Read More

ԱՆԿՈՒՄ

Ռուբէն Յովակիմեան, Սեն Ռաֆայել, Ապրիլ 2021 «Կեանքում, գէթ մէկ անգամ, բախտը թակում է իւրաքանչիւրի դուռը, միայն թէ, շատ…
Read More