Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 24 յուլիս 2025
Անորոշություն։ Վերջին ամիսներին այս բառը կարծես սկսել է ավելի հաճախ արձագանգել մեր ներաշխարհում։ Մեր շուրջը ամեն բան փոխվում է այնպիսի արագությամբ, որ հաճախ թույլ չի տալիս հասկանալ՝ որտե՞ղ ենք կանգնած և ո՞ւր ենք գնում։ Քաղաքական դաշտում և հասարակության մեջ շարունակվող բևեռացումները, իրավական կառույցների նկատմամբ վստահության նահանջի ու կորստի ցավալի փաստերը, աղմկահարույց ձերբակալություններն ու այդ բոլորին զուգահեռ շատ շատերի լռությունը շատերին ստիպել են անել մեկ բան՝ լռել։ Մինչդեռ, իմ խորին համոզմամբ, լռությունը, անտարբերությունը ամենալավ լուծումը չէ, ավելի ստույգ՝ լուծում իսկ չէ։
Այս հոդվածը փորձ է բարձրաձայնելու այն, ինչ շատերը զգում են, բայց չեն արտահայտում։ Ի՞նչ է նշանակում ապրել որպես երիտասարդ մի երկրում, որտեղ գրեթե ամեն օր սոցիալական, քաղաքական ու անվտանգային նոր սպառնալիքներ կան։ Ինչպե՞ս է դա անդրադառնում ապագայի հանդեպ երիտասարդների վստահության վրա։ Աշխատանքի, նախաձեռնությունների, անձնական զարգացման բնականոն հոսքը ինչպե՞ս է խախտվում, երբ շուրջդ անկայունություն է։
Այս հարցերը ինձ ստիպեցին մի քայլ հետ կանգնել և հարցնել հենց երիտասարդներին՝ ինչպե՞ս են ապրում այսօր, ինչպե՞ս են տեսնում իրենց ապագան, ի՞նչ սպասումներ ու մտահոգություններ ունեն։
Հենց այդ նպատակով իրականացրի հարցախույզ՝ հիմնականում 18-35 տարեկանների շրջանում։ Հարցմանը մասնակցեց շուրջ 40 հոգի՝ մեծ մասամբ ուսանողներ։ Ստորև ներկայացնում եմ հարցման որոշ ցուցանիշներ, որոնք վկայում են, թե ինչպես են երիտասարդները ապրում ներկան և արձագանգում ՀՀ-ում այսօր առկա իրավիճակին։

Հարցախույզի պատասխանները վկայում են, որ այսօր երիտասարդների շրջանում առկա է խոր մտահոգություն և անորոշություն ապագայի հանդեպ։ Առաջին հարցումին՝ «Որպես երիտասարդ, ի՞նչ զգացողություններ ես ունենում այսօրվա քաղաքական իրավիճակի պայմաններում», մեծ մասը նշել է, որ ապագայի նկատմամբ զգում է վախ՝ ուղեկցված անվստահությամբ, անվճռականությամբ և երբեմն նաև հուսահատությամբ։ Բայց միևնույն ժամանակ՝ այդ նույն երիտասարդների մեծամասնությունը երկրորդ հարցումին պատասխանել է, որ դեռ ցանկանում են մնալ, արարել և կառուցել հենց այստեղ՝ Հայաստանում։
Սա հույսի շոշափելի նշան է. չնայած անորոշությանը՝ նրանք պատրաստ են լինել դրական փոփոխությունների շարժիչն ու մասնակիցը։ Նրանք ուզում են ապրել մի երկրում, որտեղ իրենց ձայնը կարևոր է, հարաբերաբար լավ ապագան՝ հնարավոր։ Երիտասարդները մտածում են ոչ միայն իրենց ապագայի, այլև մեր՝ ընդհանուրիս վաղվա մասին։ Նրանք ընտրում են մնալ Հայրենիքում ոչ թե հարմարության համար, այլ հենց իրենց պատասխանատվության գիտակցության մղումով։ Նրանք ուզում են, որ երկիրը դառնա ավելի արդար, մարդակենտրոն ու վստահելի։
Այս պատասխանները մեզ պարտավորեցնում են։ Պարտավորեցնում են ստեղծել հնարավորություններ, որպեսզի նրանց ցանկությունը չխամրի ու չմարի, այլ ընդհակառակը՝ ամրանա ու արմատավորվի։ Որպեսզի հույսը վերածվի կառուցման։
Մեկ ուրիշ հարցումով փորձել էի հասկանալ, եթե երիտասարդները հնարավորություն ունենային ուղերձ հղելու երկրի ղեկավարությանը, ի՞նչ կասեին։ Ստացված պատասխանների մեջ կային թե՛ հուզիչ, թե՛ սթափեցնող ուղերձներ։ Ահա՛ դրանցից մի քանիսը․
- «Սթափվե՛ք»։
- «Մենք ցանկանում ենք ապրել քաղաքակիրթ երկրում»։
- «Սիրե՛ք Հայաստանը»։
«Սիրե՛ք Հարաստանը»։ Ամենակարևոր կոչը ներկայիս ու գալիք իշխանություններին։ Սա ոչ միայն հուզական արտահայտություն է, այլև՝ արժեհամակարգային պահանջ։ Սա այն ուղերձն է, որտեղ ձայնը հնչում է ոչ թե պահանջատիրական դիրքից, այլ՝ սիրուց, ցավից, հույսից ու բարեփոխման ձգտումից։ Սա այն կոչն է, որը գալիս է երիտասարդից, ով ցանկանում է ապրել Հայրենիքում, բայց միայն այն պայմանով, որ Հայաստանը սիրեն և պաշտպանեն նաև նրանք, ովքեր իշխանություն ունեն։

Այս հարցախույզը նորից հիշեցրեց մեզ, որ դեռ հույս կա, այն հույսը, որը սկիզբ է առնում մարդկային պարզ մտքերից, երբ երիտասարդն ասում է. «Ես ուզում եմ մնալ, ապրել ու արարել ա՛յստեղ»։ Հաճախ թվում է, թե երիտասարդները հեռացել են իրականությունից, բայց իրականում նրանք ամենասուր ձևով են զգում նույն այդ իրականության ցավերն ու անարդարությունները։
Հարցախույզի մասնակիցները ձգտում են գտնել իրենց տեղը ոչ թե ուրիշ երկրներում, այլ հենց այստեղ՝ իրենց պապերի հողի վրա, իրենց հիշողությունների, իրենց լեզվի, իրենց հոգևոր արժեքների հետ ու իրենց հոգեհարազատ մարդկանց կողքին։
Եվ սա ամենակարևոր ժառանգությունն է, որ կարող ենք ունենալ՝ մտածող, պատասխանատու, հարց տվող ու արարելու ձգտում ունեցող սերունդ։ Սերունդ, որն ուզում է չգնալ, այլ մնալ ու բարեփոխել, մնալ ու արարել, մնալ ու կառուցել, մնալ ու ապրել։
Եվ հենց այստեղից էլ սկսվում է դրական փոփոխությունը։ Ո՛չ բարձրաձայն ու ամպագոռգոռ կոչերով, ո՛չ մեծ բայց սնամեջ ծրագրերով, այլ հստակ պատասխաններով՝ «Մենք դեռ ուզում ենք ապրել ա՛յստեղ»։ Իսկ սա արդեն հիմք է ապագայի, ապագա բարգավաճ կյանքի ու ապագա հաղթանակների։
Հիմք՝ հույսի, հավատքի ու վաղվա Հայաստանի։ Հիմք՝ հարատևմա՛ն։