Հոգով և մարմնով ուժեղ սերունդ

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 27 հոկտեմբեր 2024

«Միայն մարմնական ուժը ոչինչ է առանց գիտակից մտքի»,– սովորեցնում է ԶԱՐԿ կրթական ծրագիրը:

Օրեր առաջ հնարավորություն ունեցա մասնակցելու ԶԱՐԿ կրթական ծրագրի հետաքրքիր հանդիպումներից մեկին՝ կազմակերպված կրտսեր սաների համար: Հանդիպման ընթացքում սաները ճանաչողական շրջայց ունեցան «Այբ» կրթահամալիրում, դիտեցին «Թթենի» հայկական սիրված ֆիլմը (դիտումը կազմակերպված էր Հայաստանի Կինոյի հիմնադրամի աջակցությամբ) և այն քննարկեցին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Ֆիլմում վառ աչքի է ընկնում համերաշխության և միասնության կենտրոնական թեման:

Պարոն Խաչատրյանի վարած քննարկման ժամանակ սաներից մեկը արեց մի շատ կարևոր դիտարկում․

– Հակամարտությունն սկսվեց այն պահին, երբ նրանք սկսեցին ծառի համար կռվել: Ծառը բոլորինն էր, բայց այդ պահին նրանք դա չէին հասկանում:

Այս խոսքերը ցույց տվեցին ոչ միայն դրանք ասողի անձնական քաջությունը, այլև նրա գիտակցության բարձր մակարդակը, հատկապես այդքան վաղ տարիքում: Սա ցույց է տալիս, թե կինոն ինչպիսի՜ հզոր գործիք կարող է լինել երեխաներին բարդ գաղափարներ և արժեքներ հաղորդելու համար: Դիտողական (վիզուալ) պատումը գրավում է սաներին՝ ներկայացնելով իրական կյանքից վերցված դրվագներ: Ֆիլմերը, հատկապես՝ հայկական հին ֆիլմերը, կամուրջ են ստեղծում վերացական հասկացությունների միջև, ինչպիսիք են միասնությունը, կարեկցանքը, սերը, հակամարտությունների լուծումը և այլն:

Միասնության մասին այս խոսակցությունը խորապես արդիական է հենց այսօր, երբ անհատների ու հավաքականությունների միջև վստահությունը դարձել է ավելի խոցելի, քան երբևէ: Այս անորոշության և պառակտման անդունդում, համերաշխության կառուցումը ճանապարհ է դեպի առաջ՝ կամուրջ դեպի վաղն ու ապագան: Այն հիշեցնում է մեզ, որ իրական առաջընթացը կախված է ոչ միայն անհատական ​​ձեռքբերումներից, այլև մեր հավաքական ուժից ու համատեղ պատասխանատվությունից:

Երբ կրտսեր սերունդը նման գիտակցությամբ ընդունում է միասնության գաղափարը, հույս է ներշնչում հզոր ապագայի համար, և ես լիահույս եմ, որ այն կկառուցվի վստահության ու համագործակցության հիման վրա: Չէ՞ որ ներքին միասնականությունից է բխում ազգային համախմբումը:

Հայկական շատ ֆիլմեր ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների և հավաքական պայքարի նրբությունները՝ արտացոլելով ազգի պատմությունը, ավանդույթներն ու ոգին: Նրանք ընդգծում են միասնության և կարեկցանքի կարևորությունը՝ ուսուցանելով, որ առաջընթացն ու գոյատևումը ոչ միայն հնարավոր, այլև առավել արդյունավետ են համագործակցության միջոցով: Կենցաղային պատմությունների միջոցով, հայկական ֆիլմերը նաև խթանում են ընտանիքի ներդաշնակությունը՝ խրախուսելով դիտողներին խորհել իրենց գործողությունների, հարաբերությունների և հասարակության մեջ իրենց դերերի մասին:

Այս միջոցառումը, անխոս, հիանալի հնարավորություն էր ինձ համար՝ ավելի մանրամասն ծանոթանալու ԶԱՐԿ կրթական ծրագրի գործունեության հետ:

Տնտեսագետ Մանուկ Հերգնյանի, մարմնամարզի (սպորտի) վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վաղինակ Սարգսյանի եւ «Ամրոց» ազգային զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով հիմնադրված ԶԱՐԿ կրթական ծրագիրը 2021 թվականից հանդես է գալիս որպես դեռահասների միտքն ու մարմինը կոփող եզակի նախաձեռնություն: 12-ից 17 տարեկանների համար՝ ԶԱՐԿ-ն առաջարկում է շատ ավելին, քան ավանդական ուսուցումն է. այն տրամադրում է գործնական փորձ՝ ուղղված տոկուն, ընդունակ և խելամիտ առաջնորդների սերունդ դաստիարակելուն:

ԶԱՐԿ-ը համատեղում է մարմնական խիստ պատրաստությունն ու ինքնապաշտպանական մարզումները՝ խրախուսելով սաներին տիրապետել իրենց մարմնին և վստահորեն հաղթահարել մարտահրավերները: Սաները նաև սովորում են տեղագրություն, ծանր պայմաններում գոյատևման հնարքներ, ձեռք են բերում ժայռամագլցման հմտություններ և այլն: Այս միջոցով նրանք սովորում են համառություն, թիմային աշխատանք և վստահություն սեփական կարողությունների նկատմամբ: ԶԱՐԿ կրթական ծրագրի մասնակիցները ստանում են նաև բժշկական առաջին օգնության ուսուցում, արտակարգ իրավիճակներում գործելու գիտելիքներ՝ կյանքի կարևոր հմտություն, որը նրանց մեջ ամրակայում է պատասխանատվությունն ու հոգատարությունը այլոց նկատմամբ:

Բայց ԶԱՐԿ-ը միայն մարմնական ուժին չի վերաբերում. այն նաև մեր ազգային ինքնությանն ամուր կառչած մնալուն է ուղղված:

– Մեր սերնդի կարևորագույն պարտականությունն է ազգային արժեքներով առաջնորդվող սերնդի կրթումը,– ասում է Մանուկ Հերգնյանը ծրագրի մասին պատմող ֆեյսբուքյան հոլովակում (https://fb.watch/vsH7fzIOZL/):

Այս միտքն ընդգծում է, որ ազգի ապագայի հիմքը ոչ միայն ակադեմիական գերազանցության, այլ մշակութային ինքնության, ավանդույթների և բարոյականության վրա արմատացած արժեքների մեջ է: Ազգային արժեքներով առաջնորդվող կրթությունը խթանում է պատկանելության, պատասխանատվության և հպարտության զգացումը: Այսօր մենք կանգնած ենք արմատների հետ կապը կորցնելու կամ, առնվազն, զգալիորեն թուլացնելու վտանգի առաջ: Այս աննպաստ պայմաններում, ազգային արժեքները գործում են որպես կողմնացույց՝ օգնելով պատանիներին ու երիտասարդներին հաղթահարելու մարտահրավերները՝ միաժամանակ կապված մնալով իրենց ժառանգությանը:

Մեր սերունդը կրում է այս արժեքները փոխանցելու պատասխանատվությունը ոչ թե որպես կոշտ, քարացած ավանդույթներ, այլ որպես կենդանի ու անընդհատ թարմացվող սկզբունքներ՝ քայլ պահելով նաև համաշխարհային զարգացումների հետ:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like