Հայրենադարձ հայուհու երազանքները

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, Երևան, 29 մարտ 2024

Այն տիրույթում, որտեղ ստեղծագործությունը հանդիպում է անվերջանալի ճանապարհորդությունների և հատվում հայրենիքի կարոտի բացահայտման մայրուղում, որպես մշակութային «աղմուկի» արարող հանդես է գալիս հայրենադարձ Հասմիկ Սիմոնի Մովսիսյանը: Թեև նրա անունը կարող է ակնթարթորեն չբերել երաժշտական գործիքների մեղեդիներ, բայց նրա ազդեցությունը հայկական մշակութային տարածքի վրա հնչեղ է ու հեռանկարային:

Հասմիկ Մովսիսյանը ընտանիքի հետ 90-ականներին 3 ամսով մեկնեց Չեխիա: Երբ ծրագրավորված այցը երկարել էր, արցունքները չկարողանալով զսպել հիշում է, թե ինչպես էր տառապում և հաճախ Հայրենիքի հանդեպ կարոտն առնում … երազներից:

Հասմիկը հիմնական կրթությունն ստացել է Պրահայում, հետո անգլերեն սովորելու նպատակով մեկնել է Լոնդոն: Քաղաքն ու մշակույթը հավանել է և ինքն իրեն խոստացել, որ անպայման ետ է դառնալու ու ապրելու է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում:

Իր խոստումը կատարելով՝ Հասմիկը տեղափոխվում է Լոնդոն: Այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը աշխատելու ժամանակ էլ 2008 թվականին հիմնադրել է Music of Armenia բարեգործական, մշակութային կազմակերպությունը, որը աշխարհի տարբեր անկյուններում փառատոների և նախագծերի շնորհիվ ճանաչելի ու սիրված է դարձնում հայկական երաժշտությունն ու երաժիշտներին:

Պատկերացրեք մի բեմ, որտեղ փառատոները ծաղկում են վայրի ծաղիկների պես և յուրաքանչյուր իրադարձություն վկայում է մարդային արտահայտման հարստության մասին:

Մշակութային աշխուժության այս համանվագը (սիմֆոնիան) վարագույրների ետևում ղեկավարում է փառատոների գլխավոր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը:

Այժմ Հասմիկն ու իր խումբը զբաղված են «Կանանց երաժշտական միամսյակ» ամենամյա փառատոնի աշխատանքներով: Այդ մեկամսյա փառատոն է, որը ներառում է համերգային ծրագրեր՝ մարտի 8-ից մինչև ապրլի 7-ը:

Ինչո՞ւ է կարևոր, որ կանայք արարեն այսօր:

— Շատ կարևոր հարց է: Խորապես ցավում եմ, որ մենք պետք է դեռ կարևորենք այդ հարցը՝ հատկապես այսօր: Շատ տխուր է ինձ համար, որ 30 տարի այլասերումից (դեգրադացիայից) հետո պիտի ուրախանա մի ազգ, ով ուներ Սիլվա Կապուտիկյան, Ռաիսա Մկրտչյան, Ֆլորա Մարտիրոսյան, Վալյա Սամվելյան, Օֆելիա Համբարձումյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան…, մի ազգ, ով ուներ այս տեսակ մշակութային հարուստ ժառանգություն պիտի գոհանա, որ նրան հնարավորություն են տալիս արարելու:

Մենք ուրախանում ենք այն պարագայում, երբ Աժելա Աթաբեկյանը (ով հիմա 90 տարեկան է) եղել է աշխարհում առաջին կինը, ով իր ձեռքն է վերցրել քանոնը և իր շնորհիվ այդ գործիքը աշխարհում դարձել է հիմնականում «կանանց» նվագարան. Արևելքում դա միշտ եղել է տղամարդու նվագած գործիք: Իմ նշած անունները միջազգային մակարդակով հզոր կանայք են: Մի կողմից ավելի ուրախ եմ, որ մեր աղջիկները տղաներից որակական ու քանակական առումով ավելի կայացած են: Մեր աղջիկները լավ զարգացան, առաջ գնացին, մինչ մեր տղաները մնացին համարյա նույն տեղում:

— Ինչպիսի՞ն է այսօրվա հայ կինը:

— Հայ կինը 2 տեսակի է բաժանված՝ աննկարագրելի սիրուն երիտասարդություն, կիրթ, շնորհքով կանայք, զարգացած, բարձր մակարդակով, իրենց կյանքի առաջընթացով (կարիերայով): Մյուս տեսակը այն կանայք են, ովքեր ատում են կիրթ, բարի, սիրված, նուրբ կանանց: Սա շատ վտանգավոր երևույթ է: Կան կանայք ովքեր ինձ չեն ճանաչում, իմ գործունեությունն ուրանում են, իմ ձեռքբերումները վերագրում են իրենց պատկերացումներով ինչ-որ մեկին: Նրանք չեն հասկանում, որ ամեն բան դու ես ստեղծում: Ես նախընտրում եմ կենտրոնանալ այն լավ կանանց վրա, ում անունները պարբերաբար մեջբերում եմ: Նրանք են ինձ համար իսկական հայուհիները, մնացածը որևէ կապ չունեն իմ Հայաստանի հայ կանանց հետ:

Հասմիկի կյանքի բոլոր ուղիները պատմում են նվիրումի, առաջնորդության և գերազանցության անողոք ձգտումների մասին: Այդ ձգտումների ծնունդներից մեկն էլ «Dream of Bjni» հյուրատուն-մշակութային տունն է: Հրազդան գետի աջ ափին գտնվող Բջնիի սարերում է այն վայրը, որտեղ գալիս են երազելու, հիանալու ամեն մասնիկով և ոգեշնչվելու Հայոց լեռների գեղեցկությամբ:

“Dream of Bjni”

«Քո տունը որտե՞ղ է» հարցումին, Հասմիկ Մովսիսյանը պատասխանում է․

— Վերջերս Միլանից գալիս էի Երևան: Իմ կողքը մի աղջիկ էր նստած: Նա իր հետաքրքրասեր աչքերով ինձ զննելուց հետո հարցրեց․– Հայաստանի՞ց եք:

— Եթե դու հարցնես սա իմ տո՞ւնն է, քեզ ասելու եմ՝ ո՛չ (խոսքը «Dream of Bjni»-ի մասին է): Ես տուն չունեմ… Բայց նաև ունեմ՝ Պրահայի մեր տունը, որտեղ ես չեմ ապրել, բայց այն համարում եմ իմը, քանի որ այդտեղ հայրս է եղել: Երբ մտնում եմ ներս, իմ մանկության նկարներն են, հայրիկիս գրքերը… Նա դեռ այնտեղ է:

Հայրիկին հիշելուց՝ հավելեց․

— Հայաստանում պիտի հայ մարդը ապրի՛, այլ ոչ թե մեռնի: Հայաստանը արարելու, ստեղծագործելու, գործելո՛ւ երկիր-հայրենիք է:

Հասմիկը Հայաստանի մասին խոսում է հիացմունքով, բայց աչքերում տխրության բաժին կա:

— Ինձ համար հայրենիքը այն մաքրությունն է, որ նա ուղղակի ուզում է գոյություն ունենալ: Շատեր ուզում են նրան ոչնչացնել, այդ թվում նաև երկրի բնակչության 80%-ը՝ իրենց սխալ ապրելակերպով, կենցաղային և այլ տեսակի աղբերը որտեղ ասես թափելով…

Հասմիկը լավագույն օրինակներից է հայրենանվեր անհատի, ով իր հայրենիքը սիրում է՝ այն ճանաչելով, ձգտելով այն զարգացնել, նրա գեղեցիկ բնությունը չաղտոտել…
Հայրենիքի գաղափարի մասին խոսելուց Հասմիկը նշեց, որ ստեղծել է իր բաժին հայրենիքը՝ Հայաստանը իր ներսում: Բայց Հասմիկը ուզում է կենտրոնանալ այդ ԻՐԱԿԱՆ, հրա՛շք հայրենիքի վրա, իրեն շրջապատող մարդկանց վրա:

Մի պահ կանանց երաժշտական միամսյակի հաղթողների համերգից

Կարծում եմ բոլորս էլ ստեղծել ենք հայրենիքը սիրելու մեր բանաձևը, որպեսզի շարունակենք արարել հանուն հզոր և կայուն ապագայի:

1 comment
  1. Wonderful. This is the first time I hear about Հասմիկ Սիմոնի Մովսիսյան and I am very glad that she has love, talent, dedication, drive, foresight, and knowledge about Armenian music in general and women’s music in particular. This is commendable and necessary, because many people specially men downgrade women’s talent and accomplishments.
    Kudos to you, all the best, keep up the good work. We need you.
    Կեցցես դուն
    Bedros Kojian

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like