Ինքնապայքար հանուն ճշմարտության

Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ՀՀ, փետրվար 2024

Ձմեռային երկնքի տակ, Ժամացույցների գործարան անունով խուլ շենքի ներսում է գտնվում գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանի արվեստանոցը:

Գորշ ու սառած աստիճանները խորհրդավոր միջանցքներով տանում են քեզ 3-րդ հարկ, որտեղից ոտքերդ ինքնաբերաբար են արդեն գնում՝ այդ գունային էներգիաներին ընդառաջ: Ամբողջ ընթացքում մարմնիդ զգայական բջիջները հուշում են քեզ այդ պատերի պատմության մասին և դու վերջապես տեղում ես…

Երբ մտնում ես ներս, ակամայից պարուրվում ես ներկերի մոլեգին բույրով, ամբողջ մարմնովդ՝ յուրաքանչյուր եռանդուն բջիջովդ զգում ես այդքան բազմերանգ նկարների և խորհրդանիշերի խորությունը:

Հին սեղանի վրա խառնիխուռն լցված են տարբեր ներկեր և նկարչական պարագաներ, իսկ այդ ամբողջ տեսարանի տիրապետությունը գտնվում է հասունացած ողջամտությամբ ու խստաբարո հայացքով պարոն Աշոտի ձեռքում: Նա է այդ ողջ խորհրդավոր պատկերի արարիչը, ով իր սրտի և մտքի վսեմ հատկությունները հանձնել է իր կտավներին՝ դրանք ավելի լավը դարձնելու միտումով:

Կյանքի, մարդու, երազների ու ժամանակի մասին եմ նկարում,– ասում է արվեստագետը:

Նրա այդքան կոշտ ձեռքերը ապացույցն են այն բանի, որ ինչը չարչարում է մարմինը, հոգու սպեղանի է, բայց նա այն մարդկանցից է, որ գիտե սրտի այս առանձնահատուկ հույզերի զորությունը:

Պատմում է, որ մինչ նկարելը զբաղվել է լուսանկարչությամբ, իսկ յուղաներկով նկարելու գեղարվեստական անցումը ինքնաբերաբար է եղել: Իր լուսանկարները ևս մեծ հոգատարությամբ կախված էին արվեստանոցի պատերին:

Օրական 5 ժամ է անցկացնում արվեստանոցում նկարելով: Նա ասում է․

Երբ սկսում ես նկարել, գալիս է մի պահ, որ պետք է դադար առնել, որովհետև չես գտնում շարունակություն: Ժամանակի ընթացքում նայում ես նկարին և … լուծումներ ես գտնում: Ինձ մոտ կարող է ամիսներ տևել նկարը ավարտին հասցնելը, եղել է անգամ մեկ տարի: Ժամանակի ընթացքում ես սովորում եմ նկարը ավարտին հասցնելը: Դա մի քիչ բարդ է, բայց յուրաքանչյուր նկարիչ գտնում է լուծումը:

– Ո՞րն է նկարիչ լինելու ամենադժվար կողմը:

Նկարիչ լինել- չլինելու հարց չկա: Մարդկանց մեջ կա վախի զգացում, որ իրենք չեն կարող նկարել․ ի՞նչ է լավ կամ վատ նկարելը, իրենք էլ չգիտեն…

Բոլորի մեջ էլ կա նկարչական մեծ ներուժ: Հայաստանում մարդկանց մեջ գոյություն ունի վախի զգացում. դա հասարակության ճնշումն է և մնացած վախերը, որոնք ևս ձեռք են բերվում հասարակության ազդեցության պատճառով: Մեծ հաջողությունների հասնելու համար՝ պետք է սառը մտածել և վախերը հաղթահարել:

Այո՛, շատ ճիշտ է գեղանկարիչ վարպետը. մեզանում ինչքա՜ն շատ մարդիկ ինքնաարտահայտման և հասարակության կողմից ընդունվելու կարիք ունեն: Ինչպես ասում է պարոն Պետրոսյանը․ «Նորը գրեթե միշտ անընդունելի է, բայց երբ գաղափարդ լավն է՝ ժամանակի ընթացքում այն իր ճանապահը հարթում է» :

Իսկ ինչո՞ւ է մեզանում՝ ժամանակը միայն բուժում, սովորեցնում: Միթե՞ չենք կարող մի քիչ բաց լինել աշխարհի նկատմամբ, ավելի աջակցող և նորը բացահայտելուն միտված՝ առանց հրաժարվելու սեփական արժեքներից: Ինչո՞ւ չենք կարողանում աջակցել շնորհալիներին և հիանալ նոր ուղիներ, ճշմարտությունների հայտնաբերմանը ձգտող մարդկանցով:

– Բա՞ց եք աշխարհի նկատմամբ:

Անկասկած, հատկապես մարդկանց առաջ: Որովհետև այն ինչ կա իմ մոտ՝ բնական է, թաքցնելու բան չունեմ: Այսպես չի եղել, շատ դժվար է հասնել այս կետին, բայց կյանքի      ընթացքում պետք է աշխատել, ինքնամաքրվել, ինքդ քո մեջ պայքարել: Ընդհանրապես կյանքի կարևոր բաղադրիչներից է ինքնապայքարը՝ հասնելու համար ճշմարտության:

Մի պահ պատկերացնենք, թե որքա՜ն ներդաշնակ և առողջ կհարաբերվեինք իրար հետ, եթե բոլորիս ինքնապայքարը հատվեր մի կետում, որի անունն է Ճշմարտություն…

Իսկ արվեստները, այդ թվում՝ գեղանկարչությունը, Ճշմարտության տանող մեկական մայրուղիներ են:

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like