Տատյանա Դարբինյան, ԾԻԼ համայնք, ԱՄՐՈՑ հիմնադրամ, Երեւան, 25 հոկտեմբեր 2025
Շատերի համար զարգացումը հաճախ զուգորդվումէ մայրաքաղաքի շենքերի բարձրությամբ, քաղաքի լույսերով ու շտապող մարդկանցով։ Բայց իրական Հայաստանը զարգանում է քաղաքային աղմուկից հեռու՝ գյուղերում, համայնքներում, որտեղ կյանքը դանդաղ է, բայց բովանդակալից։ Այստեղ մարդիկ գիտեն ինչ ասել է համբերել, կառուցել, ստեղծել ու մնալ արմատների կողքին։
Այդ կանայք, որոնց մասին հաճախ չեն գրում, սակայն հենց իրենք են պահում համայնքների շունչը՝ կրթում են երեխաներին, զբաղվում են ձեռագործությամբ, գյուղատնտեսությամբ, նախաձեռնություններ են իրականացնում ու նոր գաղափարներ բերում իրենց միջավայր։ Նրանք չեն փորձում փախչել դեպի մայրաքաղաք՝ ապացուցելով, որ ինքնադրսևորման ճանապարհը միշտ էլ հնարավոր է գտնել այնտեղ, որտեղ ծնվել ես։
Այս հոդվածում ես կպատմեմ այն կանանց մասին, որոնք համայնքներում ոչ միայն ապրում են, այլ կյանք են ներդնում՝ ցույց տալով, որ իրական ուժը երբեմն ծաղկում է հենց գյուղական/համայնքային հողում։
Չարենցավանի փոքր, բայց աշխույժ համայնքում ապրում է մի կին, որի պատմությունը ապացուցում է՝ երբեք ուշ չէ սկսել։ Հաղթահարելով կյանքի բազում դժվարություններ Անահիտ Ավագիմյանը իր կյանքը նորից վերաշարադրեց 50 տարեկանում՝ առանց մեծ կապերի, ներդրողների, բայց մեծ հավատով և փորձով, որը հավաքել էր տարիների ընթացքում։ Նա ընտրեց դժվար ճանապարհը՝ սկսել ամեն ինչ զրոյից։ Հավատալով սեփական ուժին՝ նա ստեղծեց իր փոքրիկ կարի արտադրամսը։ Ամեն ինչ ինքն է անում՝ կտորներ ընտրելուց մինչև կարի մեքենայի ձայնի տակ երկար գիշերներ անցկացնելը։ Արտադրամասը հիմնականում զբաղվում է տեքստիլ արտադրությամբ՝ էկո պայուսակներ, շապիկներ և այլն։ https://www.instagram.com/antian_factory/

Այսօր նրա արտադրամասը ոչ միայն ապրանք է ստեղծում, այլ նաև արժանապատիվ աշխատանքի հնարավորություն է տալիս կանանց, որոնք, ինչպես ինքն է ասում, «պետք է հավատան, որ իրենց կյանքը կարող է փոխվել հենց իրենց ձեռքով»։ Անահիտը հավատում է որ կանայք կարող են հասնել ցանկացած նպատակի՝ ջարդելով իրենց խոչընդոտ հանդիսացող բոլոր պատնեշները։
Արմավիրի մարզի Դաշտ գյուղում Միլենա Թևոսյանի առավոտները սկսվում են ոչ թե քաղաքի աղմուկով, այլ մեղուների թևերի մեղմ զրնգոցով։ Հինգ տարի առաջ նա ընտրեց մի ճանապարհ, որն այնքան իսկական է, որքան բնությունն ինքնին։ 2020 թվականի տեղահանումից հետո, կորուստների ու անորոշության միջից, նա վերադարձավ իր արմատներին՝ զբաղվելով մեղվապահությամբ՝ սերնդեսերունդ փոխանցված գործով, որն իր մեջ կրում է և՛ աշխատանք, և՛ ապրելակերպ։ https://www.instagram.com/mrov_honey/

«Փոքրուց շատ եմ սիրել մեղուներին, բայց նաև փոքր վախ ունեի․ մենք ընտանիքով ալերգիկ էինք, և ես միշտ մտածում էի՝ արդյոք կկարողանամ երբևէ մոտենալ նրանց։ Բայց տարիների ընթացքում սովորեցի՝ խայթվելով, աշխատելով, հասկանալով նրանց լեզուն։ Մենք սիրեցինք իրար»,— պատմում է Միլենան։
Միլենայի համար մեղվաբուծությունը լոկ աշխատանք չէ, այն երկխոսություն է բնության հետ՝ ներդաշնակության, համբերության և վստահության լեզվով։ Նրա պատմությունը հիշեցնում է, որ երբ սիրով ես մոտենում քո գործին, նույնիսկ ամենափոքր արարածը դառնում է ուսուցիչ։
Եթե Ձեր պատմությունը կարդան երիտասարդ աղջիկները, ի՞նչ կուզեիք փոխանցել նրանց․
— Մի վախեցեք կարծրատպերից, քննադատությունից եւ գիտելիքի պակասից, պետք է հաղթահարել սեփական վախերը ու առաջ գնալ դեպի երազանքը։
Մինչ Միլենան ներդաշնակություն է գտնում մեղուների թևերի զնգոցում, մեկ այլ կին՝ Կոտայքի մարզի Բջնի գյուղում, ներդաշնակություն է փնտրում հացի բուրմունքի մեջ։
Իրինա Թադևոսյանը ծնվել է 1967 թվականին և դեռ 20 տարեկանից հաց է թխում։ Սակայն որպես մշակույթ տարածող սկսել է 2019 թվականին։ Նա ապրում է Բջնիում, որտեղ պատմությունը շնչում է ամեն քարի մեջ։ Երեսուն տարի առաջ Իրինան և իր ընտանիքը տուն գնեցին հենց եկեղեցու հարևանությամբ՝ մի օր այնտեղ հաց թխելու ու զբոսաշրջիկներին հայկական լավաշի մշակույթը ներկայացնելու երազանքով։
«Ցավոք, ժամանակի ընթացքում հասկացա, որ ոչ միայն օտարերկրացիները կարիք ունեն մեր լավաշը տեսնելու, այլև հենց հայաստանաբնակները»,— ասում է նա։
Իրինայի աշխատանքի ամենասիրելի պահը հյուրասիրելն է․ հատկապես հղիներին։ Թոնրի բուրմունքը, կարծես, իր շուրջ է հավաքում բոլորին՝ հիշեցնելով, որ հայկական հացի ջերմությունը նույնն է՝ թե՛ գյուղում, թե՛ քաղաքում։ Սերը Հայրենիքի նկատմամբ նրան ուժ է տալիս կանգ չառնել ու շարունակել արարել։

«Ես հավատում եմ, որ…»,— իմ հարցը շարունակելով Իրինան պատասխանում է․— «Հայաստանս մոլորակի դրախտն է»։
Այս պատմությունները ապացուցում են, որ կյանքը միայն մայրաքաղաքներում չի բաբախում։ Այն ապրում է նաև գյուղերում՝ մեղուների փափուկ թևերի տակ, թոնրի բույրում, կարի մեքենայի ձայնի մեջ։ Նրանք կառուցում են ոչ միայն իրենց գործը, այլ նաև համայնքների ապագան՝ լցնելով այն ջերմությամբ, հավատի ու ստեղծագործ ուժի շնչով։
Երբ նայում ես նրանց աչքերին, հասկանում ես՝ Հայաստանը իր իսկական շնչով ապրում է հենց այստեղ՝ կանանց ձեռքերով ստեղծված աշխատանքի, սիրո ու համառության մեջ։
1 comment
Շնորհակալ ենք հայրենակիցների հայրենիքում կատարած աշխատանքներին մեր թանկարժեք ավանդույթները պահպանելու համար: Այն ընթերցողների համար, ովքեր կարող են այցելել պատմական Բջնի գյուղ, այն բնության սիրահարների դրախտ է՝ հարյուրավոր գեղեցիկ քրիստոնեական սրբավայրեր և հիասքանչ արշավների ու զբոսանքների վայրեր հայտնաբերելու բազմաթիվ հնարավորություններով: Պարտադիր է այցելել բազմաթիվ վայրերից — մի քանիսն են՝ Ձագ Քարի բարձրադիր բնության հուշարձանը, Սուրբ Մինասի բարձրադիր քանդակների այգին, մատուռը և զբոսանքի վայրը, և, իհարկե, Բջնիի 11-րդ դարի ամրոցը: