Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական գրավումը Եվրոպայի տեսանկյունից

Image Credit/Source: www.thedailybeast.com

Դավիթ Դավիթյան, Երևան, 17 դեկտեմբեր 2023

Ներքոհիշյալ գրությունը պատշաճեցված է անգլերեն բնագրից՝
Precedents for Europe on Azerbaijan’s Conquest of Nagorno-Karabakh

Չնայած տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման միջև անվերջ թվացող դասական բանավեճին, միջազգային իրավագիտությունը, այնուամենայնիվ, բոլոր ժողովուրդներին տալիս է ինքնորոշման իրավունք:

Միջազգային հանրությունը ենթադրաբար աջակցում  և ուշադրություն է դարձնում վերականգնողական տարանջատմանը: Միջազգային իրավունքի վերականգնողական տարանջատման դոկտրինը պետության մեջ գտնվող խմբին իրավունք է տալիս անջատվել և ստեղծել սեփական անկախ պետությունը՝ ի պատասխան մարդու իրավունքների կոպիտ և շարունակական ոտնահարումների կամ կենտրոնական կառավարության կողմից իրենց հիմնարար իրավունքների ժխտման: Այս գաղափարը վիճարկում է պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ավանդական սկզբունքները՝ ենթադրելով, թե որոշակի հանգամանքներում միջազգային հանրությունը կարող է ճանաչել որոշակի խմբի իրավունքը՝ անջատվելու իրենց հիմնական իրավունքները խախտող պետությունից:

Գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի հայերի վերականգնողական անջատումը, հաշվի առնելով, որ Կարմիր բանակը գաղութացրել էր Հարավային Կովկասը, և սովետական ղեկավարությունը 1921 թվականին 95% հայ բնակչություն ունեցող այս շրջանը դրել էր Ադրբեջանի իրավասության տակ: Թեև ինքնավար կարգավիճակով, Սովետները հանգստացնում էին հայերին, պատրանք տալով, որ նրանք հավերժ կունենան իրենց հողը: Սովետական վերահսկողության մեխանիզմից բացի, ինչո՞ւ համարյա մոնոէթնիկ տարածաշրջանի իրավասությունը տրվեց ռազմատենչ կողմին:

1915թ.-ին թուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը վերապրածների արդարության պահանջները ինչպես Խորհրդային Միությունը, այնպես էլ Թուրքիան պետք է ճնշեին՝ յուրաքանչյուրը պաշտպանելով իր շահերը: Թուրք-ադրբեջանական նոր էթնոսի ձևավորումը և Հայաստանի իրավասության տակ գտնվող տարածքների կրճատումը հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի տարանջատմանը 1921թ.-ին։ Մինչ օրս «հայկական» եզրույթը նվաստացուցիչ է ոչ միայն  թուրքական հասարակության մեջ, այլև Ադրբեջանում․ անձը որքան հայատյաց է, այնքան հայրենասեր է համարվում Ադրբեջանում: Այս սոցիալականացումը ամրագրված է ադրբեջանական կրթական համակարգում և այսօր արտահայտվում է Ադրբեջանի ղեկավարների խոսքում, որոնք կոչ են անում ամբողջությամբ վերացնել հայերին:

Ղարաբաղյան Առաջին պատերազմում (1988-1994 թթ.) Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների հարավում մինչև Իրանի սահմանը ձգվող ճանաչված ինքնավարության հասնելու Հայաստանի ձգտումները երբեք չեն իրականացվել՝ չունենալով անհրաժեշտ դիվանագիտություն «վերականգնողական անջատում» ձեռք բերելու համար: Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք հանդիսացավ գոյություն ունեցող խորհրդային սահմանների միջազգային ճանաչման համար: Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղը համարվում էր Ադրբեջանի կազմում: Հաշվի առնելով զգալի թվով էթնիկ խմբերի սահմանների հետ գրեթե յոթանասուն տարվա սովետական ձեռնածումները, այս հռչակագրի չընդունումը կստեղծեր սարսափելի քաոս, որը կարող էր տարածվել Եվրոպայի մեծ մասում: Նույնիսկ Ուկրաինայում Ռուսաստանի այսօրվա հատուկ ռազմական գործողության հետևանքով Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան և մյուսները պահանջներ են ներկայացրել Ուկրաինայի տարածքի նկատմամբ՝ առնվազն պահանջելով մշակութային ինքնավարություն իրենց համապատասխան փոքրամասնությունների համար: Այդպիսով Ալմա-Աթան կոդավորեց գոյություն ունեցող խորհրդային հանրապետությունների սահմանների միջազգային ճանաչումը՝ ստեղծելով ինքնավարության սահմանափակման և ԵՄ-ում պետական սահմանների նման անջատողական ինքնորոշման նախադեպ:

Երբ Ադրբեջանը 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում իր վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, տեղի ունեցավ միջազգային դիվանագիտական բանավոր վրդովմունք, բայց որևէ պետություն չընդդիմացավ Ադրբեջանի գործողություններին, որքան էլ բարբարոսական էին դրանք: Ադրբեջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ չկիրառվեցին, որևէ երկիր չօգնեց Լեռնային Ղարաբաղի հայերին, որոնք մեկ սերունդ առաջ իրենց հռչակել էին անկախ, ինքնակառավարող միավոր, թեև միջազգային ճանաչում չունեցող: Ադրբեջանի կասպյան գազի հսկայական պաշարների Եվրոպա արտահանումը կանխեց Բաքվի դեմ տնտեսական պատժամիջոցների ամեն հնարավորություն:

Չնայած Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ռուսաստանը որևէ օգնություն չի առաջարկել Հայաստանին կամ Լեռնային Ղարաբաղի հայերին, պնդելով, որ մարտը մղվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում: Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի յուրացումից բացի, մինչև 2023 թվականի ամառ, ադրբեջանական զինուժը զավթել էր գրեթե 150 քառակուսի կմ տարածք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված և Ալմա-Աթայի հռչակագրում նշված սահմանների ներսում: Հետագայում աշխարհի խոշոր տերությունները Ադրբեջանին ուղղված կոչեր հնչեցրին՝ հարգելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Ադրբեջանին մարտահրավեր նետող պետությունների շարքում էին ԵՄ-ի երկրները, հատկապես՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը և Չինաստանը: Մասնավորապես, Ֆրանսիան կոչ արեց դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանից։

Հայաստանի ինքնիշխանությանն աջակցության այս հայտարարությունները ուղղված էին պաշպանությանը ներկայումս ճանաչված սահմանների, այսինքն՝ պաշտոնական ազգային սահմանները, որոնք հաշվի չեն առնում ինքնորոշման իրավունքի միջազգային իրավաբանական դոկտրինը: Նույն պետությունները, ովքեր կոչ էին անում Ադրբեջանին ազատել ինքնիշխան Հայաստանի տարածքը, ամբողջական լռություն էին պահպանում Լեռնային Ղարաբաղի հարցում: Այդ պետությունները ցանկանում էին խուսափել անջատողական շարժումների և այլոց ինքնորոշման իրավունքի հռչակման առիթ ստեղծելուց: Եվրոպան ունի մոտավորապես հարյուր քսանհինգ գործուն, հստակ անջատողական շարժումներ, որոնք հետևանք են առաջին համաշխարհային պատերազմից հետո պետական սահմանների մոտավորապես երկու հարյուր հիսուն փոփոխություններին: Ազգային կառավարությունները վախենում են տարածքի նկատմամբ վերահսկողության, օգտակար հանածոների և բնական պաշարների հասանելիության կորստից, ռազմական հզորության և ինքնիշխան սահմանները պաշտպանելու կարողության թուլացումից և նմանօրինակ այլ մտահոգություններից:

Եվրոպայում անջատողականությունն ու տարածքային հայրենասիրությունը լայնածավալ և բազմակողմանի են, ինչի մասին վկայում են Կատալոնիան, Բասկերի շրջանները՝ Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանների երկայնքով, Շոտլանդիան, Ֆլանդրիան և այլն: Մյուս շարժումներն եռանդուն հետապնդում են տարածաշրջանային ինքնավարություն, հատկապես Իտալիայի Լոմբարդիայում և Վենետոյում, որտեղ պահանջում են կառավարել՝ հաշվի առնելով տեղի ժողովրդի շահերը՝ համաձայն սեփական նախաձեռնությունների: Վերջին տարիների մյուս անջատողական շարժումները նպաստել են դե ֆակտո կարգավիճակ ունեցող կառույցների ստեղծմանը, ինչպիսին է Կոսովոն (ՆԱՏՕ-ի ստեղծմամբ) և Թուրքիայի ընդլայնված ներկայությունը Հյուսիսային Կիպրոսում:

Հասկանալի է, որ Եվրոպայում, բացի ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյի հարկադիր ստեղծումից, որպես Ռուսաստանի դաշնակից Սերբիայի նսեմացման միջոց, կա հստակ ճնշում՝ չստեղծելու որևէ հաջող անջատողական կամ վերաինտեգրման շարժումների առիթ: Այսպիսով, զարմանալի չպետք է լինի, որ Եվրոպան ոչ միայն ճնշում չգործադրեց Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու իր 2020 թվականի պատերազմը, այլև աչք փակեց, երբ ադրբեջանական զինուժը 2023թ.-ին 120.000 հայերի բռնի ուժով վտարեց։

Փաստաթղթերը, ինչպիսին է ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյի ալբանացիներին «սերբական ճնշումներից» «ազատագրելու» պատրվակ օգտագործված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, կարծես թե անտեղի էին 2023 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը 120.000 հայերի արտաքսեց Լեռնային Ղարաբաղից: Ավելի վատ կլիներ 120 հազար արցախահայության ամբողջական ոչնչացումը։ 120.000 հայերի բռնի տեղահանումը ենթադրում էր ամբողջ տարածաշրջանի լայնածավալ ֆիզիկական շրջափակում, սով, ջրամատակարարման դադարեցում, էլեկտրականության ու կապի անջատում և մշտական հարձակումներ խաղաղ հայերի դեմ: Այս գործողությունները, բոլորն էլ, ցեղասպանության դրսևորումներ են ըստ միջազգային իրավունքին:

Գոյություն ունեցող աշխարհակարգին ձեռնտու չէր, որ Արցախի Հանրապետությունը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի հաջողությամբ ճանաչված միավոր, չնայած հայկական աշխուժ կամ իրավասու դիվանագիտության ահավոր բացակայությանը: Այսպիսով, Ռուսաստանը, իր սեփական շահերից, իսկ ԵՄ-ը նախադեպ ստեղծելու վախից ելնելով, դիտեցին, թե ինչպես էր Ադրբեջանը իրագործում Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները: Միջազգային աշխարհաքաղաքական շահերը գերակշռում են մնացած ամեն ինչին։

Չնայած անջատողական շարժումների դիմադրությանը, ազգերի վերոհիշյալ ցանկության մեկ այլ կողմ կա: Քանի որ երկրները պայքարում են աշխարհի բնական պաշարների հասանելիության և վերահսկման համար, Եվրոպան հատկապես գիտակցում է իր խոցելիությունը և կախվածությունը Արևելքից՝ իր էներգիայի համար:

Ուկրաինայում ԱՄՆ-ի հրահրումների և Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի անողոք ճնշումների դիմաց Եվրոպայի միամիտ և անպարկեշտ վերաբերմունքի հետևանքով, Եվրոպան եռապատիկ-քառապատիկ ավելի թանկ է գնում ռուսական էներգակիրներ, որոնք այժմ մատակարարվում են Ադրբեջանով և Թուրքիայով անցնող խողովակաշարերով: Ադրբեջանին վրդովեցնելը վտանգավոր քայլ կլիներ Եվրոպայի համար:

Բաքուն, ոգևորված միջազգային հանրության սառը անգործությունից և խրախուսված Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագրերից, ինչպես նաև Ռուսաստանի՝ հայերին արհամարհելու պատճառով, ուժեղացնում է իր հռետորաբանությունը և պնդում, որ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի հարավային հատվածն իսկապես մտացածին ադրբեջանականի մի մասն է։

Հավանաբար, տարածաշրջանային անկայունության վախից, որը կարող է ողջ Կովկասում, Հարավային Կովկասում և նույնիսկ Մերձավոր Արևելքում վերածվել լայնածավալ քաոսի և պատերազմի, ԱՄՆ-ն սկսել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ 2023 թվականի Հայոց պաշտպանության ակտի տեսքով: Զուգահեռաբար Ֆրանսիան և Հնդկաստանը Հայաստանին վաճառել են ռազմական տեխնիկա։ Բաքուն հակադարձել է՝ փակելով USAID-ի գրասենյակը Ադրբեջանում։ Այս ճնշումը, հավանաբար, պետք է ստիպեր Ադրբեջանին խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ համարելով, որ Բաքուն  հետագա նախահարձակման համար պատրվակներ է ստեղծում Հայաստանի վրա լայնածավալ ներխուժման համար՝ խախտելով վերջինիս ճանաչված տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի վրա ճնշումը և դեպի Հայաստան արևմտյան ակնհայտ ուղղվածությունը խրախուսում են Հայաստանին՝ է՛լ ավելի հեռանալ իր ռուսական ուղեծրից:

Դավիթ Դավիթյան Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս է: Նա ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է տեխնիկական հետախուզական վերլուծություններ անելով տեխնոլոգիական խոշոր ընկերություններում: Բնակվում է Երևանում:

 

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like