ԳԵՂԱՄԱՆՐԱՆԿԱՐԻՉ ԵՍԱՅԻ ՇԱՀԻՋԱՆՅԱՆ

1939-1987

Գրիշ Դավթյան, Գլենդել, Կալիֆորնիա

Եսայի Շահիջանյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 24ին, Նոր Ջուղայում, Իրան։ Տարրական կրթությունը ստացել է տեղի պետականացված նախկին հայոց Կենտրոնական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվում է Սպահանի Գեղարվեստից ուսումնարանի գեղարվեստական նկարչության բաժանմունքը, 13 տարեկանում, աշակերտելով ժամանակի պարսիկ հայտնի գեղանկարիչներ Ռոստամ Շիրազիին և Հաջ Մոսավար օլ Մոլքին։ Նախքան այդ էլ նա սկսել էր տպագիր գեղանկարներից մատիտով ընդօրինակումներ անել, որոնցից երևում էին պատանու նկարչական հետաքրքրությունները և սերը։ Ուսումնառության տարիներում նա ծանոթանում է նորջուղայեցի, իրանահայ հայտնի գեղանկարիչ Երվանդ Նահապետյանի հետ, սկսում է այցելել նրա աշխատանոցը, երբեմնակի գեղանկարչական փորձեր անելով նրա մոտ, յուրացնում է վարպետի տարիների փորձառությունը։

Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը ավարտում է բարձր գնահատականով, ավելի կենտրոնացած գեղարվեստական մանրանկարչության վրա։ Ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Լիբանան, բայց երկու տարուց հետո վերադառնում է Սպահան, Նոր Ջուղա, և արդեն որպես գեղանկարիչ աշխատանքի է մտնում Իրանի Մշակութային ժառանգությունը պահպանող պետական հիմնարկության մեջ։ Գործուղվում է Իրանի պատմական պալատների որմնանկարների վրա հին գեղանկարների նորոգման ու գույների թարմացման աշխատանքին: Վարպետանում է, ցուցաբերում է աննախադեպ հաջողություն․ այնպես որ հիմնարկությունը նրան նշանակում է իտալական ԻԶՄԷՕ կազմակերպության որմնանկարների նկարիչների խմբի հետ՝ աշխատելու Պրոֆեսոր Ռոբերտո Չերբինոնի հետ, որն այդ օրերում Իրանում ղեկավարում էր ԻԶՄԷՕ-ն։

Եսայի Շահիջանյանը աշխատում, վերականգնում և թարմացնում է Սպահան քաղաքի՝ Ալիղափու, Չեհել Սոթուն, Հաշթ Բեհեշտ պալատների, Նոր Ջուղայի մի քանի եկեղեցիների, Նաին քաղաքի՝ Փիրնիա տան, Շիրազ քաղաքի՝ Ղավամ նարինջստանի,  և Ղազվին քաղաքի  պատմական կոթողների որմնանկարները։ Պատմական կոթողների որմնանկարների վրա աշխատանքի ընթացքում նա նաև ուսումնասիրում է դրանց ձեվավորման գեղանկարչական ոճը, գույների համադրության ճաշակը և կիրառված փորագրումների ու քանդակների յուրահատկությունները։ Նա դարձավ պարսից Սաֆավիյան և Ղաջարական հարստությունների (դինաստիաների) նկարչության ճանաչված հեղինակություն։ Նա վերականգնեց Սաֆավիյան պատմաշրջանի նկարչական ոճը, որով նա գեղազարդեց Սպահանի Աբբասյան հյուրանոցի սրահները, մայրաքաղաք Թեհրանի Քոսար հյուրանոցը, պատվերով ստեղծագործեց Նյու Յորքի՝ Վալդորֆ և Աստորիա հյուրանոցների գեղանկարված պաստառները։ Ղաջարական հարստության ծաղիկների ու թռչունների նրա վերականգնած և իրագործած գեղանկարները հիացմունքով համարվում են տվյալ ոճի բնորդներ։ Իտալական ԻԶՄԷՕ կազմակերպությունը նրան պարգեվում է մասնագիտական վկայական, իսկ նրա դպրոցը՝ Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը՝ Պրոֆեսորի կարգ ու կոչում է շնորհում նրան։

Եսայի Շահիջանյանը հեղինակային նորույթ մտցրեց իրանական մանրանկարչության մեջ։ Մանրանկարչությունը տափակ նկարչություն է, ներկայանում է հարթ տարածքով, չունի խորք։ Նա խորք ստեղծեց տափակ մանրանկարչության մեջ, որ իրանական դարավոր նկարչական գեղարվեստում հսկայական պատմական նորույթ եղավ։

Ամուսնացավ ու բախտավորվեց երկու զավակներով՝ աղջիկ ու տղա։

Այդ տարիներում, իր աշխատանքի շրջանակում, նա ծանոթանում ու մտերմանում է, Իրանում գտնվող հռչակավոր արեվելագետ Արթուր Պոպի հետ, որ դառնում է նրա գեղարվեստի և իրագործումների հիացողներից մեկը։

Տարիների աշխատանքների ավանդությամբ հարուստ ու հռչակված, նա իր սեփական գեղանկարչական գործին զուգահեռ վերադառնում է իր սիրելի Սպահանի Գեղարվեստից ուսումնարանը, որպես պրոֆեսոր, սովորեցնելու իր կախարդական գեղարվեստը երիտասարդ սկսնակներին։ Մանրանկարչություն է ուսուցանում նաև Սպահանի Պարդիս համալսարանում։

Նոր Ջուղայի ազգային և հասարակական կյանքում նա ներկա էր իր գեղարվեստով։ Պարմանությունից նա անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, սկսյալ պատանեկան խմբերից։ Նա իր մի գեղանկար ստեղծագործությունը նվիրում է Նոր Ջուղայի Հայ Դատի հանձնախմբին, որ վիճակահանությամբ գումար է ապահովում նույն հանձնախմբին։

Եսայի Շահիջանյանի բազմաթիվ գեղամանրանկարչական ստեղծագործությունները սփռված են բազմաթիվ վայրերում։ Սպահան և Նոր Ջուղա այցելող ամերիկացիներ և եվրոպացիներ այցելում էին և գնում։ Այնպես որ ցրիվ են բազմաթիվ անհատական հավաքողների մոտ։ Նրա  արժանավոր կողակիցը՝ Ստելլան, մինչև վերջերս էլ նկարահանդեսներ էր կազմակերպում սփյուռքից՝ հայրենիք։ Այնուամենայնիվ Եսայի Շահիջանյանի ստեղծագործական ժառանգությունը ավելի ճանաչված է իրանական հասարակության տարածքում։

Սպահան՝ Եսայի Շահիջանեանի կիսանդրին

Ավաղ, պատմական կոթողների որմնանկարների նորոգումները դարձան ճակատագրական։ Գաճով սվաղված հին պատերի քերումների աննկատ փոշին և գույների թարմացումները նրան վարակեցին թոքերի քաղցկեղով, որը անգթորեն խզեց Եսայու դեռ երիտասարդ կյանքը 1987 թվականի դեկտեմբերի 19ին․ ընդամենը 48 տարեկան հասակում, նա մահացավ Նոր Ջուղայում։ Բազմահազար ժողովուրդ սգաց նրա մահը։ Ծովածավալ հուղարկավորությունը քայլեց Նոր Ջուղայից մինչեվ Հայոց գերեզմանատունը, հանգստարանը: Նրա աշակերտները ուսամբարձ տարան իրենց սիրելի վարպետի դագաղը։ Իրանի գեղարվեստից նախարարը դամբանական խոսեց․ գնահատեց Եսայուն, որպես այն մեծագույն գեղամանրանկարիչը, որ ամենախորքային ոճը զարգացրեց իրանական գեղամանրանկարչության մեջ, վերջին երեքհարյուրամյակի ընթացքում։ Դամբանական խոսեց Նոր Ջուղայի մեծ բանասեր և պատմաբան Լևոն Գ․ Մինասյանը և ուրիշներ։ Գլենդելում նրա եղբայրները և հարազատներս, հոգեհանգիստ կատարեցինք ու սուգ արինք։

Իրանի Գեղարվեստագետների խորհուրդը Եսայի Շահիջանյանի գեղանկարչական ստեղծագործությունների ժառանգությունը ուսումնասիրելով, ետ մասնագիտական քննարկման, նրան ճանաչեց իբրև առաջնակարգ գեղարվեստագետ, ետ մահու նրան պարգեվեց Գեղարվեստի Դոկտորայի տիտղոսով:

Դոկտոր-Պրոֆեսոր Եսայի Շահիջանյանի կիսանդրին զետեղված է Սպահանի Գեղարվեստից ուսումնարանի պարտեզի Վարպետների ճեմելիքում, որտեղ նա իր պատվանդանից հսկում է հասակ առնող գեղանկարիչներին։

Ես ու Եսային հորեղբոր զավակներ ենք․ ես՝ թոռ, Եսային՝ ծոռ հարաբերակցությամբ։ Մեր գերդաստանի մոտավոր տարեկից տղաներ խմբով, ընկերներ, հարազատներ էինք․ դե՛, տարիքիս բերումով նրանց մեծություն էի անում։ Ինչ խոսք, երբեմն էլ ապտակով պատժում։ Վերջին անգամ հանդիպեցինք 1985 թվականին, ընտանիքով Նոր Ջուղա էինք գնացել: Հյուր եղանք նրա տանը, ապա միասին ընտանիքներով մեր ավտոներով, գնացինք Նոր Ջուղայի Փերիա գավառի մեր տոհմական Բոլորան գյուղի մեր պապենական խրճիթը։ Պատմեցի նրան, որ ընտանիքով գաղթելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Տրտմությամբ ամպեց․ ասաց, որ ինքը ընտանիքով կներգաղթի հայրենիք։ Այն ժամանակներում Խորհրդային Միության հյուպատոսարանի խորհրդահայ հյուպատոսը մերժել էր իմ դիմումը հայրենիք այցելելու։

Leave a Reply

Comments containing inappropriate remarks, personal attacks and derogatory expressions will be discarded.

Your email address will not be published. Required fields are marked *

You May Also Like